Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալների հիվանդանոցը նախատեսում են տանել մասնավորեցման ու պայման է նախատեսված նոր շենք տրամադրել դրա փոխարեն

Հուլիս 10,2024 15:24

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու նախագիծը: Ըստ նախագծի, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման պատշաճ կազմակերպման համար նպատակահարմար է ԱՆ քրեակատարողական ծառայությունում ունենալ առանձին քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժ կկրեն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, խնամքի եւ սպասարկման կարիք ունեցող ազատազրկման դատապարտված անձինք: Նախատեսվում է, որ բուժական քրեակատարողական հիմնարկում պահվելու են ինչպես հիվանդանոցային բուժման եւ խնամքի կարիք ունեցող, այնպես էլ վարակիչ կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ ունեցող դատապարտյալները: Բուժական քրեակատարողական հիմնարկում իրականացվելու են որոշակի վիրահատական միջամտություններ, տուբերկուլյոզի կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ վարակիչ հիվանդությունների, անձի խանգարումների, օրգանական հոգեկան սինդրոմների եւ այլ հիվանդությունների ստացիոնար բուժում եւ խնամք:

Դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելու է քրեակատարողական ծառայությունից անկախ գործող մասնագիտացված կազմակերպությունը:

Լեւոն Բալյան

Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանին ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը հարցրեց, թե չարաշահումներ չե՞ն լինի, դատապարտյալները ամեն ինչ կանեն, որ մնան այդ հիվանդանոցում: Փոխնախարարը չբացառեց. «Որպես զսպիչ գործիք նախատեսել ենք խցային պայմաններ»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց մարդու իրավունքների տեսանկյունից խնդիրներ չե՞ն լինի, եթե խցային պայմաններ են, զանգի կոճա՞կ է լինելու, կամ եթե 50 հոգի կաթիլայինի տակ պառկած լինեն խցերում, ո՞նց են սպասարկելու եւ այլն: Փոխնախարարն ասաց, որ Լատվիայի փորձն են հաշվի առել ու հավանաբար կլինի զանգի կոճակ:

Թե ինչ միջոցներ պետք է ծախսեն այդ նոր հիվանդանոցի համար՝ Բալյանն ասաց, որ Արշակունյաց պողոտայի վրա գտնվող շենքը նախատեսում են տանել մասնավորեցման ու պայման է նախատեսված նոր շենք տրամադրել դրա փոխարեն, հետեւաբար բյուջեի վրա մեծ ծախս չի լինելու: Մինչ նոր շենքը կլինի, պետք է հին շենքային պայմաններում կազմակերպեն:

Ըստ Արփի Դավոյանի, կիսատ-պռատ է արվում, որովհետեւ պետք է համբերեին, մինչեւ շենքը լիներ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համաձայնեց, որ նախ պետք էր ենթակառուցվածքն ունենալ, նոր կարգավորումներն անել: Բացի այդ, նա խնդրահարույց համարեց, որ նախագծում սահմանում են՝ ովքեր ունեն երկարատեւ բուժման կարիք, նոր տեղափոխեն այդ հիվանդանոց. «Կարող է մինչեւ դիագնոզը դնեն, մարդը մեռնի, ինչի՞ եք արհեստական սահմանափակում դնում»:

Դավոյանը, որը հարակից զեկուցող էր, ասաց, որ անընդունելի է, որ հրատապ ռեժիմով պիտի այս հարցը քննարկեն, նախ, պետք է առողջապահության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ էլ քննարկում անեին: Նա նշեց, որ մի շարք հարցեր կան՝ արդյոք սա չի՞ լինի հարմարավետ տեղ, որտեղ որոշ դատապարտյալներ կանցկացնեն՝ մեր իրականությունից ելնելով, կարո՞ղ են այդ նոր հիվանդանոցում բարդ վիրահատություններ անել եւ այլն: Այդուհանդերձ, նա հորդորեց դրական եզրակացություն տալ նախագծին:

Բալյանն ասաց, որ զսպող մեխանիզմներ են ներդրված, որ հանկարծ մարդիկ գրիպ չընկնեն ու գնան հիվանդանոցում հարմար պայմաններում պառկեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031