Լրահոս
Օրվա լրահոսը

Վախե՞ր, թե՞ կեղծ օրակարգ

Հուլիս 11,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել», Բրյուսելի այս ուղերձից առավել էլ ի՞նչ պետք է ասվեր, որպեսզի իշխանությունը հասկանար, որ ԵՄ-ի դռները բաց են ՀՀ-ի համար

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը, համաձայնեք, լուրջ ազդակ էր, որը չէր կարող անտեսվել եվրոպացիների կողմից եւ նրանք չանտեսեցին, համարժեքորեն պատասխանեցին, եւ Հայաստանի դեպքում, նույնիսկ, աննախադեպ որոշում կայացրեցին:

Այն բանից հետո, երբ 2023թ. հոկտեմբերի 17-ին, Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջեւ ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում», ի վերջո, ԵՄ-ում որոշեցին ստուգել Հայաստանի իշխանությունների անկեղծությունը: Այս տարվա մարտին Եվրախորհրդարանի կողմից ընդունած` Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կապերի մասին հատուկ բանաձեւով ԵՄ օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկեց դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:

Փաշինյանը նախ ողջունեց այս բանաձեւը, համոզմունք հայտնեց, որ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա, եւ այնպիսի մթնոլորտ ձեւավորվեց, որ հայաստանյան չորս քաղաքական ուժեր առաջարկեցին Հայաստանի Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել:

Հատկանշական է, որ Հայաստանի եվրոպական ձգտումն արդարացնելու ճանապարհին Փաշինյանի իշխանությունը մատնանշում էր Հայաստանի համար բավական կարեւոր խնդիրներ, դրանք լուծելու ճանապարհին բերում էր համոզիչ հիմնավորումներ:

Օրինակ, անցյալ տարի հոկտեմբերին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջեւ ունեցած ելույթում առանց Ռուսաստանի անունը տալու, Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով 2020թ. պատերազմից ի վեր ստեղծված վիճակը, նշեց. «Մեր անվտանգային ոլորտի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել արտաքին ագրեսիայի ժամանակ, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու հրապարակային կոչեր են հնչեցրել»:

Անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան երկկողմ հարաբերություններին՝ պիտի ընդգծեմ, որ ԵՄ-ն վերջին տարիներին Հայաստանի կառավարության հիմնարար բարեփոխումներին աջակցող առանցքային գործընկերն է: Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ընդգծել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը, որը մեր բարեփոխումների օրակարգի հենասյուներից մեկն է եւ գտնվում է ակտիվ իրագործման փուլում՝ Եվրոպական խորհրդարանում ասաց Փաշինյանը: «Այս տարվա փետրվարից (2023թ.) Հայաստանում գործում է Եվրամիության երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը, որը դիտարկում է անվտանգային իրավիճակն Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով: Սա կարեւորագույն իրադարձություն է, որով Եվրամիությունն առաջին անգամ ներգրավվել է Հայաստանի անվտանգային օրակարգում, ինչի հիմքը դրվեց 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում»,- հայտարարեց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգը շատ ծավալուն է. «Չափազանց էական է ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերին նոր թափ ու ծավալ հաղորդելը, որի կարեւոր նպատակներից են` կայուն եւ համաչափ տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումը, թվայնացումն ու տեխնոլոգիական զարգացումը, ինչպես նաեւ Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության բարձրացումը: Վերջինը հատկապես կարեւոր է թե՛ երկրի շարունակական զարգացման, թե՛ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման համատեքստում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են տարբեր ֆինանսական գործիքներով իրականացվող ավելի քան 400 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, որից շուրջ 270 մլն եվրոն՝ ՓՄՁ ֆինանսների հասանելիության, շուրջ 34 մլն եվրոն` տեխնոլոգիական զարգացման, շուրջ 43 մլն եվրոն՝ Սյունիքի դիմակայունության բարձրացման, եւ շուրջ 62 մլն եվրոն` Երեւանի կանաչ զարգացման ուղղություններով»: Նա հիշեցրեց, որ նույն թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար չափազանց կարեւոր երկու փաստաթուղթ է ընդունվել: «Դրանցից մեկը նախագահ Միշելի, նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի եւ իմ քառակողմ հայտարարությունն է, մյուսը՝ նախագահ ֆոն դեր Լայենի եւ իմ երկկողմ հայտարարությունը:

Երկու հայտարարություններում աջակցություն է հայտնվում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Մենք հանձնառություն ենք ստանձնել առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը եւ Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Այս ամենի վրա հիմնվելով, հարգելի ներկաներ, կարող եմ հստակ եւ համոզված հայտարարել. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն եւ Հայաստանը կանգնած են ուս ուսի տված»: Եկեք շարունակենք կանգնած լինել ուս ուսի՝ ժամանակներն ավելի լավը դարձնելու հանձնառությամբ: Ինչպես ասացի, ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն եւ երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք: Կեցցե՛ ժողովրդավարությունը»,- հայտարարեց Փաշինյանը, ինչին եվրոպացի պատգամավորներն արձագանքեցին հոտնկայս ծափահարություններով։

Այս տարվա մարտի սկզբին թուրքական պետական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Երեւանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Հայաստանը երբեւէ մտածե՞լ է ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին միանալու մասին։ «Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաեւ ԵՄ-ին անդամակցության գաղափարը: Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, եւ ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով եւ կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել»։

Հայաստանի արտգործնախարարը թուրք լրագրողի հետ հարցազրույցում նշել էր. «Եվրամիության հետ մենք ունենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցեւ նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում»:

Այս տարվա մարտի 13-ին Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կապերի մասին հատուկ բանաձեւի ընդունումից 2 օր անց, որով Եվրամիության օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկում էր դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն բավական հստակ պարզաբանում տվեց: Երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի եւ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, սա էր ԵՄ ներկայացուցիչի գնահատականը:

Հարցին, թե Եվրամիության դռները բա՞ց են Հայաստանի առջեւ, Ստանոն, մասնավորապես, պատասխանել էր. «Երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի: Նրանք ազատ են նման ապագան ապահովելու որոշման համար։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, եվրոպական ցանկացած երկիր ինքը պետք է որոշի՝ արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին անդամակցության համար»։ ԵՄ ներկայացուցիչն այնուհետեւ ընդգծել էր՝ երբ երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, ԵՄ անդամ երկրները քննարկում են հայտը, այնուհետեւ ԵՄ պայմանագրերի եւ սահմանված չափանիշների հիման վրա համապատասխան որոշում են կայացնում։

Սրանից ավելի հստակ գնահատական դժվար է պատկերացնել: Սրանից առավել էլ ի՞նչ պետք է ասվեր ԵՄ-ի կողմից, որպեսզի Փաշինյանի իշխանության համար ընկալելի լիներ, թե ԵՄ-ն որքանով է ցանկանում մոտ լինել Հայաստանին…

Եթե ԵՄ-ից ասվում է` «Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել», նշանակում է ԵՄ-ի դռները բաց են Հայաստանի համար, հետեւաբար, գնդակը Փաշինյանի դաշտում էր:

Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարվա մայիսի կեսին Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովում հաղորդավարը ուշագրավ հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին: Նա հետաքրքրվել էր` «եթե երազանք պահելու հնարավորություն ունենայիք, ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ»: Փաշինյանը կատակելով պատասխանել էր. «Ո՞ր թվականին… Ա՛յս»:

Հավելենք, որ Եվրոպական ընտանիքի անդամ դառնալու Երեւանի պատրաստակամության մասին դեռ անցյալ տարի Հայաստանի խորհրդարանի նախագահն էր հայտնել` շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է անդամության թեկնածու դառնալ ու շարժվել այն ուղղությամբ, որը կապահովի առավելագույն անվտանգություն։ Իսկ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիայում, Rus.LSM-ի հետ զրույցում նշել էր. «Մեր հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում ունի։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու հարցը։ Կարծում եմ` ինչ-որ մի օր մոտ ապագայում մենք կունենանք այդ հանրաքվեն, եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի այո՛»։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ չնայած այն փաստին, որ պաշտոնական Երեւանը մի քանի անգամ ու ամենաբարձր մակարդակով, նաեւ` բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Բրյուսելը հնարավոր համարի, եւ այն բանից հետո, երբ ԵՄ-ն հստակ ազդանշան է տվել, որ Հայաստանի համար դռները բաց են, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները «ճարպկորեն» փակեցին այդ թեման: Գոնե` այս փուլում որոշեցին փակել:

Մինչդեռ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը հիմք ընդունելով, կարելի էր օգտվել իրավիճակից, ընդ որում` առանց ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը լքելու, «թակել» նաեւ ԵՄ-ի «դուռը»: Սակայն Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանի եվրոպական տեսլականն ուղղակի կեղծ օրակարգ էր, կամ էլ` Հայաստանի իշխանությունն ունի որոշակի վախեր, դեպի ԵՄ թեքվելու պարագայում Մոսկվայի պատժամիջոցներին արժանանալու մասով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 10.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031