Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոտք դնելով Սպիտակ՝ 24-ամյա ամերիկացի երիտասարդը սկսել է սովորել ու խոսել հայերեն

Հուլիս 10,2024 17:47

24-ամյա Հարրի Փիրսոնը, որը ԱՄՆ-ի Կոլորադո նահանգից է, շուրջ մեկ տարի է՝ ինչ կամավորական աշխատանք է կատարում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի»՝ Սպիտակի երիտասարդների տանը։

Նա Հայաստան է եկել որպես ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր՝ 2 տարի ժամկետով։

Նրա նպատակը «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն հաճախող պատանիների և երիտասարդների զարգացմանն ու հզորացմանը նպաստելն է, կրթական ոչ ֆորմալ ակումբներ իրականացնելն է, կենտրոնի աշխատանքը սոցիալական հարթակներում ցուցադրելն ու երիտասարդների լեզվական հմտությունների բարելավմանն աջակցելն է։

Ոտք դնելով Հայաստան՝ ամերիկացի երիտասարդի առաջին գործը եղել է Հայոց այբուբենին ծանոթանալը, հայերեն գրել-կարդալ ու խոսել սովորելը։

Հարրի Փիրսոնն Aravot.am-ի հետ զրույցում բավական վարժ հայերենով պատմեց, որ Սպիտակում մարդիկ անգլերեն չեն խոսում, շատերը չեն հասկանում, հետևաբար և ինքը որոշեց սովորել հայերեն՝ նրանց հետ հաղորդակցվելու համար։

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ․ մարդիկ ջերմ են, շփվող, Սպիտակը հանգիստ քաղաք է, իհարկե, մշակույթները տարբեր են, բայց ես շատ լավ եմ զգում ինձ Հայաստանում։

Անընդհատ բարելավում եմ հայերենս։

Սկզբում՝ 3 ամիս շարունակ, ուսուցիչ ունեի, հիմա ինքս եմ սովորում, ամիսը մեկ է ուսուցիչը օգնում։ Իհարկե, հեշտ չէ հայերենը, ամեն լեզու ունի իր բարդությունը», -ասում է մեր զրուցակիցը։

Նա հայկական խոհանոցից արդեն ունի իր նախընտրած ուտեստը․ տոլման է։

Ունի նաև մոտ ընկեր, նա 18 տարեկան է, այսօր բանակ է ճանապարհելու նրան, որի համար տխուր է։

Հարրի Փիրսոնը հասցրել է Հայաստանում հյուրընկալել իր ընտանիքի անդամներին, նրանք Նոր Տարվա տոներին եկել են, նրանց հետ ճանապարհորդել է տեսարժան վայրեր, եղել Երևանում, Սպիտակում, Գյումրիում, Ծաղկաձորում, ցույց է տվել այն բոլոր տեղանքները, որոնք ինքը շատ է սիրում։

Նրա ընտանիքի անդամները լեզվական խնդիր չեն ունեցել, քանի որ ինքը թարգմանել է։ Նրանք շատ են հավանել Հայաստանը։

«Երբ գալիս ես ու հյուրանոցում մնում, մշակույթին չես ծանոթանում, պետք է ճանապարհորդել, ուսումնասիրել մշակույթը»,- ասում է մեր զրուցակիցը։

Հարրին Կոլորադայում սովորել է համալսարանում՝ մաթեմատիկայի ֆակուլտետում, ավարտել է քովիդ համավարակի տարածման ժամանակահատվածում, հետևաբար և դժվար է եղել աշխատանք գտնելը։ Զբաղվել է սնոուբորդ սպորտաձևով, աշխատել որպես մարզիչ։

«Երբ գալիս էի Հայաստան, չգիտեի՝ ինչ կլինի, լսել էի երկրաշարժի , Հայոց Ցեղասպանության ու Ադրբեջանի հետ պատերազմի մասին, դժվար իրավիճակ էր, բայց եկա, տեսա մարդիկ շարունակում են ապրել, ժպտալ, հյուրասեր են»,- ասում է Հարրին։

Նա պատմում է, որ Կոլորադոյում թեև քիչ թվով հայեր են բնակվում, սակայն նրանց հետ երբևէ չի շփվել։

Միայն վերջերս պատահաբար իմացել է, որ իր դասընկերը կիսով չափ հայ է, նրա տատիկը տանը հայերեն է խոսում։

«Իմ համար Հայաստանում ամենաթանկը մարդիկ են, ընկերներս են»,- ասում է ամերիկացի երիտասարդը։

Նա հասցրել է լինել Գյումրիի թանգարաններում, «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում»։

Մանրամասները՝ հարցազրույցում՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031