Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց պատմությունը պետության չգոյության պատմությունն է»․ «Հայոց պատմություն» առարկան կվերանվանվի «Հայաստանի պատմություն»

Հուլիս 11,2024 14:03

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի՝ դպրոցական ծրագրում «հայոց պատմություն» առարկան կվերանվանվի «Հայաստանի պատմություն»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Չափորոշչի կետերից մեկով, որպես պարտադիր առարկա, ներկայացված է «հայոց պատմություն» առարկան։ Սա այս իմաստով այս պահին մեզ խնդրահարույց է թվում, որովհետեւ Հայք բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է Հայաստան, հայեր, սակայն իրավական պետության պատմության ներկայացման, դասավանդման գործընթացում լիարժեք չի փոխանցում պետականության գաղափարը։ Ուստի, նախագծով առաջարկում ենք պատմության ուսուցանումն իրականացնել «Հայաստանի պատմություն» անվան ներքո։ Պատմության ուսուցումն առաջին հերթին պետք է միտված լինի ժամանակակից Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծմանն ու ներկայացմանը։ Այդ իմաստով մենք կկարողանանք նաեւ սովորողների համար շատ ավելի տեսանելի եւ համակարգային ներկայացնել պատմությունը՝ ավելի ըմբռնելի դարձնելով պետականության գաղափարը։ Եվ դրա հիմքով սովորողն արդեն պարզեցված տարբերակով կտեսնի ամբողջ պատմության եւ պետության կապը՝ այս կերպ պետությունն ընկալելով որպես պատմական դրվագների եւ գործընթացների արդյունք։ Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերում տվյալ առարկայի միջոցով պետության եւ պետականության գաղափարների ամրապնդմանը»։

Ժաննա Անդրեասյանը նաեւ ասաց, որ այս նախագիծը վերջին շրջանում շատ է քննարկվում, հիմնական մտահոգությունն այն է, որ առարկան վերանվանելով՝ փոխում են նաեւ բովանդակությունը։ «Ես ուզում եմ եւս մեկ անգամ հստակ ասել, որ բովանդակային տեսանկյունից ամբողջ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական ծրագրի մաս։ Այն, ինչ փոխվում է, դա դեպքերի, իրադարձությունների եւ իրողությունների ներկայացման ձեւն է, վերագնահատումն է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք մեր ռազմավարության եւ քաղաքականության հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը։ Մենք պիտի արձանագրենք, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, ուրիշ հայեցակետ է, եւ մենք պիտի ուժ ունենանք խոստովանելու եւ առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ եւ ամենուր չէ, որ հասանելի է մեզ։ Մենք պիտի մեր հանրային կյանքի կենտրոնում դնենք պետությունը։ Իմ գնահատմամբ՝ մենք մի պրոցեսի մեջ ենք, որ փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը եւ կյանքը երեւում է բոլորովին այլ կերպ։ Ո՞րն է տարբերությունը Հայաստանի պատմության եւ հայոց պատմության։ Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ հայոց պատմությունը պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով։ Սա շատ կարեւոր եւ հայեցակարգային տրամաբանություն է։ Եվ այն, որ մեզ համար առանցքային է պետության հարատեւությունն ապահովելու ռազմավարությունը, դա նախ դա պետք է տեղի ունենա սոցիալ-հոգեբանության մեջ։ Եվ թույլ տվեք ասել, որ այդ փոփոխություն այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Մենք էմոցիաների ժողովրդից պետք է ապահովենք մեր տրանսֆորմացիան դեպի պետության ժողովուրդ»։

Նա նշեց, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքներն այս ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Սրանք անուղեղ մարդու «հիմնավորումներ են», իսկ ավելի ճիշտ անհիմն զառանցանքներ: Ինչպես միշտ նիկոլի տափակաբանությունները ալիևի ճնշումների ներքո են հայտարարվում: Ինչպես ասում են, երբ գողը տնից է լինում՝ եզը երդիկից են հանում: Անբարոյականությունը հասել է նրան, որ նիկոլը գողությունը անում է բացահայտ՝ օրը ցերեկով և դա հայտարարվում է լրատվամիջոցներով, իսկ հայ հասարակությունը կամ իրեն կամ շլանգի տեղ է դնում ու ձայն-ծպտուն չի հանում կամ էլ հայ հասարակության դիմադրողականությունը իջել է պլինտուսի մակարդակի: Աշխարհի գործին նայեք, միջնակարգ կրթությամբ մի թուրքահպատակ պաշտոնյա իշխանության սազանդար պետրոսի կնոջ հետ միասին ավերում ու ջնջում է մեր դարավոր պատմությունը ի օգուտ թուրքի և հայ ժողովուրդը ձայն չի հանում, պատմության դասախոսները ձայն չեն հանում, պատմության ուսուցիչները ձայն չեն հանում, մտավորականները ձայն չեն հանում: էս աստիճանի անթասիբությու՞ն …

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031