Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ իրականություն մենք ստեղծենք, դրան էլ աշխարհը պատասխան կտա»․ Բագրատ Սրբազան

Հուլիս 11,2024 17:52

Բագրատ Սրբազանն այսօր «Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց, որ այս քննարկումների վերջնարդյունքի մասին դեռ կխոսեն, կասեն, թե ինչ են ուզում անել։

Նա ներկայացրեց նաև՝ ինչպիսի Հայաստան է ուզում։ Նշեց, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակների մասին մենք սահմանափակ տեղեկություններ ունենք։

«Մենք չունենք այն բոլոր տեղեկությունները, որոնք այսօր քննարկվում են կամ դրված են մեր սեղաններին, ինչ էլ որ խոսենք՝ ենթադրությունների ժանրից է լինելու։

Չի կարող լինել մի հոգի, որը 100 տոկոսանոց կամ գոնե 90 տոկոսանոց գնահատական տա, վերլուծություն անի, թե ինչ է տեղի ունենում, որովհետև մենք չգիտենք նաև իրենց թելադրված պայմաններն ինչ են, մենք ենթադրում ենք ընդամենը։

Մենք չգիտենք թե գաղտնի բանակցություններն ինչ են, ենթադրում ենք ընդամենը, մենք չգիտենք, թե մեզնից ինչ պահանջներ ունեն թե՛ Հյուսիսը, թե՛ Արևմուտքը, թե՛ նույնիսկ Հարավը, որին ենթադրում ենք, թե շատ ծանոթ ենք։

Չգիտենք, հետևաբար մեր մեկնակետը պիտի լինի այդ չիմանալուց բխած քայլերը, զուտ տեսանելիության վրա ենք ամեն ինչ անելու։

Այն գրքերը, որ դուք կարդացել եք, ես չեմ կարդացել, գուցե մեկ-երկուսն եմ կարդացել, բայց ուրիշ գրքեր եմ կարդացել, դրանք վերաբերել են մեր պատմությանն ու հաջողությունների պատմությանը, որից կարծում եմ՝ հրաժարվել պետք չէ, որովհետև հաջողություններ են եղել։ Մեզ նման մարդիկ են եղել՝ միայն երևի հագուստները տարբեր, միս ու արյուն են ունեցել, մեզ նման, մեզնից ավելի ցավացել են, բայց հաջողություններ են արձանագրել, նույնիսկ արտաքին քաղաքականության մեջ», -ասաց Սրբազանը։

Նա նշեց, որ առաջին օրինակը Տրդատ Մեծն է, որին մեր դիվանագիտական աշխարհում մի անգամ հղում չի եղել, թեև 30 տարի էլ հետևում է։

«Ինչո՞ւ Տրդատ Մեծը, որովհետև պարտադրված էր ընտրություն կատարելու Արևմուտքի ու Արևելքի մեջ, նա քաղաքակրթական որոշում կայացրեց ընտրություն կատարելու դեպի իր սեփական ժողովուրդը։ Մենք այդ ընտրությունը չենք կատարել, հիմա ժամանակն է դրա մասին մտածելու։

Երկրորդ դրվագը 12-րդ դարում Սուրբ Ներսես Շնորհալին է, ամբողջ այդ բախումների, մեջ պարտադրանքների մեջ, ամենածանր իրավիճակներում դարձյալ ընտրությունը կատարել է դեպի իր սեփական ժողովուրդը։

Էլ չեմ ասում, մոնղոլների հետ հարաբերությունից սկսած մինչև մանրուքներ, խաչակիրներ ու չգիտեմ ինչ, այդ ամբողջ արհավիրքի մեջ, որն ավելի սարսափելի էր, քան այսօր՝ բոլոր առումներով»։

Բագրատ Սրբազանն իր փորձից ելնելով՝ համոզվել է, ինչ իրականություն մենք ստեղծենք, դրան էլ աշխարհը պատասխան կտա։

«Դրա համար հորդորում եմ՝ մտածենք ինչ իրողություն և իրականություն ենք ստեղծելու՝ անկախ նրանից Ռուսաստան ինչ է ասում, Արևմուտքն ինչ է ասում, Իրանն ինչ է ասում, իմ շատ սիրելի՝ ընդ որում, Թուրքիան ինչ է ասում, Ադրբեջանն ինչ է ասում։ Բա մենք ի՞նչ ենք ասում, ի՞նչ օրակարգ ենք ստեղծում՝ առաջին հերթին քաղաքակրթական որոշում կայացնելով, որ մեր ամբողջ ներուժը դնելու ենք մեր ժողովրդի վրա, մեր սեփական ուժերի վրա։ Չարեցինք, ուզում եք Եվրամիություն լինի, ուզում եք Եվրաատլանտիա լինի, Եվրասիա լինի, մեզ ոչ մի բանի տեղ ենք դնում ամեն տեղ»։

Նա ասաց՝ ոչ թե պիտի կենտրոնանալ նրանց արձագանքների վրա, այլ մենք ինչպես ենք իրենց արձագանքելու, որտեղ են մեր շահերը։

«Ես անցյալ օրը հայտարարություն եմ արել, ասել եմ՝ ինչպիսի երկիր որ դուք ձեր աչքերով տեսնում եք, այստեղ պիտի լինի, ես մաղթում են նույնը ձեր երկրներում։

Սա կարող է որոշ դիվանագիտական մտքի համար շատ անհավասարակշիռ, զգացմունքային հայտարարություն է, բայց դա է մեր օրակարգը։ Ուզո՞ւմ եք այսպես կոչված ժողովրդավարություն լինի, ուզո՞ւմ եք՝ վեկտոր փոխվի, չփոխվի, ի՞նչ եք ուզում որ լինի, նայեք, թե մենք ինչ ենք ուզում, ինչպիսի երկիր եք ուզում, ձեր ցանկությունները ձեր երկրներում իրականացրեք, մեզ հետ գործ չունեք։

Սա մոտեցում է, որը կարծում եմ կյանքի իրավունք ունի, եթե մենք իսկապես կախված չլինենք այս կամ այն կենտրոններից, եթե մեր վերլուծական-քաղաքագիտական, դիվանագիտական միտքը այս կամ այն աղբյուրներից չսնվի, ուղղակի չսնվի, նյութապես չսնվի, բարոյապես չսնվի, գաղափարապես չսնվի, անձնական շահը վեր չդասվի պետականից»։

Եզրափակելով ելույթը՝ նա ներկաներին հորդորեց նախաձեռնված այս ուղղությունը վերածել կառույցի, ալտերնատիվ արտաքին քաղաքականություն մշակող հոսանքի, գաղափարները չթողնել սենյակում՝ պատերի մեջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031