Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Փաշինյանը եւ դուք Քաղաքացու օր եք հայտարարում եւ հյուրասիրություն անում փողոցում, ասում եք՝ եկեք քյաբաբ կերեք, ինչո՞ւ ՔԿ-ն վարույթ չհարուցեց». Արծվիկ Մինասյան

Հուլիս 10,2024 16:53

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրեց «Քննչական կոմիտեի» մասին օրենքում լրացում կատարելու նախագիծը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նիստի ընթացքում դժգոհեց, որ երբ պատգամավորները հանդիպում են ուզում գլխավոր դատախազից, ասում է՝ ժամանակ չունեմ, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ իրավապահ համակարգը ՀՀ-ում վերածվել է բացառապես քաղաքական ծառայություններ մատուցող հաստատության. «Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն կա, որը վերաբերում է հավաքներին նյութապես շահագրգռելու դրույթին, որը ՔՊ-ի ակտիվ նախաձեռնությամբ շրջանառվեց 2021-ին: Բերեցիք արագ իրացրեցիք ու հիմա դարձրել եք քաղաքական գործիք: Վենետիկն ասում է՝ հավաքներին մասնակցելը ոչ միայն խրախուսելի է, այն ընդհանրապես որեւէ կարգավորման չի կարող ենթարկվել: Խոսքը չի գնում նախընտրական շրջափուլի մասին, երբ նյութական շահագրգռվածությամբ որեւէ կերպ ազդել ընտրողների քվեարկության վրա դատապարտելի է: Այլ դեպքերում հավաքներին մասնակցելը խրախուսելի է»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց. «Դուք նորմա՞լ եք համարում, իրավաչա՞փ եք համարում, որ քաղաքացուն նյութապես շահագրգռում են, փող են տալիս, նվեր, նվերի խոստում եւ բերում են որեւէ հավաքի»:

Մինասյանը պատասխանեց. «Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության մեջ հենց դրա մասին է խոսում, որ խրախուսելի է հավաքին մասնակցելը, եթե իր մեջ չի ներառում հարկադրանքի կամ պարտադրանքի տարր: Եթե տալիս եք որեւէ նվեր ու պարտադրում եք, սա դատապարտելի է: Կոնկրետ օրինակի է բերվել ԵԽ բանաձեւում Ավետիք Չալաբյանի, երբ դատական ակտ կա՝ անձին զրկելով հավաքներ կազմակերպելու կամ մասնակցելու իրավունքից: Սա գալիս է ՔԿ-ի սխալ ձեւավորված պրակտիկայից: Թե՝ բազմամարդություն ապահովելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելով՝ բերել են հավաքների: Տեսեք, բազմամարդությունը կարեւոր նպատակներից մեկն է հավաքներ կազմակերպողի: Երբ որ Նիկոլ Փաշինյանը եւ դուք Քաղաքացու օր եք հայտարարում եւ հյուրասիրություն եք կազմակերպում փողոցում, ասում եք՝ եկեք քյաբաբ կերեք, կամ երբ գնում եք ձեր թիմով մարզեր հավաքների, մարդկանց ավտոբուսներով բերելով, պայմաններ ստեղծելով՝ նրանց հավաքի բերելու, ինչո՞ւ ՔԿ-ն գոնե մեկ անգամ չհարուցեց այդպիսի քրեական վարույթ»:

Հանձնաժողովի նախագահը ընդմիջում հայտարարեց, իսկ ընդմիջումից հետո ՔՊ-ականներ Լիլիթ Մինասյան ու Արփի Դավոյանը ասացին, որ այդ հարցերի պատասխանը կհնչեցնեն լիագումար նիստում՝ ելույթով:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031