Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը բացատրեց հայաստանցիներին, թե նրանք ովքեր են

Հուլիս 11,2024 10:00

Երեկվանից Կիրանց գյուղով անցնող միջպետական՝ Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը չի գործում՝ դրա մի հատվածը փաստացի անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Իսկ շրջանցիկ «գյուղական» ճանապարհը, եթե նույնիսկ նորմալ ասֆալտապատվի, միեւնույն է՝ շատ ավելի անհարմարավետ կլինի:

Ամեն մի «բարելավում» հայ-ադրբեջանական հարաբերություններում, ի վերջո, հանգեցնում է մեր անվտանգության, տնտեսության եւ, ի վերջո, ինքնիշխանության թուլացման՝ այն ինքնիշխանության, որի իբր ջատագովներն են Հայաստանի ներկայիս իշխանությունները: Նույնը 2021 թվականին տեղի ունեցավ Գորիս-Մեղրի մայրուղու հետ: Այդպիսի հետեւանքներ են ունենալու նոր «սահմանազատումներն» ու «անկլավների» հանձնումը:

Հայաստանի հասարակության արձագանքը, ինչպես Սյունիքի, այնպես էլ Տավուշի դեպքում, մեծ մասամբ անտարբերությունն է: Մեր առօրյա կյանքի վրա Հայաստանի «փոքրանալն» առայժմ չի ազդում՝ մայրաքաղաքում ապրողների «մաշկին» դա առայժմ չի դիպչում: Բացառված չէ, որ այդպես շարունակվի եւս մի քանի տարի, մինչեւ որ կգործի հայտնի օրինաչափությունը՝ քանակը որակ կտա: Մասնավորապես, սահմանամերձ գյուղերի բնակիչների կյանքի պայմանները կդառնան անտանելի, եւ նրանք կլքեն իրենց տները: Իսկ Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան տնտեսական «անոթները» կխցանվեն:

Բայց, կրկնեմ, այսօր դա քչերին է հուզում: Մարդկանց առաջնային հոգեբանական կարիքը ոչ թե փողն է, ոչ թե հագուստն է կամ բնակարանը, այլ՝ ինքնանույնականացումը (self-identification): Միջին վիճակագրական անհատին պետք է մատչելիորեն բացատրել, թե ով է նա: Դա տեղի է ունենում թե՛ խմբային, թե՛ ազգային մակարդակով: Բիսմարկն, օրինակ, բացատրեց գերմանացիներին, թե ովքեր են նրանք, ինչ ճանապարհ պետք է անցնեն՝ ամենեւին չխոստանալով, որ այդ ճանապարհը կլինի հաճելի եւ զվարճալի:

Փաշինյանը նույնպես հասկացրեց հայաստանցիներին, թե ովքեր են նրանք: Եվ այդ բացատրությունը չափազանց ականջահաճո է եւ ոգեւորիչ: «Պարզվեց», որ նրանք դժվարություններից, տառապանքներից, պայքարից ու մաքառումներից հոգնած մի զանգված են, որի ուշքն ու միտքը թեթեւ կյանքն է: Ո՞վ չի ուրախանա նման ինքնանույնականացումից:

…Դեռահասներին ասեք «պետք չէ ոչ մի գիրք կարդալ, առավոտվանից մինչեւ երեկո զվարճացեք՝ ձեր հեռախոսներից դուրս չգալով»: Դեռահասներն ուրախությունից կթռչկոտեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանի: Կիրանցի դպրոցի հարակից հատվածում սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Թերեւս ոմանք ալ պարզապէս լրիւ խորտակուած, վախից կոտրուած, սարսափահար ու սարսափաբեկ, ներքնապէս ոչնչացած են, ողջ մեռելներու վերածուած: Եւ որպէս ուղեղային ինքնապաշտպանութեան ակամայ մեխանիկա, անջատուած են իրականութիւնից, եւ ապաստանած՝ պատրանքների աշխարհում:

    Այդ տեսակները կը շարունակեն դեռ մնալ անհոգ, յարմարիլ կացութեան ու զուարճանալ, նոյնիսկ եթէ թուրք ասկեարները Երեւանի կենդրոնը հասնին… Երեւոյթ մը որ, ի միջի այլոց եւ օրինակի համար, տեղի ունեցած է Փարիզի մէջ իսկ, տարիներով, Երկրորդ Համաշխարհային Պատերազմի վախտ:

    Ու այդ հաւաքական հոգեվիճակն ալ, վարպետօրէն օգտագործում է Փաշինյանը: Նաեւ հեշտօրէն, որովհետեւ բաւարար հակազդեցութիւն չկայ, ազդու հակադարձութիւն չկայ, ազգային կարծեցեալ ուժերին կողմէ…

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Եթե տան ղեկավարը ընտանիքին անբարոյականություն է քարոզում, ապա երկու շարունակություն կարող է լինել՝
    1. Տան անդամները հավաքվում են, ծեծում ու տնից դուրս են վռնդում ընտանիքի ղեկավարին, իրենց տունը կարգի բերում և ապրում բարոյական կյանքով:
    2. Իրենց «դզում է» անբարոյական քարոզները, որովհետև դրանք իրենց մղում են անձնական հաճույքների դաշտ, իրենց ազատում են ընտանիքի պաշտպանության հոգսերից ու վտանգներից և ապահովում են թափառական ապրելակերպի ազատությունները՝ ձևական տրտնջալով հայի բախտի մասին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031