Երբ քայլ առ քայլ անդունդ ենք գլորվում, երբ ոչ միայն մեր երկրի, այլ մեր ողջ ժողովրդի լինել, չլինելու հարցն է կշեռքի նժարին դրված պետք է վերջապես հասկանանք, որ շարունակել այսպես այլևս չի կարելի: Որ առանց աշխարհով մեկ մեր ուժերի համախմբման, առանց մեզանից արժեք ներկայացնելու, առանց այդ արժեքը գնահատող դաշնակիցներ գտնելու, առանց ուղենիշի, հենց այնպես հոսանքին տրված գնալով, կործանման ենք մեզ դատապարտում: Եւ պետք է վերջապես հեռուն տեսնելով ելքի, փրկության ճանապարհը ընտրենք:
Պատմության ընթացքն էլ իր օրինաչափությունները ունի:
Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ լայնամասշտաբ պատերազմ է ընթանում Ուկրաինայում և մարտնչող կողմերը մեզնից էլ դիրքորոշման հստակ պատասխան են պահանջում, մենք ստիպված ենք, պետք է վերջապես որոշում ընդունենք՝ ում հետ դեպի ուր ենք գնալու, մեզ վրա ինչ պարտավորություններ ենք վերցնելու:
Կողմնորոշման այդ խնդիրը մեզ համար այժմ կենաց մահու խնդիր է դարձել: Եւ բնական է, որ մեր գործիչները, վերլուծաբանները ամենայն խորությամբ, ամենայն պատասխանատվությամբ պետք է դա հաշվի առնեն:
Կարդացեք նաև
Հասկանան որ մեր ժողովրդի ապագային առնչվող խնդիրները լուծելիս պետք է ազատվել անցյալից ժառանգված անհիմն կարծրատիպերից: Որ Պատմության ընթացքն էլ իր կարգ ու կանոնը, իր օրինաչափությունները ունի: Որ թվացյալ շեղումներն էլ ընդունված այդ կարգից թույլատրվածի սահմաններում է միայն լինում: Եւ ամեն ինչ չէ, որ տվյալ պահին ապրողների նյութական շահերով է միայն պայմանավորված:
Որ մարդիկ՝ ղեկավարներն էլ ընդամենը սոցիալական էակներ են և ինքնուրույնության թույլատրվածի չափով են միայն գործում:Որպես կանոն անում են այն ինչ նրանցից պահանջվում է, սահմանված է, ամրագրված է: ԻՆչը նրանց տվել, սովորեցրել, ուղղորդել, թելադրել է տվյալ հանրությունը իր մշակույթով, մարդկությունը իր քաղաքակրթությամբ:
Պետք է վերջապես հասկանալ, որ Մարդկությունը ինքն էլ ամբողջական սուբյեկտ է: Եւ բացի ժառանգաբար փոխանցվող, իր տեսակին բնորոշ բնազդային պահանջներից, նա առաջին հերթին մարդկանց ուղղորդում, ղեկավարվում է այս կամ այն կերպ ամրագրվող, հազարամյակների մեջ ինքնակատարելագործվող, սերնդե-սերունդ փոխանցվող իր մշակույթային արժեքներով: Այն տեղեկատվական, ինֆորմացիոն համակարգով, որը քաղաքակրթություն է կոչվում: Եւ որի ազդեցության լծակների ամրապնդման համար ձևավորվում և աստիճանաբար ավելի մեծ դերակատարում են ստանում միջազգային կարգավորման մարմիններ:
Եւ բնական է, որ ամեն ինչ չէ, որ տվյալ պահին ապրող առաջնորդների, կամ այս կամ այն երկրների նյութական կամ այլ շահերով է միայն պայմանավորվում:
Քաղաքակրթության առաջընթացի հրամայականով է ի վերջո մրցակցության և համագործակցության կանոնները սահմանվում, պատմության ողջ ընթացքը կարգավորվում, որոշվում ովքեր են մնալու, ովքեր են հեռանալու թատերաբեմից:
Երբ այժմ կողմնորոշման այդ հարցից է կախված մեր երկրի, մեր ժողովրդի և ներկան, և ապագան, մենք պարտավոր ենք, բոլոր կողմերից քննելով միայն դրան անդրադառնալ: Հաշվի առնել թե աշխարհը ինչ քայլերով դեպի ուր է ընթանալու: Ինչ կկատարվի եթե մենք համաքայլ չքայլենք:
Եւ եթե աշխարհընկալման նաև այդ տեսակետից դատենք, ակնհայտ կդառնա, որ Արևմուտք, Ռուսաստան հակամարտությունը Ուկրաինայում լոկ նյութական, կամ տարածքային խնդիրներով չէ միայն պայմանավորված:
Ժողովրդավարության և ավտորիտարիզմի դրական և բացասական կողմերը ճշտելու, այդ մոտեցումներով կառավարվող երկրների ուժերը, կարողությունները, համագործակցման, փոխաջակցման հնարավորությունները գնահատելու նպատակով է ծավալվել՝ ցավոք մարդկային և նյութական ահավոր կորուստներով ընթացող այդ պատերազմը:
Եւ բնական է, որ այդ հակամարտության ընթացքի գնահատականներից է կախված լինելու նաև թե այն ինչպիսի ավարտ կունենա: Աշխարհաքաղաքական զարգացումների, համաշխարհայնացման գործընթացների ուղղվածության, վրա այն ինչպես կազդի:
Նկատի ունենալով, որ արդեն հավաքական արևմուտքը ակնհայտորեն ցույց է տվել միաբանվելու իր ունակությունը, իսկ նրա գումարային ուժն ու կարողությունները անհամեմատ ավելին են՝ քան Ռուսաստանինը: Եւ Արևմուտքի ազդեցության լծակները օր օրի ավելի են ամրապնդվում, իսկ Կրեմլինը ընդհակառակը շարունակաբար թուլանալում են.
Նկատի ունենալով նաև, որ արժեքային այն համակարգը որով ղեկավարվում է Քաղաքակիրթ աշխարհը որքանով է մերին մոտ և որքանով մեզ համար ընդունելի.
Եւ որքանով այդ աշխարհին անդամագրվելը կնպաստի մեր ինքնության պահպանմանը, աշխարհով մեկ մեր ուժերի համախմբմանը.
Կարելի է համոզված պնդել, որ մեր համար էլ Արևմտյան կողմնորոշման ընդունումը այլընտրանք չունի: Եւ մեզ մնում է միայն այն հարցերը ճշտել` թե Կրեմլի կախվածությունից ինչպես ազատվել, քաղաքակիրթ աշխարհին ինչպես անդամագրվել:
Ի հարկ է այդ կողմնորոշման ընդունումը և մեր երկրի, և մեր ողջ ժողովրդի ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային շահերից է բխում: Եւ պարզ է նաև, որ այն էապես կնպաստի և մեր պաշտպանական համակարգի ամրապնդմանը, անվտանգության ապահովմանը, կսահմանափակի, նվազագույնի կհասցնի նաև Ռուսաստանից սպասվող վտանգները:
Բայց Քաղաքակիրթ աշխարհին անդամագրվելու մեր ցանկությունը դեռ բավարար չէ: Այդ աշխարհը առաջին հերթին ղեկավարվում է զարգացման, քաղաքակրթության առաջընթացի ապահովման իր սկզբունքներով:
Եւ այլ երկրներ հետ իր հարաբերությունները կարգավորում է հաշվի առնելով այն թե նրանք ինչի են ընդունակ, ինչ կարգով ինչպես են կառավարվում:
Եւ քանի որ ժողովրդավարական նորմերով կառավարվող երկրների հետ նա համագործակցելու շատ ավելի լայն հնարավորություններ կունենա և հեռանկարում դա իր համար նյութապես էլ է շատ ձեռնտու, օգտակար կլինի.
Արևմուտքը առաջնահերթությունը միշտ ուղղորդման քաղաքականությանն է տալիս, համոզված,որ հետագայում տնտեսապես էլ կշահի: Եւ այդ պատճառով՝ երբեմն նույնիսկ լուրջ ծախսեր անելով օգնում են նրանց ովքեր ի վիճակի են, էապես կնպաստեն ժողովրդավարական բարեփոխումների տարածմանը:
Եւ բնական է, որ քաղաքակիրթ այդ աշխարհը մեր երկրի, մեր ժողովրդի կարիքը կունենա այն դեպքում միայն եթե մենք հստակորեն որդեգրենք այդ ուղին, մեր տարածաշրջանում այդ խնդրով պահանջվող դերակատարում մեր վրա ստանձնենք:
Ցավալի է սակայն, որ սակավաթիվ բնակչությամբ, հնամաշ քայքայված տնտեսությամբ, թեր զարգացած կրթական համակարգով և շատ ու շատ հարցերով հյուսիսից դեռ կախված մեր երկիրը այնքան ուժ ու կարողություններ չունի, որ կարողանա մեր տարածաշրջանում դառնա ժողովրդավարության տարածման հուսալի կենտրոն: Մինչև իրեն չկարողանա կարգի բերել: Աշխարհասփյուռ իր հայրենակիցների աջակցություն չկարողանա ստանալ:
Մենք ստիպված ենք, պետք է հաշվի առնենք, որ քաղաքակիրթ աշխարհի համար մեր երկիրը այս մակարդակով առանձնապես մեծ արժեք իրենից չի ներկայացնի, եթե չազատվի կախվածությունից, այլոց վրա ազդելու իր կարողությունները էապես չավելացնի:
Իսկ դրա հնարավորությունը հիմա դեռ ունենք:
Հայ ժողովուրդը միայն հայաստանաբնակները չեն: Մենք 8 միլիոնից էլ ավելի մեծ Սփյուռք ունենք: Եւ այդ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից շատ շատերը կրթվածության բավական բարձր մակարդակ ունեն և վաղուց արդեն լավ սովորել են ուրիշների լավին էլ ավելացնելով իրենցը՝ մեր ազգին բնորոշ քննելու, արժանին ընտրելու ունակությունը՝ կարողանում են ընդհանուրի առաջընթացի, զարգացման համար էլ արժեքավոր, լուջ բարիքներ ստեղծել:
Որպես կարող ժողովուրդ Մենք դեռ պետք ենք մարդկությանը:
Եթե իհարկե կարողանանք ժողովրդավարական նորմերի ամրագրմամբ աշխարհով մեկ ի մի բերել, համախմբել մեր ժողովրդի գումարային ողջ ներուժը: Ձևավորել նպատակային գործունության ունակ, հեռակառավարվող համազգային կառույցների միաձուլ, կարող մեր համակարգը՝ մեր Ազգ կազմակերպությունն՝ Իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստանով՝ ինքնապաշտպանության կազմակերպման համահայկական ուժային իր կառույցներով.
Համակարգ որը՝ ինքն էլ խիստ շահագրգռված լինելով, որ ամենուր.
. Դատապարտվի բռնատիրությունը, քսենոֆոբիան և ռասիզմը.
. Ազգային առանձնահատկությունների պահպանման, փոքրամասնությունների իրավունքների, օրինական շահերի պաշտպանություն պահանջները կատարվեն.
. Հավասար պայմաններ ապահովվի անխտիր բոլորի համար.
Իր վրա պարտավորություն կվերցնի պայմաններ ստեղծել, որ ճուղավորման լայն ցանցով իր կազմավորումները, մեր հայրենակիցները իրենց համայնքներում ժողովրդավարական այդ արժեքների տարածմանը հնարավորնս նպաստեն:
Եւ որը ուժային իր կառույցները գործի գցելով կնպաստի նաև մեր երկրի ինքնիշխանության, անվտանգության ապահովմանը, հնարավորություն կտա նրան ժողովրդավարական արժեքների տարածման խնդրով տարածաշրջանում ավելի լուրջ դերակատարում ունենալ:
Ի հարկ է Քաղաքակիրթ աշխարհի համար դա շատ ընդունելի տարբերակ կլինի: Եւ բնական է, որ այդ աշխարհի երկրները ոչ միայն չեն խոչընդոտի, այլ ամեն կերպ կաջակցեն, որ համազգային մեր այդ կազմավորումը որքան հնարավոր է արագ ձևավորվի, կարողանա արդյունավետ գործել:
Եւ քանի որ որպես կանոն նրանք աշխատում են, որ իրենց զինված ուժերը այլոց կոնֆլիկտների մեջ անմիջականորեն չներգրավվեն, բայց մյուս կողմից փորձում են թույլ չտալ, որ ուժի կիրառմամբ խնդիրներ լուծվեն:
Նրանք դեմ չեն լինի, մեզ կաջակցեն նաև, որ օրինակ Ֆրանսիայում կամ Ամերիկայում մեր ազգակիցների կողմից գրանցվի մասնավոր ռազմականացված մի այնպիսի կազմակերպություն որը իր առջև խնդիր կդնի՝ օգնել այլ երկրներին իրենց անվտանգության և սահմանների պաշտպանության հարցում:
Եւ որը բնական է ձևավորվելով որպես համահայկական ուժային կառույց առաջին հերթին նա կնպաստի մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, արդիականացմանը:
Անդրադառնալով այն հարցին թե երբ Քաղաքակիրթ աշխարհը մեր առջև իր դռները ավելի լայն կբացի և նշելով որ մեր մեծ Սփյուռքը ինքն էլ է խիստ շահագրգռված, որ որ ամենուր ժողովրդավարական մոտեցումները, նորմերը կյանքի կոչվեն, ցավով պետք է արձանագրել, որ մեզանում շատերը աշխարհընկալման, աշխարհաքաղաքական զարգացումների, համաշխարհայնացման գործընթացների մասին այնքան թյուր, հաճախ էլ սխալ պատկերացումներ ունեն, որ չեն ուզում, չեն էլ փորձում հասկանալ թե մշակույթային իրենց առանձնահատկություններով ձևավորված, ինքնավերարտադրության ունակ մարդկանց կազմակերպված խմբերի, ժողովուրդների, նրանց պետությունների կարողությունների ստուգման, մրցակցություն, պատերազմների իրական պատճառը որն է. քաղաքակրթության զարգացման համար ինչ դեր ու տեղ է հատկացված այդ կազմավորումներին:
Եւ ինչու քաղաքակիրթ աշխարհը ներկայումս՝ ի տարբերություն ավտորիտար ռեժիմների, բազմամշակութային միջավայրի առավելությունները հաշվի առնելով ոչ միայն չի փորձում բոլորին մի ընդհանուր հայտարարի բերել, այլ ընդհակառակը ամեն կերպ աջակցում է նրանց առանձնահատկությունների պահպանմանը, զարգացմանը, եթե դա չի վերաճում քսենոֆոբիայի:
Իսկ «Ռուսկիյ միրի» մեծապետական հակումներով, շովինիզմով տառապող Կրեմլը՝ ընդհակառակը իր և այլոց պատմության ընթացքը, կարողությունները, նվաճումները, միտումնավոր կեղծելով, խեղաթյուրելով իրականությունը ամեն կերպ փորձում է ապազգայնացնել, հեռացնել իրենց ազգային ակունքներից, թուլ չտալ, որ կարողանան պահպանել, զարգացնել իրենց ինքնությունը, իրենց առանձնահատկությունները.
Ինչը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե Արևմտյան կողմնորոշման ընդունումը որքան կարևոր է մեր ողջ ազգի, մեր այս երկրի համար: Եւ ինչ է մեզ սպասվում եթե նորից սխալվենք, շարունակենք մնալ Կրեմլի ազդեցության գոտում:
Իրոք ցավալի է, որ մեր ներկայիս իշխանությունները՝ իրենց մտավոր կարողությունների պակասի, շահադիտական, կամ անընդունելի այլ պատճառներով անընդհատ խուսափում են կողմնորոշման այդ հարցի մասին իրենց վերջնական, հստակ դիրքորոշումը հայտնել:
Եւ քանի որ հապաղել այլևս չի կարելի: Քաղաքակիրթ աշխարհը մեզանից օր առաջ է պատասխան պահանջում: Ժամանակն է, որ մեր ժողովուրդը իր հավաքական կամքը ցուցադրի: Եվրաինտեգրմանը հայտ ներկայացնելու հարցին հանրաքվեով այո ասելով իր անբեկանելի որոշումը ամրագրի և պահանջի, պարտադրի դրա կատարումը:
Արշակ Սադոյան