Քիչ առաջ մեկնարկեց «Հայաստանի քաղաքականության վերահաս վտանգները» թեմայով դիվանագետների համահայկական խորհրդի կազմակերպած կլոր-սեղան քննարկումը։ Այն սկսվեց Բագրատ Սրբազանի օրհնությամբ։
ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը պարզաբանեց, որ հավաքվել է դիվանագետների սերուցքը, ովքեր պիտի մասնագիտական խոսք հնչեցնեն՝ ինչպես չկորցնել, ձեռք բերել դաշնակիցներ։
Նա պարզաբանեց, որ քննարկումը հրատապ է, քանի որ ժամանակը սուղ է, այն որևէ ձևով Հայաստանի օգտին չի աշխատում․ զարգացումները բավականին արագ են, կուլիսային պայմանավորվածությունները՝ նույնպես։
Վահագն Մելիքյանը հայտարարեց, որ առանց չափազանցության՝ այս ամենը սպառնում է Հայաստանի գոյությանը, ոչ թե անվտանգությանը։
Կարդացեք նաև
«Տարածաշրջանում իսկապես ինտենսիվ են պրոցեսները, շատ ավելի բարդանում է միջազգային իրավիճակը, տարբեր ճամբարներում տեղի են ունենում լուրջ վերադասավորումներ, քաղաքական փոփոխությունների նոր ալիք է բարձրացել Եվրոպայում։
Այս տարի առաջիկայում նախատեսվում են ընտրություններ Միացյալ Նահանգներում, որին ուշի-ուշով հետևում են աշխարհում։
Իրանում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրություններից առաջ են եկել որոշակի նոր զարգացումներ, Ադրբեջանը շարունակաբար դնում է նոր պահանջներ։ Հայաստանը ցավալիորեն ոչինչ չունի առաջարկելու՝ բացի միակողմանի զիջումներից՝ ո՛չ հարևաններին, ո՛չ դաշնակիցներին և ո՛չ էլ տարածաշրջանի խոշոր խաղացողներին», -ասաց բանախոսը։
Նա նշեց նաև, որ Հայաստանի իշխանության կողմից որդեգրված «խաղաղության օրակարգը» ձախողվում է, Հայաստանի կողմից շարունակվում է շեշտադրված ձևով և արագ քայլերով վեկտորի փոփոխության քաղաքականություն դեպի Արևմուտք։
Ըստ Վահագն Մելիքյանի, այն շատ վտանգավոր է, քանի որ Արևմուտքում Հայաստանին չեն սպասում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ