Լրահոս
Օրվա լրահոսը

«Համամարդկային մշակույթի մաս կազմող մշակութային արժեքները ոչնչացվում են մարդկության աչքի առաջ»

Հուլիս 10,2024 16:02

«Ապառաժ». 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Արցախի Հանրապետության մեծագույն մասը, ընդ որում այդ մեծագույն մասի մեծ մասն առանց կռվի, ոչնչացման վտանգը դամոկլյան սրի պես կախվեց մեր պատմամշակութային ժառանգության գլխին։ Սոցիալական ցանցերում իրար հետևից հայտնվում էին եկեղեցիների, տարբեր նշանակության հուշարձանների, խաչքարերի քանդման, պղծման մասին վկայող նյութեր, զուգահեռ նաև հայկական պատմամշակութային ժառանգությունը աղվանականացնելու հայտնի մեթոդաբանությունը։

Ու չնայած Արցախ խաղաղապահ ուժեր ուղարկած երկրի ղեկավարն իր պատասխանատվության տակ էր վերցրել այդ ժառանգությունը, այդուհանդերձ դա մնաց սոսկ հայտարարության մակարդակում և ոչ մի գործնական քայլ։

Իսկ 2021 թ. դեկտեմբերի 7-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիվս այլ հարցերի պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Քարին տակ

Սակայն ցայսօր, ցավոք սրտի, շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի դեմ վարվող պատերազմը, 2023 թվականի սեպտեմբերից հետո, արդեն Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում, ընդգրկելով նաև գերեզմանոցներ ու բնակավայրեր։ Այսօր հիմնովին վերացվել է Քարին տակ հին հայկական բնակավայրը, վերացվում են Ստեփանակերտում ամբողջական թաղամասեր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ ցուցադրական կերպով արհամարհում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածը և ՄԱԿ-ի 1966 թվականի «Տնտեսական, քաղաքական և մշակութային իրավունքների դաշնագրի» 15-րդ հոդվածը, «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածը և մշակութապահպան այլ միջազգային իրավական նորմեր։ Նա շարունակում է դեռևս 1920-ական թվականներից որդեգրված ցեղասպան քաղաքականությունը, տարածքը հայերից ազատելուն զուգընթաց վերացնելով նաև հայկական հետքը։ Եվ դա արվում է հնարավոր բոլոր ուղղություններով, թե ֆիզիկապես ոչնչացնելով հայերի կողմից դարերով ստեղծված ժառանգությունը, թե օտարելով, հայտարարելով այն աղվանական և իհարկե իսլամական շապիկ հագցնելով ներկայացնելով որպես իսլամական-ադրբեջանական մշակույթ։

Ադրբեջանի յուրաքանչյուր քայլն ուղղված է Արցախի մշակութային նկարագրի աղճատմանը և այս օրերին մզկիթներ կառուցելով տարբեր բնակավայրերում, նույնիսկ այնտեղ որտեղ երբևէ մզկիթ չի եղել, օրինակ Հադրութում, տարածքի իսլամացման գործընթաց է վարվում, որը նույնպես գալիս է 20-րդ դարից, երբ խորհրդային Ադրբեջանի չինովնիկները առաջնորդվում էին, «այն ինչ Ադրբեջանինն է՝ ադրբեջանական է» կարգախոսով։

Պետական մակարդակով Արցախում թիրախավորված են խաչքարերը, որն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սակայն այս և մյուս բոլոր կոնվենցիաները, իրավական նորմերն ու որոշումները դեմ են առում ադրբեջանական պատին։ Իսկ համամարդկային մշակույթի մաս կազմող մշակութային արժեքները ոչնչացվում են մարդկության աչքի առաջ։

Եվ ո՞վ է մեղավոր, Ալիևը, որ պատերազմ է սկսել քաղաքակրթության դեմ, թե՞ նրանք ովքեր զսպող գործիքներ ունեն, բայց չեն զսպում։

Ա.Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031