Այսօր Բագրատ Սրբազանի մասնակցությամբ տեղի ունեցող «Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները» թեմայով կլոր- սեղան քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց ՀՀ-ի՝ Եվրամիությանն անդամակցելու մտադրությանն ու այս առիթով հանրաքվե անցկացնելու հայտարարությանը։
Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցն այս առիթով ասաց․ «Այդ հայտարարությունն արվեց մի իրավիճակում, երբ այսօր միջազգային ասպարեզում լարվածության պայմաններում աշխարհն էլ ավելի ընդգծված ձևով բաժանվել է սև ու սպիտակի կամ Արևելքի ու Արևմուտքի, ինչպես ուզում է՝ դա անվանենք։
Այսպիսի հայտարարություն ռեֆերենդումի, Եվրամիության անդամակցության մասին, պետք է ասել, մեր հանրությանն առաջարկություն է մեջքով կանգնել քաղաքական քարտեզի մի մասին, այս պարագայում Ռուսաստանին, Իրանին, և այլնին, դեմքով՝ Արևմուտքին, և սա նորից ու նորից տեղի է ունենում միջազգային շատ գերլարված պայմաններում։
Եթե շարունակեմ միտքս, ապա կանգնել դեմքով Եվրամիությանը, մասնավորապես փորձենք պատրաստել մեր հանրությանը այն ռեֆերենդումին, որի արդյունքում որոշում կընդունվի՝ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությանը կո՞ղմ է, թե՞ չէ Եվրամիության անդամակցությանը, այն պայմաններում, երբ Եվրամիությունը որևէ կերպ չի սպասում, որևէ պատգամ Եվրամիությունից դրա մասին չի եղել։ Ես նկատի ունեմ Հայաստանի այդ կառույցի անդամակցման հեռանկարը։
Կարդացեք նաև
Եվ երրորդը՝ հաշվի առնելով այսօրվա մեր մարտահրավերները, որոնք վերաբերում են հիմնականում անվտանգության օրակարգին, վստահ եմ՝ այստեղ բոլորդ տեղյակ եք, այդ օրակարգով Եվրամիությունը որևէ գործիքակազմ չունի»։
Նա մեջբերեց ուկրաինական զարգացումները, որոնք տեղի ունեցան Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունքում, բայց, ըստ բանախոսի, երբ հասան անվտանգության օրակարգին վերաբերող կետին, այդ պահից սկսած Եվրամիությունը 1-2 հետքայլ արեց և առաջ եկավ միջազգային ասպարեզում հիմնական խաղացող երկիրը՝ ԱՄՆ-ն։
Այդուհանդերձ Ավետ Ադոնցը ողջունեց, որ ՀՀ-ի՝ Եվրամիությանն անդամակցության հեռանկարը դարձավ օրակարգի կարևոր կետ։
«Հայտարարություն անելու համար ռեֆերենդումի մասին, մասնավորապես Եվրոպական Միությանն անդամակցելու առումով, բոլորս կարծեմ թե կհամաձայնենք այն կետի հետ, որ թե՛ քաղաքական , թե՛ տնտեսական, թե՛ ժողովրդավարական, ազատությունների, մարդու իրավունքների առումով Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ պատրաստ չէ նույնիսկ հնչեցնելու այդ ամբիցիան՝ Եվրոպական Միության անդամակցելու համար», -ասաց Ավետ Ադոնցը։
Նա նաև նշեց, որ Եվրամիությունն այս միջազգային գերլարված իրավիճակում ու բաժանարար գծերի պայմաններում ՀՀ իշխանության այս ամբիցիան առավելագույնն օգտագործելու է իր աշխարհաքաղաքական շահերը, մասնավորապես հակառուսական ու հակաիրանական այն օրակարգն առաջ տանելու համար, որն այսօր իրականացվում է միջազգային ասպարեզում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ