Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրավորներին ռուսական բազա են տարել՝ բուժելու նպատակով, բայց մարդիկ տեսել են, թե ինչպես են թուրքերն այնտեղից նրանց տանում մեծ մեքենաներով»

Հուլիս 11,2024 13:38

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց էին անում Արցախում 2023 թվականի սեպտեմբերին բենզալցակայանի պայթյունի հետեւանքով անհետ կորածների ու զոհվածների եւ սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունների հետեւանքով զոհվածների հարազատները։

Անհետ կորածների հարազատները կառավարությունից պահանջում են տեղեկություն տրամադրել իրենց հարազատների մասին, իսկ զոհերի հարազատները պահանջում են արտաշիրմում անել եւ իրենց հարազատների մարմինները տեղափոխել Հայաստան։

Անհետ կորածների հարազատներն ասացին, որ դիմել են ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ՌԴ դեսպանատանը, Արցախի իշխանություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Մարդու իրավունքների պաշտպանին, բայց որեւէ դրական կամ բացասական պատասխան չեն ստացել։

«Կարծես թե ոչ ոք չի ուզում զբաղվել այդ հարցով, բոլորի համար միեւնույն է, որ կան անհետ կորածներ, բայց մենք վստահ ենք, որ տղաները ողջ են, գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Հոկտեմբերի 7-ին ունենք գրանցված զանգ, զանգը եղել է Շուշիից, անհետ կորածներից Կարենը զանգել է իր ընկերուհուն, ընկերուհին այդ փաստը ներկայացրել է ԱԱԾ-ին, Կարմիր խաչին, բայց մինչ օրս որեւէ տեղեկություն չկա»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Մարդիկ տարբեր պատմություններ են լսել ականատեսներից եւ դրանց հիման վրա եզրակացրել են, որ իրենց հարազատները ողջ են։ Նրանք ասացին, որ հանձնել են ԴՆԹ թեստ, անհետ կորած 21 անձանցից որեւէ մեկի վերաբերյալ համընկնում չի եղել։ «Այդտեղից հետեւություն՝ որտե՞ղ են նրանք, ուրեմն ողջ են։ Մենք անընդհատ կապի մեջ ենք եղել մեր փրկարար ծառայության աշխատակիցների հետ, մեզ փրկարարներն ասացին, որ մոտեցել են տարածքին, այնտեղ ոչ մի մասունք չի մնացել։ Ուրեմն, այդ տղաները ողջ են, նրանց տարել են, եւ շատերն են տեսել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մարդիկ տանում տեղանքից։ Վիրավորներին ռուսական բազա են տարել՝ բուժելու նպատակով, բայց մարդիկ ասում են, տեսել են, թե ինչպես են այնտեղից նրանց մեծ մեքենաներով տանում։ Մարդիկ հենց այնպես չեն ասում, ինչ-որ հիմք կա, որ ասում են, չէ՞»։

Արցախցիներից մեկն էլ պատմեց․ «Կան փաստեր, որ դեպքից հետո Ադրբեջանի փրկարար ծառայության ծառայողները եղել են դեպքի վայրում։ Արցախի փրկարար ծառայության վարորդը ինձ պատմել է, որ մեկօրյա պատերազմից հետո որոնողական աշխատանքներ կատարելիս Մարտակերտի շրջանում ընդհարումներ են տեղի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի հետ, ընդհարումներին խառնվել է թուրք պաշտոնյան, որն իրենց հետ որպես ուղեկցող էր եւ չի թողել, որ ընդհարում լինի հայերի ու ադրբեջանցիների միջեւ։ Ադրբեջանցի պաշտոնյայի ու վարորդի միջեւ խոսակցություններ են գնացել, ադրբեջանցի պաշտոնյան ասել է՝ ինչո՞ւ եք գնում, մնացեք մեզ հետ ապրեք, եթե մենք ձեր վատն ուզենք, պայթյունի վայրից վիրավորներ չէինք տանի բուժման նպատակով։ Էլի ուրիշ փաստեր են եղել, մենք սա գրավոր ներկայացրել ենք ԱԱԾ-ին, ՄԻՊ-ին, Քննչական կոմիտեն նույնպես տեղյակ է, կոնկրետ այս պահին զբաղվում է ՔԿ-ն, բայց ռեալ պատասխան չկա։ Անցել է 10 ամիս, 20 հոգի անհետ կորած կա, կան վարկածներ, ամբողջ փաստերը ներկայացրել ենք։ Մեր բողոքն է, որ Հայաստանի իշխանությունները զբաղվեն այդ հարցով եւ տան խելամիտ պատասխան, 10 ամսում դա կարող էին անել»։

Ցույցի մասնակիցներից Նաիրա Եղյանն էլ ասաց, որ իր ամուսնու անձնագիրը, մեքենայի բանալիները գտել են պայթյունի վայրից, բայց ամուսնու մասին տեղեկություն չկա։ Փաստերը ներկայացրել են իրավապահ մարմիններին, որեւէ տեղեկություն դեռ չունեն։

Զոհերի հարազատներն էլ պահանջում են արտաշիրմում անել։

«Դիմել ենք Արցախի կառավարությանը, Հայաստանի կառավարությանը, բայց անարդյունք, պահանջում ենք, որ մեր երեխեքին արտաշիրմում անեն, բերեն Հայաստան։ Իմ տղան զոհվել է սեպտեմբերի 19-ին, հուղարկավորել ենք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում։ Անցած անգամ էլ ենք եկել այստեղ հավաքվել, ոչ մի ծնողի չեն ընդունել, բայց այսօր մենք սպասելու ենք այնքան, որ մեկը իջնի ու մեզ պատասխան տա։ Ես պատրաստ եմ գնամ Գորիս, խնդրեմ ռուսներին կամ թուրքերին, թեկուզ փողով իմ երեխուն բերեմ Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Արթուր Արզումանյանի հայրը՝ Բորիկ Արզումանյանը։

Սեպտեմբերյան պատերազմում զոհված Սասուն Ավանեսյանի եւ վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով զոհված Դավիթ Ավանեսյանի քույրը՝ Բելլա Գալստյանը նշեց, որ ավելի վաղ Արցախի պաշտոնյաներն իրենց ասել էին, որ ադրբեջանական կողմի հետ համաձայնություն են ձեռք բերել, որ պետք է արտաշիրմում արվի, եւ մարմինները տեղափոխվեն Հայաստան։ «Բայց օրվա վերջում ասացին, որ չեղարկվել է այդ գործընթացը։ Պատճառ չեն նշել, ուղղակի ասել են՝ ադրբեջանական կողմը չեղարկում է։ Դիմում ենք Հայաստանի կառավարությանը, որ մեր դրության մեջ մտնեն, մեր հարազատների զոհվելուց հետո մարմինները մնացին գերի, մեր կորուստը շատ մեծ է։ Անձամբ ես ունեի երկու հարազատ եղբայր, երկուսին էլ կորցրեցի հենց 2023 թվականի սեպտեմբերին։ Մենք որ պատկերացնում ենք, թե ինչ կարող են անել ադրբեջանցիները, կարող են ավերել, կպնել այդ շիրիմներին, դա մեզ համար դա մեծ ցավ է»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031