Ամերիկացի հայտնի դերասան, դեմոկրատ Ջորջ Քլունին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել լքել ընտրապայքարը։
New York Times-ում հրապարակված սյունակում Քլունին մասնավորապես, գրել է. «Ես ամբողջ կյանքում դեմոկրատ եմ եղել: Դրա համար ներողություն չեմ խնդրում: Ես հպարտ եմ նրանով, թե ինչ է ներկայացնում իմ կուսակցությունը և ինչով է հանդես գալիս:
Ժողովրդավարական գործընթացներին իմ մասնակցության և իմ ընտրած թեկնածուի աջակցության շրջանակներում ես ղեկավարել եմ իմ կուսակցության պատմության ամենամեծ դրամահավաքներից մի քանիսը. Բարաք Օբամա՝ 2012 թ.-ին, Հիլարի Քլինթոն՝ 2016 թ.-ին, Ջո Բայդեն՝ 2020 թ.-ին:
Նախագահ Բայդենի վերընտրման համար անցյալ ամիս ես դեմոկրատական թեկնածուի օգտին երբևէ անցկացված ամենամեծ դրամահավաքի համակազմակերպիչն էի:
Կարդացեք նաև
Այս ամենն ասում եմ միայն արտահայտելու համար, թե որքան եմ հավատում այս գործընթացին և թե որքան է այս պահը նշանակալից։
Ես սիրում եմ Ջո Բայդենին. որպես սենատոր, որպես փոխնախագահ և որպես նախագահ։ Ես նրան ընկեր եմ համարում և հավատում եմ նրան։
Վերջին չորս տարիների ընթացքում նա հաղթել է իր առջև ծառացած շատ մարտերում: Բայց միակ ճակատամարտը, որը նա չի կարող հաղթել, ժամանակի դեմ պայքարն է»:
Քլունին նշել է, որ երեք շաբաթ առաջ է հանդիպել Սպիտակ տան ղեկավարին և հասկացել, որ նա այլևս 2010 թվականի Բայդենը չէ, ոչ էլ նույնիսկ 2020 թվականի Բայդենը։
«Ամեն ինչ տարիքի հետ է կապված և ուրիշ ոչինչ», – գրել է դերասանը, պնդելով, որ եթե Դեմոկրատական կուսակցությունն ի վերջո ընտրությունների գնա Ջո Բայդենի հետ, ապա հաղթանակի չի հասնի։