Մայր օրենքի փոփոխության թեման պարբերաբար հայտնվում է քննարկումների կիզակետում: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ասում է՝ իշխանության եկած այս քաղաքական ուժի օրակարգային հարցերից մեկը եղել են սահմանադրական փոփոխությունները:
Հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ ենք մեզ թույլ տալիս հետևություն անել, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների պրոցեսն ակտիվացնում է և առավել առանցքային, օրակարգային դարձնում Ադրբեջանի պահանջների համատեքստում: «Փոխվել է խոսույթը: Այս քաղաքական ուժը նախորդ տարի պաշտոնապես հայտարարեց, որ իրենց կողմից այդքան քննադատված և չարչրկված կառավարման ձևն իրենց հարմար է և փոփոխության չի ենթարկվելու, այսինքն՝ այս սահմանադրական փոփոխությունները կառուցվելու են խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու միտումով:
Երկրորդ՝ հունվարին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ ոչ թե պետք է գնանք սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով: Այստեղ նյութաբանական և տեխնիկական էական տարբերություններ կան: Մասնավորաբար՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում կարող էին ողջ տեքստը նոր խմբագրությամբ շարադրել, սակայն կաշկանդված են չորս անփոփոխելի հոդվածների և Սահմանադրության նախաբանի փոփոխությամբ: Այսինքն՝ գալիս ենք այն եզրահանգման, որ նոր Սահմանադրության ընդունումն օրակարգ դարձնելու պատճառներից մեկը և հիմնականն այն է, որ պատրաստվում են փոփոխել մեր Սահմանադրության նախաբանը և անփոփոխելի դրույթները»,-նշում է մեր զրուցակիցը:
«Սահմանադիրը Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխության լիազորությունը պատվիրակել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացուն: Այսօր, առանց հանրաքվեի տեսքով քաղաքացու կարծիքը հարցնելու, հանձնվում են տարածքներ Հայաստանի Հանրապետության կազմից՝ արդարացնելով դա այն պատրվակով, որ դրանք թշնամական հողեր են:
Կարդացեք նաև
Երեք իրավական հակափաստարկ կարող եմ նշել: Այդ տարածքները գյուղեր են, որոնք իրենց տեղանուններով ամրագրված են «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով: Երկրորդ՝ այս տարածքների հայկական լինելու հանգամանքը փաստել է Կադաստրի պետական կոմիտեն՝ տալով այնտեղ բնակվող քաղաքացուն սեփականության վկայագիր, երրորդ՝ այդ գյուղերում ոչ վաղ անցյալում ընտրություններ են անցկացվել, որտեղ քաղաքացին իրացրել է իր ընտրական իրավունքը: Իրենց պնդումն ական է առ հանրություն ու պետականություն, որովհետև այն բացառապես երկրորդում ու կրկնում է ադրբեջանական պաշտոնյաների թեզերը: Մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյան որևէ պարագայում իրավունք չունի իրեն այդպիսի արդարացում թույլ տալ: Հողեր են հանձնում առանց միջազգային որևէ փաստաթղթի առկայության: Ու թույլ են տալու, որ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ և սակարկություններ ներկայացնի:
Ինչպե՞ս է հնարավոր առանց իրավահեն փաստաթղթի հանձնել հսկայական տարածքներ ու անվտանգության գեթ մեկ երաշխիք պարունակող պարտավորվածություն չստանալ Ադրբեջանից: Այն, ինչ այսօր իրականացնում են մեր բարձրաստիճան պաշտոնյաները, չի տեղավորվում ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական, ո՛չ բարոյական, ո՛չ մարդկային որևէ կանոնի ներքո: Այս պայմաններում, որ գերիներ ունենք Ադրբեջանում, ավելին՝ եթե անգամ մեկ գերի ունենայինք, չէր կարելի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ: Նրանք թղթի վրա պարտավորություն էին ստանձնել. եթե չես կարողանում դրա կատարմանը պահանջատեր լինել, ի՞նչ «խաղաղության պայմանագրի» կամ «խաղաղության դարաշրջանի» մասին կարող է խոսք լինել»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։