«Կադաստրի կոմիտեի ղեկավարին փորձել ներքաշել հին դառած այն խոսակցության մեջ, որ «սաղ տվեցին», «էս իշխանությունն ամեն ինչ տվեց»՝ անտեղի է: Հասցեատերը ինքը չի, սա շատ ավելի քաղաքական հարց է, քան Կադաստրի կոմիտեին վերաբերող ղեկավարի հարց»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին հարցրել էր՝ եթե ասում եք, որ կադաստրային քարտեզներում սխալ է եղել, ինչքա՞ն տարածք եք զիջել թուրքին այդ սխալների արդյունքում: Բացի այդ, նա բացատրել էր, որ եթե քարտեզի վրա եղել է պատահական սխալ, որտեղ թուրքի 100 մմ-ը ՀՀ տարածքի մեջ է ներառված եղել, դա նշանակում է, որ ճիշտ նույն սխալի արդյունքում թուրքը հիմա նստած պետք է լինի մեր տարածքի վրա, դա՞ երբ են հետ ուզելու:
Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այն, ինչ հարցնում եք, երեւի 1 մլն 347 անգամ պատասխան է հնչել՝ ՀՀ տարածքից ոչ մի կտոր որեւիցե հարեւան երկրին չի տրվել, չի նախատեսվում, չի քննարկվել, չի քննարկվում ու չի կարող քննարկվել: Ձեր նշած տարածքում մեկ տուն, մեկ կրպակ, մեկ խորդանոց եւ կարող է եւս մեկ կիսակառույց շինություն կա, որի հետ կապված բնակիչներին հատուցվել է ու բնակիչների հետ համաձայնության է եկել կառավարությունը»:
Արթուր Խաչատրյանն ասել էր՝ լավ, հերն անիծեմ, սխալը մենակ ի վնաս մե՞զ է լինում, չի՞ լինում մի անգամ այդ սխալը ի շահ մեզ լինի: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հակառակ տարբերակը ո՞վ ասեց չի եղել, իսկ ո՞վ ասեց, որ էս կողմ, էն կողմ չի գնացել: Էդ քաղաքական խոսույթը մի փորձեք բերեք քաղաքական դաշտ, որովհետեւ առաջինը՝ մեկ անգամ արել եք, չի ստացվել: Երկրորդը՝ մենք որեւիցե խնդիր այնտեղ չունենք, բնակչությանը փոխհատուցվել է: Եվ երրորդը՝ կարծում եմ այդ արդեն հին պատմություն է: Հույս ունենանք, որ մենք հարեւան պետության հետ այն սկզբունքներով, որով սահմանազատման եւ սահմանագծման պրոցեսի մեջ ենք մտել, կվերջնականացնենք, կվերարտադրենք ՀՀ-ի եւ Ադրբեջանի քարտեզը՝ ըստ Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքների, այն է՝ ինչ սահմաններով մենք անկախացել ենք եւ վերջ կդնենք տասնամյակներ շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք, պատերազմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ