«Այս շարժման, պայքարի գեղեցկությունն այն է, որ կունենա ներգրավողներ եւ լքողներ: Մարդիկ, որոնք է՛լ ավելի հաստատակամ, հավատքով ու համոզմունքով են, եւ մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով հուսախաբված են…Վստահ եմ, որ այդ հուսախաբվածները ճիշտ ժամին էլի հետ կգան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ հավաքված էին նրա աջակիցները:
Ի թիվս այլնի, անդրադառնալով Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմությանը հակադրելուն եւ Փաշինյանի այն արտահայտությանը, թե Հայոց պատմությունը պետության չգոյության պատմություն է, Սրբազանն ընդգծեց. «Ես միայն վերջին շրջանում եմ ստիպված եղել դատարկաբանությունները մեկնաբանել: Երեք համալսարան ավարտած լինելով՝ ինձ համար ահռելի դժվար է փորձել մեկնաբանել այնպիսի դատարկաբանությունը, որը մտքի թռիչքի գերագույն աստիճանն է, երեւի պետք է չորրորդն էլ ավարտեմ, որ կարողանամ մեկնաբանել: Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինել եւ դա հռչակել ահռելի մեծ գործ, սա այն իմաստազրկված նկարագիրն է, որ ինքը եւ իրենք ունեն: Չարիքը այլ ձեւով չի լինում…»:
Անդրադառնալով Կիրանցում բետոնե բաժանարար պատ կառուցելուն՝ սրբազանը նշեց. «Մեզ համար այս ամբողջ ընթացքը չի ավարտվում ոչ Կիրանցում, ոչ Ոսկեպարում, ոչ էլ Հայաստանի մեկ այլ կետում: Սա շարունակական գործընթաց է, որ տեղի է ունենում մեր կյանքում: Եվ մենք այն ոչ միայն կանխելու, այլեւ մեր կյանքը վերականգնելու մասին ենք մտածում: Այս պահին իրենք Կիրանցում պատ կդնեն, մյուս օրը այլ բան կփորձեն անել, բայց խնդիրն այնտեղ չի լուծվելու, ոչ էլ ավարտվելու է…Հակազդեցությունը լինելու է այն, որ այս մարդիկ պետք է հեռանան»:
Նա արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի էլ պատասխանեց: Բագրատ սրբազանի ձեւակերպմամբ. «Իրենց (իշխանությունների-Գ.Հ.) արտաքին քաղաքականության շնորհիվ մենք վեց տարում հայտնվեցինք գրեթե մենակության մեջ՝ բոլոր կողմերից, նույնիսկ այդքան տարփողված ամերիկյան օժանդակության ներկայության իմաստով…Նրանք Հայաստանի շահը չեն հետապնդելու: Նրանք հետապնդելու են իրենց շահը, աշխարհաքաղաքական շահը, որը ահռելի խնդիր է մեզ համար: Նոր դաշնակիցներ եւ բարեկամներ ձեռք բերելու քաղաքականությունը պետք է լինի հայկական օրակարգից բխած քաղաքականություն»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ