«Այսօր այս գեղատեսիլ վայրում եմ՝ Գաֆէսճեան կենտրոնում, որ ամեն առումով վկայում է այս երկրի հարուստ պատմության մասին, վկայությունն է իր ժողովրդի դիմակայունության եւ այն արտառոց ներդրումների, որ հայերն ունեցել են ամբողջ աշխարհում: Այսօր այստեղ եմ, քանի որ Հայաստանը պատուհան ունի հնարավորության՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը եւ հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ երկար ժամանակ երազել են»,- ասուլիսում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը։
Նա ամփոփում է իր պաշտոնական այցը, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների հետ ։
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ ԱՄՆ-ն ընդհանրապես, պատրաստակամ ենք օգնելու Հայաստանին՝ առավելագույն արդյունք քաղելու հնարավորության այս պատուհանից: Երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ փոփոխություն պահանջեց 2018-ին, այդ ժամանակից ի վեր Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել, խորացրել ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի կառավարությունը կարողանա ավելի արձագանքող լինել քաղաքացիների կարիքներին, ստեղծել տնտեսական հնարավորություններ, որոնք նախկինում կոռուպցիայի պատճառով անհնար էին :
Կարդացեք նաև
Այսօր Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը: ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչները շարունակում են բանակցություններն՝ ուղղված հաշտությանը:
ԱՄՆ-ը կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որպեսզի Հայաստանը օգտագործի պատմական այս պահը: Վերջին երկու տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն կրկնապատկել է աջակցությունը Հայաստանին: Մենք աջակցել ենք հայ ժողովրդի ժողովրդավարական բարեփոխումների պահանջին»,-ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ