«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրեց արդի հիմնախնդիրների եւ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ «Սահմանադրություն-Салфетка» խորագրով հարցման արդյունքները։
Հարցվածների 80,3 տոկոսը վստահ է, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ եւ միայն 3,3 %-ն է կարծում, թե Հայաստանին լիովին նոր սահմանադրություն է անհրաժեշտ։
Նիկոլ Փաշինյանի կառավարության նախաձեռնած՝ ՀՀ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին 39,4 %-ը ընդհանրապես բացասական է վերաբերվում, 17,5 %-ը՝ ավելի շուտ՝ բացասական, լիովին դրական գնահատում է 16,7 %-ը, ավելի շուտ դրական՝ 21,2 %-ը։
Հայաստանը շարժվում է ճի՞շտ, թե սխալ ուղղությամբ հարցին՝ 15,2 %-ը պատասխանել է՝ լիովին ճիշտ, 10,6 %-ը՝ ավելի շուտ ճիշտ, ավելի շուտ՝ սխալ համարել է 23,1 %-ը, իսկ 28,5 %-ը գտնում է, որ Հայաստանն ընթանում է ընդհանրապես սխալ ճանապարհով։
Կարդացեք նաև
Հարցվածների 33,3 %-ը գտնում է, որ պետք է արցախցիների արժանապատիվ վերադարձի պայմաններ ստեղծել, 29,5 %-ի կարծիքով հարկավոր է սպասել ավելի հարմար ժամանակների, որպեսզի Արցախի հարցը նորից բարձրացվի, 21,5 %-ը համոզված է, որ Հայաստանը պետք է ձգտի վերականգնել վերահսկողությունը Արցախի նկատմամբ եւ միայն 10,2 %-ն է մտածում, թե Արցախի էջը պետք է շրջել հետագա խնդիրներից խուսափելու համար։
Նիկոլ Փաշինյանի աշխատանքը լիովին դրական գնահատել է 13,4 %-ը, իսկ ընդհանրապես բացասական՝ 40,3 %-ը։
29 %-ը գտնում է, որ Հայաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, 16,9 %-ը համոզված է, որ Հայաստանը պետք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին, իսկ 44,3 %-ի կարծիքով որեւէ կառույցի անդամակցել պետք չէ։ ԵՄ-ին անդամակցելուն միանշանակ կողմ է 34,2 %-ը, միանշանակ ոչ՝ 19,1 %-ը։
Որոշակի նվազում է արձանագրել Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման վարկանիշը։ Այն լիովին դրական գնահատել է հարցվածների 18,3 %-ը, ավելի շուտ դրական՝ 15,5 %-ը, բացասական՝ 32,4 %-ը։
Հարցին, թե եթե առաջիկա կիրակի օրը լինեին ընտրություններ, քաղաքացին ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտար իր ձայնը, առաջատարը մնացել է ՔՊ-ն, իսկ 32, 5 %-ը նշել է, ընտրություններին չի մասնակցելու։
Ասուլիսին ներկա «Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Հրանտ Միքայելյանը գնահատելով հարցման արդյունքները ասաց, որ քաղաքական կուրսից դժգոհ մարդկանց թիվը էականորեն քիչ է , քան իշխանության աջակիցներինը։ Այսինքն, իշխանությունը իր վարած մեդիա քաղաքականությամբ կարողանում է մարդկանց գոհունակությունը որոշ չափով բարձրացնել։
Արցախի ու արցախցիների խնդրի մասին հարցման արդյունքների պատկերն էլ, ըստ նրա՝ պայմանավորված է նրանով, որ այս պահին Արցախն արդեն հայաթափվել է եւ ըստ այդմ, մարդկանց տրամադրությունն էլ նահանջ է գրանցել։ «Սակայն այս իշխանության վարած՝ Արցախը մոռանալու քաղաքականության պայմաններում անգամ այդ թիվը 10 % է։ Հետեւաբար, ամբողջ համատեքստում այս քաղաքականությունը աջակցություն չունի։
Ինչ վերաբերում է նրան, թե ընտրություններին մասնակցելու ցանկության բացակայությունը ինչի՞ ցուցիչ է, դա ցույց է տալիս, որ ժողովուրդը քաղաքական դաշտից ակնկալիքներ չունի։ Իսկ Բագրատ սրբազանը կուսակցություն չունի։ Եթե ունենար, այլ արդյունք կարձանագրվեր»,-եզրակացրեց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ