Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպա հասնելը բարդ է, կյանքը Եվրոպայում՝ նույնպես

Հուլիս 11,2024 13:30

Դեռ մի քանի ամիս առաջ ֆեյսբուքյան տարբեր խմբերում, ինչպես նաեւ արցախցիների շփման նեղ շրջանակներում տեղեկություններ տարածվեցին Արցախից բռնի տեղահանված մարդկանց մասին, որոնք արագացված կարգով Շենգեն վիզա են ստանում դեսպանատներում եւ մեկնում Եվրոպա։ Այս գործում նրանց օգնում էին, ասպես կոչված, դեսպանատան «միջնորդները»՝ ընտանիքի մեկ անդամի համար 4500-5000 եվրո վճարի դիմաց։

2024թ. հունվարից արդեն արցախյան 070 կոդով անձնագիր ունեցողներին թույլ չտրվեց Հայաստանի Հանրապետության սահմանը հատել առանց «փախստականի թղթի», որով Հայաստանն իր պաշտպանության տակ առավ տեղահանված արցախցիներին։ Ստացվեց, որ արցախցիները փախստական են իրենց հայրենիքում՝ Հայաստանում, եւ ոչ փախստական՝ արտերկրում։

Եվրոպա մեկնած արցախցիները դժվարությամբ են համաձայնվում կիսվել իրենց պատմություններով։ Մի քանիսը, որ համաձայնվեցին խոսել մեզ հետ, խնդրեցին մնալ անանուն։ Նրանք չցանկացան պատմել Եվրոպա հասնելու ուղիների եւ միջնորդավճարների մասին։ Խորհուրդ տվեցին այդ հարցերին չխառնվել՝ զգուշացնելով, որ ոչ ոք բացահայտ չի ասի, թե ովքեր են զբաղվում դրանով։ Միայն ասացին, որ Եվրոպա հասնելը բարդ է, կյանքը Եվրոպայում՝ նույնպես, բայց դժվարությունները հաղթահարում են հանուն երեխաների ապագայի։ Այն ապագայի, որը կորցրին Արցախում, ու, ցավոք, չվերագտան Հայաստանում։

***

Ստեփանակերտցի Մարինեն (անունը փոփոխված է) հիմա բնակվում է Գերմանիայում։ Արցախից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին։ Երեւանում 29 քառակուսի մետր մակերեսով բնակարան են վարձակալել՝ 200,000 դրամ ամսավճարով։

Երեք երեխա ունեն, երկուսը՝ մանկապարտեզի տարիքի։ Փորձել են երեխաներին մանկապարտեզ տեղավորել, որ կարողանան աշխատել, բայց չի հաջողվել։ Ամուսնուն էլ աշխատանք գտնել չի հաջողվել։ Ստիպված հեռացել են Հայաստանից, գնացել Գերմանիա, որտեղ հարազատ ունեին։ Մեկնել են դեկտեմբերին, երբ դեռ «փախստականի թուղթ» ունենալը պարտադիր չէր երկիրը լքելու համար։

Գերմանիայում ընտանիքին դիմավորել է այնտեղ բնակվող իրենց հարազատը։ Գնացել են փախստականների ընդունման կայան։ Վեց ամսում երկու ճամբար են փոխել, այժմ հինգ հոգանոց ընտանիքով ապրում են գերմանական քաղաքներից մեկում՝ պետության կողմից տրամադրված կացարանում։ Այլ արցախցիների քաղաքում դեռ չեն հանդիպել։

«Ճամբարում վերաբերմունքը մեր նկատմամբ շատ լավ էր, անհրաժեշտ ամեն ինչով ապահովել են։ Ամենադժվար խնդիրը լեզվի չիմացությունն էր, որը փորձում ենք հաղթահարել»,-ասում է Մարինեն:

Դեռ չեն աշխատում` չեն կարող, քանի դեռ պետության կողմից աշխատանքի թույլտվություն չունեն։ Փոխարենը՝ գերմաներեն են սովորում, երեխաների հետ փորձում են հարմարվել նոր երկրի նիստուկացին, բայց նաեւ հեռվից կարոտում իրենց իսկական տունը. «Մենք այստեղ չենք հարմարվել, ստիպված ենք հեռացել Արցախից… Ինձ թվում է, որ հայրենիք կորցրած մարդը դժվար կարողանա հարմարվել ուրիշ տեղ։ Նույնիսկ մեր նկարները չեմ վերցրել տնից հեռանալիս, ինչի համար ամեն օր ափսոսում եմ։ Մտածում էի, որ դեռ հետ ենք գնալու»:

Նրանց կարգավիճակը Գերմանիայում դեռ անորոշ է։ Փախստականի կարգավիճակ չեն ստացել, քաղաքացիության մասին խոսելը դեռ շատ շուտ է։ Կարծում են, որ լեզուն սովորելուց հետո կկարողանան աշխատանք գտնել։

«Մեզ այստեղ պաշտպանված ու հանգիստ ենք զգում։ Իսկ մնացածը, ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա»,-ասում է Մարինեն։

***

Լուսինեն (անունը փոփոխված է) նույնպես Ստեփանակերտից է։ Ունի չորս երեխա եւ երեք թոռ, հիմա սպասում են չորրորդին։ Արցախում 20 տարի տարբեր բիզնեսներով է զբաղվել՝ գեղեցկության սրահ, հրուշակեղենի եւ մթերային խանութներ են ունեցել։ Արցախից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին՝ վերցնելով միայն ընտանեկան լուսանկարները։

«Ամեն ինչ կարելի է հաղթահարել, բայց այն մտքից, որ Արցախում ենք թողել մեր հարազատների գերեզմանները, խելագարվել կարելի է»,-պատմում է Լուսինեն:

2023թ. դեկտեմբերին մեծ գումար ծախսելով՝ յոթ հոգանոց ընտանիքով մեկնել են Ֆրանսիա, որտեղ հարազատ ունեին։ Սկզբում երկու ամիս ապրել են իրենց բարեկամի վարձակալած բնակարանում։ Հետո միգրացիոն ծառայությունը նրանց մեկ այլ բնակարանում է տեղավորել, որտեղ ապրում են մինչ օրս. «Այստեղ ինձ միայն բնությունն է դուր գալիս։ Չկարծե՛ք, թե օտար երկրում ամեն ինչ հեշտ է։ Իմ սպասելիքները չեն արդարացել, ավելին՝ սկզբնական շրջանում հիասթափություն եմ ապրել։ Մինչեւ հիմա անգամ բժշկական ապահովագրություն չունենք, էլ չեմ ասում մնացած խնդիրների մասին»։

Ընտանիքն ապրում է 45,000 բնակչություն ունեցող փոքր քաղաքում, որտեղից Փարիզ հասնելու համար ընդամենը երկու ժամ է անհրաժեշտ։ Քաղաքը մեծությամբ նման է Ստեփանակերտին, բայց մթնոլորտը շատ ուրիշ է։ Փողոցներում քայլող մարդիկ շատ քիչ են հանդիպում, որոշ ժամերի քաղաքը կարծես նույնիսկ անմարդաբնակ լինի։

«Այստեղ մենք ոչինչ չունենք, իսկ Արցախում ունեինք ամեն ինչ՝ աշխատանք, հեղինակություն, պատիվ, բայց ամենակարեւորը՝ ունեինք հայրենիք»,-ասում է Լուսինեն։

Տարբեր տեղերից եկած փախստականները Ֆրանսիայում շատ են։ Այլ արցախցիների էլ են ճանաչում, որոնք հաստատվել են այստեղ։ Շատերը դժվարությամբ են հարմարվում, բայց երբ հիշում են, թե ինչքան գումար են ծախսել Ֆրանսիա հասնելու համար, ստիպված դիմանում են. «Իրականում այնպիսի պայմաններ են ստեղծված, որ սեփական կամքով թողնես երկիրն ու գնաս, բայց չեն հասկանում, որ մենք մեր տունն ու հայրենիքն ենք կորցրել, հիմա էլ ո՞ւր գնանք»:

Մի շարք գործոններ կան, որոնք որոշում են փախստականի ապագան եվրոպական երկրում, օրինակ, թե երկրի որ շրջանն ես գնում, որ կազմակերպությունն է քեզ իր ծածկի տակ վերցնում, ընտանիքդ քանի անդամից է բաղկացած։ Փոքր ընտանիքներին հիմնականում տեղավորում են հանրակացարանում կամ ճամբարում՝ ընդհանուր բաղնիքով եւ խոհանոցով, իսկ մեծ ընտանիքներին առանձին ծածկ են տրամադրում։ Բայց երկրում հարմարվելու եւ հաստատվելու գլխավոր առավելությունը լեզվի իմացությունն է։

Ամեն օր հաճախում են ֆրանսերենի դասերի, ընտանիքի անդամներով նաեւ տանն են սովորում։ Ասում են, որ բարդ լեզու է ֆրանսերենը, յուրացնելու համար շատ ժամանակ եւ ջանքեր է պետք տրամադրել։

«Շատ ցավալի է, որ մեր լեզուն մոռանում են երեխաները։ Ճիշտ է, տներում փորձում ենք հայերենը պահպանել, բայց ամեն դեպքում միջավայրն իրենն անում է։ Դրա համար անընդհատ մտածում եմ հետդարձի մասին»,-մտահոգվում է Լուսինեն։

Տեղի հայերը երբեմն ինչ-որ գործեր են տալիս, փոքր գումարներ են վաստակում, սակայն դա արվում է ներքին կարգով։ Միայն վեց ամիս անց փախստականները կարող են դիմել աշխատանքի իրավունք ձեռք բերելու համար. «Կարգավիճակ չունենք, օդից կախված վիճակում ենք։ Արցախցիների համար ուզում են հատուկ օրենք ընդունել, ինչպես օրինակ՝ ուկրաինացիների դեպքում արեցին, բայց դեռ սպասում ենք։ Յուրաքանչյուր արցախցու պատմություն առանձնահատուկ է, ոչ մեկի պատմությունը մյուսին նման չէ։ Բայց բոլորս էլ սպասողական ու անորոշ վիճակում ենք»։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024թ. հունիսի 1-ի դրությամբ օդային եւ ցամաքային ուղիներով Հայաստանից արտերկիր մեկնած 10 հազարից ավելի արցախցի այլեւս չի վերադարձել։ Պարբերաբար հրապարակվող թվերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ անցած տարեվերջից մինչեւ հիմա Հայաստանից արտագաղթող արցախցիների թիվն ավելանում է։

Անուշ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031