«Ֆիլմը սկսվում է ռեժիսորի՝ երկիրը լքելու որոշումից` պայմանավորված դրամատիկ իրադարձություններով: Նա ցանկանում է վերադառնալ Հայաստան, որոնել լուծումներ՝ նորովի ապրելու համար: Փարաջանովի տուն-թանգարանը դառնում է ոգեշնչման վայր: Պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա, սակայն դասական ինքնակենսագրական չէ: Սա հեղինակի ճանապարհն է, որոշումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի ռեժիսոր, հեղինակ եւ պրոդյուսեր Զառա Ջյանը: Ֆիլմը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:
«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմը բաղկացած է հարցազրույցներից: Հերոսները բաժանված են 3 խմբի. հետխորհրդային ժամանակի մշակութային գործիչներ, Ս․ Փարաջանովի գործընկերներ եւ ընկերներ, միջազգային մշակութային գործիչներ: Բոլոր հերոսներին միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը:
Ռեժիսորի խոսքով՝ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ֆիլմը օրհնված է հենց Փարաջանովի կողմից: «Բոլոր հերոսները մեր կյանք եկան շատ սահուն։ Ատոմ Էգոյանին, Տարսեմ Սինգհին, Չուլպան Խամատովային, Լորա Գուերային, Էմիր Կուստուրիցային, Ժուել Շապրոնին, Ալի Խամրաևին, Լևոն Աբրահամյանին և մեր մեծագույն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նկարահանելը հեշտ չէր»,-նշեց ռեժիսորը։ «Ինչ վերաբերվում է Փարաջանովին, նա հանճար էր, իսկ նրա թանգարանն օազիս է, հարազատ վայր»,-շեշտեց Ջյանը։
Կարդացեք նաև
Հավելենք, որ ֆիլմի փակ ցուցադրությունը կայացել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաեւ բրիտանական կողմը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում: «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի կայացմանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, CNC, Cine+-:
Ֆիլմի հերոսներից ռեժիսորներ Թարսեմ Սինխը և Ատոմ Էգոյանը ներկա էին փակ դիտմանը: «Փարաջանովը եզակի կինոմատոգրաֆիկ տեսլական է ունեցել, և եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է այն, ինչ առաջարկում է կինոն, ուրեմն անհնար է գտնել ավելի անսովոր ձայն, քան Փարաջանովինն է: Իսկ Փարաջանովի իմ ամենասիրած ֆիլմը «Նռան գույնը»-ն է»,-ասաց Ատոմ Էգոյանը:
Լիլիթ ՀԱԿՈԲՅԱՆ