Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերով քննարկում եք` Սրբազանի շարժումը մարե՞ց, թե՞ դեռ չի մարել

Հուլիս 11,2024 13:00

Հազարներով, տասնյակ հազարներով, իրական էջերով ու ֆեյք էջերով օրուգիշեր գրում եք, պատմում եք, թե ձեր երկրին ու ձեր ճակատագրին տեր դարձածն ինչ է անում ու ինչ է անելու, մամուլում նրա ամեն մի բառը, ամեն քայլ են որսում ու, իրար հերթ չտալով, զետեղում իրենց էջերում ու տարածում, որը հենց նրա ցանկությունն է ու նրա սցենարը, որ օրուգիշեր շարունակեն զբաղվել իրենով, խճճվեն իր բառերի մեջ, քննարկեն, գլուխ կոտրեն, ավելի կարեւորեն իրեն, իսկ ինքը հանգիստ, իր ծրագրով շարունակի իր գործը…

Օրերով քննարկում եք` Սրբազանի շարժումը մարե՞ց, թե՞ դեռ չի մարել։ Ասում եք` չէ, չի մարել, դա իշխանությունների, քպ-ականների հնարածն է, նրանք են այդ սուտը տարածում։ Ու վկայակոչում եք Սրբազանին` որ ահա նա ինքն էլ է ասում, որ շարժումը չի մարել։

Իսկ երկիրը նույն արագությամբ սրընթաց անդունդ է գլորվում, արդեն փաստորեն պետականություն չկա, երկրի դարպասների մոտ թշնամին է սպասում իր ժամին։ Սպասում, որ ձեր իսկ ջանքերով ռուսները հեռանան, իրենք վերջնականապես կերտեն Թուրանը։

Իսկ գրում կամ պատմում եք, Շարժումը մարել է, թե չի մարել, այդ ամենից գրոշի օգուտ չկա, որովհետեւ վեց տարի է՝ ձեզ անշեղորեն սպանդանոց են տանում, բայց դրա դեմ ոչ անհատական, ոչ կոլեկտիվ, ոչ մի կոնկրետ քայլ չկա, ստեղծված վիճակից ու չարիքից ազատվելու ոչ մի ծրագիր չկա` բացի անմիտ, ամուլ հանրահավաքներից, երգելով ու պարելով անիմաստ փողոցներ չափչփելուց, ձեզ ծեծող ու ջարդող ոստիկաններին թեյ հյուրասիրելուց ու համատարած ճառ ասելուց։

Անգամ ոչ մեկն այդպես էլ հրապարակավ չհայտարարեց, չպահանջեց, որ այս ապազգային իշխանություններին լեգիտիմացրած ու այսօր էլ ոստիկանության հետ նրա հենարանը դարձած, «ընդդիմադիր» պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները, որովհետեւ ամեն ամիս աղքատ երկրից միլիոններ ստացող այդ մարդիկ, որ երկրին այս չորս տարում մեկ լումայի օգուտ չեն տվել, նույնպես ապազգային են ու այս իշխանությունների հետ երկիրը վերացնում են…

Գրում եք, գրում, գրում, իրար հերթ չտալով` դատարկ ճառում ու ճառում:

Երկիրն է ափսոս, որ Արեւմտյան Հայաստան ու Արցախ եք դարձնում, որովհետեւ ձեր ամենաառաջին ու ամենամեծ թշնամին դուք ինքներդ եք։

Գևորգ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031