Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,- նշել է նա։
«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում Վաշինգտոնում ընթացող այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին։ Այս ամենը չի կարող այլ բան չառաջացնել, բացի ծայրահեղ ափսոսանքից»,- ընդգծել է Գալուզինը։
Դիվանագետի տեսանկյունից` այդպիսի տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում` ի վնաս նաեւ սեփական անվտանգության։
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ Հայաստանում բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր գինը։ Իմ կարծիքով՝ երկու աթոռի վրա նստելու փորձերի անիրատեսական բնույթը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, երբ Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում նա խոսեց Երևանի` եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- եզրափակել է Գալուզինը։