Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային մուտքերը Հայաստանում կրճատվել են. ի՞նչ սպասել. JAMnews

Հուլիս 11,2024 14:55

JAMnews. Վերջին հինգ տարիներին Հայաստանի պետբյուջեն համալրվեց նոր գումարներով, որովհետև հարկային հավաքագրումները տարեցտարի ավելացան: «Թավշյա հեղափոխությունից» հետո ստվերը երկրում կրճատվեց, ընկերությունները սկսեցին կամավոր վճարել հարկերը, քաղաքացիներից շատերն էլ՝ պահանջել ՀԴՄ կտրոններ վճարումների դիմաց:

Բայց այս տարի հարկերի հավաքագրման անկում է գրանցվել։ Ինչ պատճառով է դա տեղի ունեցել և ինչ են կանխատեսում փորձագետները։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը կանխատեսում է, որ առնվազն 4-5%-ի չափով հարկային եկամուտների թերակատարում կլինի։

Նրա խոսքով՝ հարկային մուտքերի կանխատեսումներ իրականացնելիս պատշաճ կերպով հաշվի չեն առնվել տնտեսության կառուցվածքային առանձնահատկությունները, տնտեսական աճը պայմանավորող առանցքային ոլորտներում հարկային եկամուտների գեներացման կարողությունները․

«Տնտեսական ակտիվության աճի առանցքային խթաններ են հանդիսացել շինարարությունը, թանկարժեք մետաղների հետ գործառնությունները։ Շինարարության դեպքում հարկային հիմնական մուտքերը արձանագրվում են, օրինակ, բնակարանների վաճառքի արդյունքում, ինչը, ժամանակագրորեն չի համընկնում բուն շինարարության գործընթացի հետ։ Արդյունքում՝ շինարարության մասով աճ արձանագրվում է, բայց դա դեռևս հարկային բազայի համարժեք ընդլայնման չի հանգեցնում»։

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների ներմուծմանը, մշակմանն ու վերարտահանմանը։ Նրա խոսքով, այս ուղղությունն էապես բարելավում է արտաքին առևտրի շրջանառության ու հարակից այլ ոլորտների ակտիվության ցուցանիշները։ Սակայն հարկային պարտավորությունների գեներացման առումով դրա ներուժը շատ ավելի փոքր է։

«Նախորդ տարվանից արդեն ավտոմեքենաների արտահանումը ԵԱՏՄ մյուս երկրներ սկսեց զգալիորեն կրճատվել: Սահմանափակումների ազդեցությունը տեսանելի եղավ արդեն այս տարի, ինչը ԱԱՀ մասով մուտքերի թերստացման նշանակալի գործոն դարձավ»,- ասում է Քթոյանը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը ներառում է նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով 2022 թվականից Հայաստանից մեքենաների վերաարտահանումը կտրուկ աճել էր։

Հայաստանը ԵԱՏՄ-ին միացել է 2014թ. Սակայն ԵԱՏՄ-ում ընդունված ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը Հայաստանում սկսել են գործել 2020թ-ից։ Սա Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն էր տվել մեքենաներ ներկրել և մաքսազերծել ավելի էժան, քան ԵԱՏՄ այլ երկրներում։ 2022 թվականին Հայաստանում ավտոմեքենայի մաքսազերծման կարգը դարձավ նույնը, ինչ Ռուսաստանում։ Նաև 2024-ի ապրիլից՝ ԵԱՏՄ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստան մեքենաների ներկրման հարկերն ու տուրքերը բարձրացել են։

Ինչպես տնտեսությանը «երկրորդ շունչ» տալ

Տնտեսագետ Արմեն Քթոյանն ասում է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստանի տնտեսությունը, որպես ԵԱՏՄ տնտեսական տարածքի մաս, «շոկային էֆեկտների» է ենթարկվել ու շարունակում է գտնվել դրանց ազդեցության տակ։

Ըստ նրա, Հայաստանը Ռուսաստանի համար դառնում է տրանզիտային երկիր բոլոր առումներով, և տնտեսությունն այդ տեսակետից էականորեն աշխուժանում է։ Սակայն, մյուս կողմից, տնտեսության կառուցվածքի մեջ որոշակի ձևախեղումների ռիսկ է առաջ գալիս։ Այս ակտիվությունը չի գեներացնում սպասված հարկերը, արդյունքում տեղի է ունենում հարկային եկամուտների թերի հավաքագրում։ Պատճառն այն է, որ շարժերը տեղի են ունենում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ԵԱՏՄ ընդհանուր շուկայում, որի անդամ է հանդիսանում Հայաստանը։

Քթոյանը լուծումը տեսնում է արտահանման դիվերսիֆիկացիայի, արտահանելի հատվածների զարգացման մեջ։ Նա կարևորում է նաև նորարարության խթանումը, տնտեսության արդիականացումը և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031