«Մենք օգնությունից անցնում ենք առեւտրի; Ես քիչ առաջ հանդիպեցի ՀՀ վարչապետին, կարեւորագույն աշխատանքային ուղղությունը նրա համար առեւտրաշրջանառության ավելացումն է ՀՀ եւ ԱՄՆ-ի միջեւ»,- ասուլիսում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։
«Պատմական եռակողմ հանդիպում տեղի ունեցավ ԵՄ հետ՝ ի սատարումն Հայաստանի: Հանդիպումը տեղի ունեցավ ապրիլին՝ Բրյուսելում, եւ ես պատիվ ունեցա մասնակցել այդ հանդիպմանը…Մենք նոր մակարդակի ենք բարձրացնում մեր հանդիպումները, անցյալ ամիս հայտարարեցինք ռազմավարական գործընկերության մեկնարկը, այսօր ուրախ եմ հայտարարել մի քանի նոր ամերիկա-հայկական այլ նախաձեռնությունների մասին, որոնց արդյունքում էլ ավելի կբարձրանա հայ ժողովրդի դիմակայունությունը»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը:
«Լոռու մարզի եւ Տավուշի աղետալի դեպքերից հետո ես հայտարարում եմ նոր գործընկերության մասին, որը կօգնի տեղական համայնքներին ավելի լավ պատրաստվել հնարավոր բնական աղետներին»,-հավելեց նա:
Սամանթա Փաուերն անդրադարձավ նաեւ Հայաստանի պարենային անվտանգության բարելավմանը, ասաց, որ աշխատելու են ամերիկյան ընկերության հետ, որի ղեկավարը սփյուռքահայ է:
Կարդացեք նաև
Ընդգծեց, որ ի թիվս այլնի՝ կաջակցեն նաեւ հեղեղակայուն եւ երաշտակայուն ցորենի տեսակների մշակմանը: ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը հիշեցրեց նաեւ 5 մլն դոլարի ներդրումի մասին, որը կուղղվի էլեկտրոնային անվտանգ համակարգերի ստեղծմանը:
«ԱՄՆ-ը պատրաստ է ՀՀ կողքին կանգնել, ԱՄՆ-ը պատրաստ է հայերի կողքին կանգնել հանուն այն ապագայի, որն այսօր կառուցում է հայ ժողովուրդը»,-ասաց Փաուերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ