Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Դեռևս 1993թ. Երևանի և Աթենքի միջև կնքվել է գործակցության և բարեկամության համաձայնագիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է գործընկերային հարաբերությունների հաստատումն Աթենքի հետ և ընդգծել, որ Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Հունաստանի մայրաքաղաքի հետ: Որպես գործակցության կարևոր ուղղություն՝ Երևանի քաղաքապետը հատկանշել է համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ Երևանը վերջին տարիներին ոլորտային աննախադեպ նախաձեռնություններով է հանդես գալիս և ունի մեծ փորձ:
Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն