Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերած տեղեկությունները Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին հուլիսի 4-ին: Ժամը 14.10-ին մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացվեց Երևանի Մարգարյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը, որն այս տարվա ապրիլի 3-ից հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով:
Դեպքը սկսել էր զարգանալ մարտի 15-ի կեսգիշերից: Անչափահաս որդիների միջև ծագած վիճաբանության հարցերը պարզաբանելու համար մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցում հանդիպում են հայրերը` յուրաքանչյուրն իր կողմնակիցների հետ: Պարզաբանումները, սակայն, հաշտության փոխարեն շարունակվում են զինված առճակատմամբ: 42-ամյա հայրը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոց է արձակում մյուս հոր և նրա կողմնակիցների ուղղությամբ: Մյուս հայրը փորձում է խլել 42-ամյա ախոյանի հրազենը: Այդ ժամանակ մոտենում են 42-ամյա հոր կողմնակիցները, որոնցից մեկը նույնպես հրազենով զինված, ու ձեռքերով, ոտքերով, մահակներով, իսկ այն մեկը` զենքի կոթով հարվածներ են հասցում գետնին ընկած հոր մարմնի տարբեր մասերին: Հրազենը միմյանցից խլելու ընթացքում անկանոն արձակված կրակոցների պատճառով հավաքված անձինք դիմում են փախուստի, ինչից հետո վրա են հասնում մյուս հոր կողմնակիցները, ու հիմա էլ իրենք են հարվածներ հասցնում 42-ամյա հորը: Այդ ժամանակ մոտենում է դեռևս ինքնությունը չպարզված մի անձ և 42-ամյա հորը սպանելու դիտավորությամբ նետում է նռնակ, սակայն, իր կամքից անկախ, դիտավորությունը չի իրագործվում. բեկորային վնասվածքներ է ստանում մյուս հայրը:
Հայրերի վիճաբանությունը շարունակվում է մոտակա ավտոլվացման կետի դիմաց: Բայց այդ պահին արդեն ահազանգով դեպքի վայր են հասնում պարեկները: 42-ամյա հայրն ու մյուսները դիմում են փախուստի, իսկ բեկորային վնասվածքներ ստացած հայրը տեղափոխվում է հիվանդանոց:
Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, որի ընթացքում 42-ամյա տղամարդը չի հայտնաբերվում. նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում:
Կարդացեք նաև
Այսօր նա արդեն հայտնաբերված է: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն