ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ելույթս մեր երկրի ամենակարևոր խնդրին մասին:
Շնորհակալություն հարգելի նախագահող,
Ես նորից պիտի ներողություն խնդրեմ թեմայից շեղվելու համար, քանի որ այլ հնարավորություններ չենք ունենալու խոսելու։ Հիմա էլ մեկ այլ թեմայից պետք է խոսեմ, որը կապված է իրականում քննարկվող նախագծի հետ՝ ժողովրդագրությունից։ Ուզում եմ ահազանգող վիճակագրությամբ կիսվել գործընկերներիս և մեր ժողովրդի հետ, որպեսզի մենք սրա մասին հանրային շատ խոսենք և լուծումներ գտնենք։
Կարդացեք նաև
Ուրեմն, հունվար-մայիս ամիսներին մենք ունեցել ենք 13.122 ծնունդ, ի հակառակ՝ 2023 թվականի 14.273 ծննդի, այսինքն մոտ 1150 ծննդով պակաս։ Եվ եթե նույն վիճակագրությունը շարունակվի մինչև տարվա վերջ, մենք ավելի շատ պակաս ծնունդ կունենանք։ Եվ գաղտնիք չէ, որ ժողովրդագրությունը ամեն ինչի հիմքն է՝ տնտեսության, անվտանգության, մարդկային կապիտալի, և մենք այստեղ պետք է լուծումներ գտնենք։
Ես գիտեմ, որ քննարկվում է ժողովրդագրության ռազմավարություն Կառավարությունում, կոչ եմ անում մեր գործընկերներին, հուսամ իրենք կլսեն այս ելույթը, գնալ համարձակ և հնարավորինս արագ լուծումների, որովհետև մենք չենք կարող թույլ տալ քչացող բնակչություն Հայաստանի Հանրապետությունում՝ նշածս պատճառներով։ Առանց բնակչության, և իհարկե որակյալ բնակչության, որ կունենա լավ կրթություն, ունակ կլինի տնտեսական արդյունք տալ, կլինի առողջ, մենք չենք կարող գոյատևել որպես պետություն, հասարակություն և զարգանալ։ Նաև կոչ եմ անում ԱԺ մեր գործընկերներին այս հարցով հնարավորինս ակտիվ լինել, գիտեմ, որ կա այդ ակտիվությունը Սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից, բայց այս ցուցանիշները շատ անհանգստացնող և շատ ահազանգող են։