Լրահոս
Օրվա լրահոսը

 ՀՀ քննչական կոմիտե. Սարգիս Գալստյանը լրտեսություն է կատարել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ. նախաքննությունն ավարտվել է

Հուլիս 11,2024 17:48

Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների, արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս․Գ․–ն, 2018-2023թթ․ Արցախում զբաղեցնելով տարբեր՝ մասնավորապես, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները, և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։ Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Ս․Գ․–ն համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։

Այնուհետև, Ս․Գ․–ն օտարերկրյա հետախուզության ծառայության հիշյալ աշխատակցի առաջադրանքով, 2020-2023 թվականների ընթացքում հավաքել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ․ սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ, այդպիսով կատարելով լրտեսություն:

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո, Ս․Գ․–ն, օտարերկրյա հետախուզության ծառայության վերը նշված աշխատակցի կողմից ստանալով պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:

Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելուց անմիջապես հետո վերջինս ձերբակալվել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս․Գ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քրեական վարույթից Ս.Գ.–ի վերաբերյալ մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031