Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սխալվում եք, ձեր կառավարությունը թուրքին տարածք է տվել… Էդ ոնց եղավ, որ բոլոր սխալները ի վնաս մեզ են, հերն անիծեմ, լավ, մի հատ սխալ չի՞ եղել ի շահ մեզ». Արթուր Խաչատրյան

Հուլիս 11,2024 13:08

Այսօր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Գեոդեզիական քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց. «Երբ Տավուշի մարզում ՀՀ ինքնիշխան տարածքից տարածք զիջվեց ադրբեջանցիներին, դա հիմնավորվեց կադաստրային քարտեզների սխալով: Մարդիկ կադաստրային վկայականներ էին ցույց տալիս, ասում էին՝ սա իմն է, ՀՀ տարածք, հանուն ՀՀ-ի ձեր գերատեսչությունը իրավունքների գրանցման վկայական է տվել, բայց հիմնավորվեց, որ սխալ է: Հարցը սա է՝ սխալի մակերեսը ինչքան է, ե՞րբ հիմնավորվեց, որ սխալ է ու ի՞նչ մեխանիզմով է սխալը բացահայտվել»:

Թովմասյանը պատասխանեց, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ՝ կադաստրային քարտեզներում սխալ կա, չկա ներդրող, ով գործ է ունեցել հողի սահմանների, կադաստրի քարտեզի հետ ու չի բախվել այդ խնդրին. «Որքան է եղել սխալի մակերեսը՝ ես հիմա կդժվարանամ ասել, որովհետեւ սահմանագծի ամրակայման ժամանակ է այդ հարցը բացահայտվել»:

Արթուր Խաչատրյանը հարցը կրկնեց՝ ինչքա՞ն տարածք է տրվել թուրքին, ե՞րբ է դա բացահայտվել: Կադաստրի կոմիտեի ղեկավարը պատասխանեց. «Թուրքին որեւէ տարածք չի տրվել, ամրացվել է ՀՀ պետական սահմանը, որի ընթացքում պարզ է դարձել, որ իրավունքի պետական գրանցումը եղել է թերի իրավահաստատող փաստաթղթի վրա, դրանք համայնքի ղեկավարի որոշումներն են եւ կադաստրային քարտեզը: Համայնքի ղեկավարի որոշումները ինչ թերություն են իրենց մեջ պարունակել, դրան գնահատական կտա ՀՀ իրավապահ համակարգը»:

Արթուր Խաչատրյանն իր ելույթում հայտարարեց. «Պարո՛ն Թովմասյան, դուք սխալվում եք, ձեր կառավարությունը թուրքին տարածք է տվել, որովհետեւ քաղաքացին թե՛ Կիրանցում, թե՛ Շուռնուխում ունեցել է սեփականության վկայական, որտեղ ասվում է, այն հողը, որի վրա դու տուն ես կառուցել, քոնն է, ՀՀ-ինն է: Հիմա դուք ասում եք՝ էդ քարտեզը սխալ է: Կա կադաստրային քարտեզների ուղղման կարգ, ուղղեիք, նոր թուղթ տայիք, դա չեք արել: Ասում եմ՝ սխալի արդյունքում ինչքա՞ն տարածք եք տվել թուրքին, ասում եք՝ չգիտեմ, բա ո՞վ գիտի: Տարրական մաթեմատիկան ասում է, որ պատահական սխալները միջինացվում, զրո են դառնում: Դա ես չեմ ասել, Ջորդանո Բրունոն էլ չի ասել, բայց ոչ էլ ՔՊ-ական է ասել, իմանաք: Դա նշանակում է, որ եթե քարտեզի վրա եղել է սխալ, որտեղ թուրքի 100 մմ-ը ՀՀ տարածքի մեջ է ներառված եղել, դա նշանակում է, որ ճիշտ նույն սխալի արդյունքում թուրքը հիմա նստած պետք է լինի մեր տարածքի վրա, դա՞ երբ եք հետ ուզելու: Էդ ոնց եղավ, որ բոլոր սխալները ի վնաս մեզ են, հերն անիծեմ, լավ, մի հատ սխալ չի՞ եղել ի շահ մեզ: Ձեր կառավարությունը գիտությանը չհամապատասխանող պնդումներ է անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031