Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում. Մնջախաղի թատրոնում իրականացված ժամանակակից բալետի պրեմիերայից հետո

Հուլիս 11,2024 12:30

Վերջապես Երեւանում կայացավ պետական թատրոնի կարգավիճակի մակարդակով ներկայացված ժամանակակից բալետի ներկայացում (լուսանկարներում)` պետական-բեմադրական, ստեղծագործական եւ տնօրինական բոլոր «ատրիբուտներով» (ֆինանսավորում, փորձապրոցեսի կազմակերպում, բեմի տրամադրում…): Ներկայացման հայտարարագրի ռեբուսային խճճանքը բացատրելու համար դիմեցինք պրոֆեսիոնալ հանդիսականներից մեկին՝ Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի 1970-ական թվականների հիմնադիր կազմի արտիստ, ճանաչված մնջախաղաց Լեւոն Իվանյանին:

Լևոն Իվանյանը

-Պարոն Իվանյան, միգուցե մասնագետների համար ամեն ինչ պարզ է, բայց լայն հանրության համար կներկայացնե՞ք կապը Մնջախաղի թատրոնի, ժամանակակից բալետի, «առաջին անգամի» եւ, ի վերջո, ո՞րն է մշակութային «մեծ երեւույթի» ստեղծագործական ատաղձը:

-Բարդ հարց եք տալիս` պարզ պատասխան ստանալու համար: Իսկապես հայտարարագրի մեջ ձեր նշած «ռեբուսային թնջուկը» առկա է, որն ավելի շատ կապված է երեւույթի անսովորության, կարգավիճակի, աշխարհում հայտնի ժանրի մասին շատերիս լսելու եւ վերջապես մեզանում այն պետական մակարդակով սեփական աչքով տեսնելու վաղուց սպասված հաճելի փաստով:

Ռիմա Պիպոյանը

-Մի՞թե մինչ այս ներկայացումը Երեւանում չեն եղել ժամանակակից պարի կամ ժամանակակից բալետի ներկայացումներ եւ ի վերջո կարո՞ղ ենք ձեզ դիմել հարցով` թե որո՞նք են պարի, բալետի եւ մնջախաղի ընդհանրությունն ու տարբերությունը:

-Ձեր հարցերը գնալով ավելի բարդ են դառնում, մինչդեռ ինձնից ակնկալում եք պարզաբանումներ: Փորձեմ: Անցնենք գործի: Երբ ասում ենք «առաջին անգամ», դա վերաբերում է «պետական մակարդակին»: Մինչ այս ժամանակակից պար եւ բալետ մեզանում իհարկե եղել են, բայց դրանք եղել են ուսումնակրթական, փորձարարական, նախասիրական եւ նվիրվածության մակարդակներում: Ի վերջո շատ հարգելի, տաղանդավոր արտիստ եւ պարուսույց Ռիմա Պիպոյանը, որպես միջազգային կարգի ամենաբարձրակարգ մասնագետ, «ձեւավորվել» է Հայաստանում` նախ Պարարվեստի քոլեջի, ապա Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի բաժնում: Եթե կարելի է, պարարվեստում պարի տեսակների եւ բալետի առնչության մասին ես թող չխոսեմ, դա թողնելով զուտ պարի մասնագետներին, բայց սիրով կխոսեմ պարի եւ մնջախաղի մասին, հնարավոր ամենակարճ ձեւակերպումներով, այս դեպքում ե՛ւ որպես արտիստ, ե՛ւ որպես ռեժիսոր: Միանգամից հայտնեմ, որ տարբեր ժամանակներում ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում եւս եղել են ժամանակակից բալետի փորձարարական բնույթի «մինիներկայացումներ», բայց դրանք միշտ կրել են «ակադեմիական-դասական» բալետի «պարտադիր» կնիքը, եւ չեն եղել, եւ չէին կարող լինել, ժամանակակից բալետի դրսեւորումներ, այն էլ պետական միավորի կարգավիճակում: Շատ արագ արժանին մատուցենք Մնջախաղի թատրոնի ղեկավարներին` Ժիրայր Դադասյանին եւ Մանվել Խաչատրյանին, ովքեր իրենց «ոչ ապահով» վիճակով հանդերձ ամեն ինչ արել են ժամանակակից բալետի ներկայացումը պետական կարգավիճակով ներկայացնելու համար: Ես իրենց հետ չեմ խոսել, բայց իրենց լավ ճանաչելով վստահ եմ, որ այդ քայլը շատ մեծ ջանք ու եռանդ է պահանջել իրենցից, որը սիրով ու հոժարակամ արել են: Նույնիսկ ազդագրերից է հստակ երեւում, որ «պետական» դիրքի առավելագույն ջանք է գործադրել թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը: Չերեւացող արժեքներից, որը նույնպես ես չեմ տեսել ու չեմ խոսել, ուզում եմ շեշտել Մնջախաղի թատրոնի ստեղծագործական կազմի բարիկամեցողությունը, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, «իրենց նեղ տեղից տեղ են արել ժամանակակից բալետի թատրոնի կայացման համար»: Ես իմ մնջախաղային գործունեության 50 տարիների դիրքից շնորհակալություն եմ հայտնում Մնջախաղի թատրոնի ամբողջ կազմին եւ շնորհավորում եմ, արդեն կարող եմ ասել` Ժամանակակից բալետի թատրոնի… ծնունդը: Եվ թող կեցցեն մշակութային նոր «ծնունդի» բոլոր մասնակիցները` ե՛ւ կամային, ե՛ւ ստեղծագործական առումով:

-Պարոն Իվանյան, մասնագետների հետ խոսելիս միշտ էլ անտեսանելի նոր երանգներ են ի հայտ գալիս, բայց մի կարեւոր դիտարկման առումով կուզեինք ձեր մասնագիտական դիրքորորշումն իմանալ: Բանն այն է, որ 1996 թվականից Երեւանում, հենց պետական կարգավիճակով հաստատված է եւ գործում է կամ «գործում է» «Երեւանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնը», որը հիմնադրվել է անվանի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի գործունեության համար պայմաններ ստեղծելու համար: Ինչումն է բանը, ինչո՞ւ Ժամանակակից բալետի ներկայացումը չի կայանում այդ «պետական» թատրոնում, մանավանդ որ պարարվեստի քոլեջի նույն բեմը նույն աշխատանքային դաշտն է ե՛ւ Խորեոգրաֆիայի թատրոնի, ե՛ւ քոլեջի, ե՛ւ ի վերջո Ժամանակակից բալետի ստեղծագործական կազմի համար, որը հենց նույն քոլեջի ուսանողներն են եւ նույն քոլեջի դասախոս-պարուսույցն է Ռիմա Պիպոյանը:

-Դարձյալ բարդ ու առավել խճճված հարց եք տալիս: Եկեք ես պատմության, դեմքերի, դեպքերի եւ գերատեսչական խնդիրների մասին չխոսեմ, դա ավելի լրագրողական պարզաբանման խնդիր է, բայց ես կարող եմ իմ հստակ դիրքորոշումը հայտնել հերթական պետական գլուխկոտրուկի մասին, որը շարունակվում է տասնամյակներ շարունակ եւ ոչ մի կառավարություն հանձն չի առնում վերջնականապես լուծել խնդիրը: Ճիշտն ասած` իրականում բավականաչափ պարզ խնդիրը: Իմ դիրքորոշումը հետեւյալն է. մի կողմում` եթե տարիներ շարունակ կա «պետական թատրոն» եւ մյուս կողմում, եթե տարիներ շարունակ կա միջազգային կարգի բարձրակարգ մասնագետ, ով ժամանակակից աշխարհում համաքայլ է ժամանակակից միջազգային պարի բոլոր դրսեւորումների հետ`ե՛ւ որպես պարող արտիստ, ե՛ւ որպես ինքնատիպ պարուսույց, ե՛ւ որպես պարային միջազգային ամենահեղինակավոր միությունների անդամ եւ հայաստանյան ներկայացուցիչ, ե՛ւ որպես միջազգային բազում փառատոների դափնեկիր ու գլխավոր մրցանակակիր, ապա, եթե կարելի է ավելի խիստ ասեմ, ինչո՞ւ է աշխարհի ամենաբարձրակարգ պարի արվեստագետներից մեկը` Ռիմա Պիպոյանը Հայատանում աշխատում միայն պարի մանկավարժության ոլորտում, դա այն դեպքում, երբ աշխարհի ամեն թատրոն կերազի ունենալ նման բազմակողմանի գործիչ-արվեստագետ եւ մեր կառավարությունը փոխանակ հողն ու ծաղիկը իրենց տեղը դնելու, միայն անհաղթահարելի բարդություններ են ստեղծում ինքն իրեն լուծված խնդրի համար: Սա այն դեպքն է, որ չգիտես` ծիծաղես, թե լաց լինես: Իմ դիրքորորշումը պարզ է: Հողն ու ծաղիկը բերել իրար մոտ եւ բոլոր պայմանները ստեղծել ծաղկուն այգի ունենալու համար:

Զրույցը՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.Գ. Երեկոյի ընթացքում ներկայացվեցին հետեւյալ բալետները.

«Ոսկոր»

Խորեոգրաֆիա Rima Pipoyan, կոստյումներ՝ Knkush Malkhasyan

Կատարումը՝ Ռիմա Պիպոյան Պարային ընկերություն

«Սգացող կանայք»

Երաժշտությունը՝ Sergey Umroyan, պարուսույց՝ Ռիմա Պիպոյան, կոստյումներ՝ Քնքուշ Մալխասյան, կատարումը՝ @rima: պիպոյան_պար

«Խալի»

Երաժշտությունը՝ Hayk Karoyi, պարուսույց՝ @rima_pipoyan, կոստյումներ՝ @knkushmalkhasyan, կատարումը՝ @rima: պիպոյան_պար

Մնջախաղի թատրոնի աջակցությամբ՝ Manvel Khachatryan

«Առավոտ» օրաթերթ
10.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031