Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երկրի վարչապետը ոխ ունի, նախանձ ունի ու ոչ միայն իմ հանդեպ։ Ինքն իր բոլոր սերնդակիցներին միշտ նախանձել է՝ սկսած Էդմոն Մարուքյանից»․ Արմեն Աշոտյան

Հուլիս 11,2024 17:24

«Իմ պայքարը բացարձակ անձնական չէ եւ դրան հետեւած կալանքը նույնպես անձնական չեմ դիտում։ 400 օր գտնվում եմ անազատության մեջ ոչ թե իմ անձնական կալանքի օրերն են, այլ, օրինակ, Արցախի հայաթափման, Արցախի կորստի, Տավուշի չորս գյուղերի՝ Ադրբեջանին կցելու, նոր զոհերի, մեր ժողովրդի դեմ բռնությունների։ Բոլոր դժվարություններով հանդերձ, իմ եւ իմ ընտանիքի անձնական պատմությունները խամրում են այն ամենի դիմաց, ինչ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում մեր երկրում։ Ես գոնե հայկական բանտում եմ նստած․ կան մարդիկ՝ Արցախի ղեկավարությունը, որ նստած են ադրբեջանական բանտում։ Իմ երեխեքը կտրված են հորից, բայց իրենց հայրը բանտում է, ոչ թե գերեզմանում։ Ես կտրված եմ տնից, բայց, փառք Աստծո, ես տուն ունեմ, այնտեղ ուրիշը չի բնակվում»,- դատարանում՝ մինչ կհրապարակվեր ազատազրկումը եւս 3 ամսով երկարացնելու որոշումը, այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ դատարանին խնդրելով հաշվի չառնել իր պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի երկրորդ՝ իր անձնական որակումներին վերաբերվող մասին։

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ովքեր շատ լավ հասկանալով, թե ինչ է կատարվում, շարունակում են աջակցել իրեն, իր պայքարին։

«Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է»,- դատարանում հայտարարեց Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անդամ Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ առարկում է իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու՝ դատախազի միջնորդության դեմ։

Անդրադառնալով դատախազի փաստարկներին էլ, Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ երկու նիստ բաց է թողնվել ոչ իր պատճառով եւ այդ նիստերում պետք է առանցքային վկան հարցաքննվեր ու առանցքային տեղեկություններ հաղորդեր՝ իր՝ քննությանը խոչընդոտելու մասին ու եթե այդ նիստերը բաց չթողնվեին, այսօր առավել առարկայական զրույց կընթանար։ Արմեն Աշոտյանը հավելեց, որ եթե այդ հանգամանքը կարեւոր լիներ, տեխնիկական պատճառներով այդ նիստերը չէին չեղարկվի ու դրա՝ ոչ իր մեղավորության պատճառով ինքը չպետք է տուժի։

Արմեն Աշոտյանը պնդեց, որ եթե կատարվեր դատարանի մեկ ամիս առաջ կայացրած որոշումը եւ իրեն ու իր պաշտպաններին փոխանցվեր իր գաղտնալսման ողջ փաթեթը, իրենք այսօր կապացուցեին իր անմեղությունը, քանի որ եթե դրանում լինեին իր մեղադրանքը հաստատող նյութեր, դատախազությունն անպայմանորեն դրանք կկցեր գործին։ Նա տարակուսեց, որ այդ գաղտնալսումով դատախազությունը միջնորդում է, որ ինքը ևս երեք ամիս կալանավորված մնա, բայց այդ նյութերին ինքը չի տիրապետում ու չգիտի, թե ինչի մասին է խոսքը։

Իր գնահատմամբ, իշխանությունը մտահոգված է նրանով, որ չի կարողանում հիմնավորել, որ այս գործը քաղաքական չէ։ Իր կարծիքով, շատ մարդիկ տեսնելով, որ ինքը դեռ կալանքի տակ է, ավելի զգուշավոր վարքագիծ կդրսեւորեն ու հենց դա է այս գործի հիմնական էությունը՝ նպաստել երկրում վախի մթնոլորտի տարածմանը։

«Երկրի վարչապետը ոխ ունի, նախանձ ունի ու ոչ միայն իմ հանդեպ։ Ինքն իր բոլոր  սերնդակիցներին միշտ նախանձել է՝ սկսած Էդմոն Մարուքյանից»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ինքը պետք է կալանավորված մնա, որովհետեւ իշխանությունը մարսում է իր բոլոր հակաժողովրդավարական քայլերը, քանի որ արեւմտյան դեսպանները լռում են։ Բայց Արմեն Աշոտյանը այդ դեսպաններից չի նեղանում․ հասկանում է, որ նրանք գործուղվել են մեր երկիր՝ իրենց երկրի շահերից ելնելու համար սուտ խոսելու։ Ասաց՝ այդ ժամանակին ինքն էլ է նման բաներ արել՝ մեր երկրի շահից ելնելով։

Արմեն Աշոտյանը պնդեց, որ իրեն կալանքի տակ պահելով խոչընդոտում են իր կուսակցական գործունեությանը, քանի որ ինքը ՀՀԿ փոխնախագահն է։ Նա դիմեց նաեւ բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր իրենց վարքագիծը բացատրում են՝ «տուն ենք պահում» արտահայտությամբ ու հարցրեց․ «Տուն եք պահում ուրիշի տունը քանդելո՞վ․ ո՞նց է, լա՞վ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատը: Դատարանն այսօր քննում էր Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Աշոտյանն արդեն մոտ մեկ տարի է՝ անազատության մեջ է։ Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Պատվիրակության մեջ էր Արմեն Աշոտյանը: 30.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031