«2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ԱԺ նիստից հետո ես զանգել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ առաջարկել ԱԺ ղեկավարությունով գնալ Լեռնային Ղարաբաղ եւ տեղում տեսնել՝ ինչ ենք անում»,- եթերում պատմեց վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Արարատ Միրզոյանն այդ ժամանակ իրեն հորդորել է սպասել:
«Սեպտեմբերի 27-ի օրվա բոլոր լուրերը վատն էին, չնայած արդեն սկսվում էր պետական քարոզչությունը, որ մենք հաղթում ենք: 28-ի լուրերն էլ հուսադրող չէին, բայց բոլորս, ինքս էլ, ուզում էինք հավատալ, որ հաղթում ենք: 29-ին նույնը: Եվ 30-ի առավոտյան ԱԺ նախագահը կապվում է ինձ հետ եւ ասում, որ ինքը շատ փոքր կազմով գնում է Լեռնային Ղարաբաղ եւ եթե ես ուզում եմ գնալ, ապա իմ սեփական պատասխանատվությամբ: Այսինքն, պարտադրանք չկա: Ես եւ մեր պատգամավորներից Հարություն Բաբայանը ԱԺ նախագահի հետ միասին մեկնեցինք Ստեփանակերտ: Ամբողջ ճանապարհին՝ որքան գնում էինք առաջ, այնքան տրամադրություններս անկումային էին դառնում, որովհետեւ ամբողջ ճանապարհին տեսնում էինք շտապ օգնություններ, շտապ օգնություններ, շտապ օգնություններ, որոնք մեծ արագությամբ սլանում էին դեպի Հայաստանի տարբեր քաղաքների հիվանդանոցներ: Եվ հասկանում էինք, որ պատերազմի ինտենսիվությունը շատ մեծ է: Չեմ ուզում անդրադառնալ, թե այդ ժամանակ ինչ լուրեր էին տրվում մամուլում:
Հասանք Արցախ, Ստեփանակերտ: Ուզում եմ հիշեցնել, որ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը իր հայտնի մարտակոչն էր հնչեցնում եւ բոլորին կոչ էր անում գալ, միանալ: Տեղ հասնելով իմացանք, որ նա շենքի վրայից դրոշն իջեցրել եւ իր հետ տարել է: Խոսակցությունները մինչեւ հիմա էլ կան, թե ինչի համար էր իջեցրել, ինչի համար էր իր հետ տարել:
Մտանք Արցախի ԱԺ բունկեր, որտեղ ԱԺ նախագահը դիմավորեց մեզ: Բոլոր պատգամավորները, տարբեր պաշտոնյաներ, զինվորականներ, պատերազմից տվյալ պահին եկած, փոխարինվող մարդիկ այնտեղ էին: Հիշեցնում եմ՝ պատերազմի երրորդ օրն էր:
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանը գնաց մյուս բունկեր, որտեղ ես երբեւէ չեմ եղել, այն բունկեր, որտեղից պատերազմն էր ղեկավարվում: Մենք ԱԺ բունկերից բացի՝ նաեւ ԱԺ տարածքում էինք լինում, Ստեփանակերտի հրապարակում:
Ամենացնցողն այն էր, որ պատերազմի երրորդ օրը ում տեսնում էինք, հարցնում էին՝ ինչի՞ ենք եկել: Մի անհասկացվածություն կար, որովհետեւ «հաղթում ենք, հաղթում ենք» ֆոնն էր եւ մեր մեջ ոգեւորություն կար: Ում տեսնում էի, ասում էին. «Այ ախպեր, ի՞նչ զենք, ո՞ւր եք եկել: Կարեւոր մարդիկ եք, հետ գնացեք, Փաշինյանին համոզեք՝ զանգի Վլադիմիր Պուտինին: Էս պատերազմը կանգնեցրեք: Արագացրեք, այստեղ մի մնացեք, դուք այստեղ անելու բան չունեք: Մեզ այստեղ ավտոմատով մի հոգի ավել, մի հոգի պակաս մարդ պետք չի: Ավտոմատով որեւէ մարդ չի կարող փոխել այն, ինչ տեղի է ունենում:
Ո՞նց կարող է նման բան լինել: Չեմ հասկանում: Հերթով հանդիպում եմ բոլորին, տարբեր մարդկանց: Ու հատկանշական է, որ այդ պահին մարդիկ կային, պաշտոնյաներ, որոնք «ախրաննիկներով» Ստեփանակերտի հրապարակում լուրջ դեմքերով քայլում էին: Պատկերացնո՞ւմ եք, ռմբակոծման տագնապ է ու այդ մարդը մտածում է, որ եթե ռակետն ընկնի, իր «ախրաննիկն» իրեն փրկելու է:
Բացի Արայիկ Հարությունյանից ու այդ պահին գործող պաշտպանության բանակի հրամանատարից, այնտեղ բազմաթիվ զինվորականների եւ քաղաքական գործիչների եմ հանդիպել: Ու բոլորը միաբերան ինձ ասել են՝ արագ հետ գնացեք ու ամեն ինչ արեք, որ պատերազմը կանգնի:
Ու իմ մեջ հարց է առաջացել. բոլոր այն մարդիկ, որոնք պարտավոր են, կոչված են այդ պատերազմում հաղթանակ ապահովել, ինչի մասին խոսել են 30 տարի, բոլորն ասում են՝ տարբերակ չկա, այս կռիվը պետք է շատ արագ կանգնեցնել: Ու իմ մեջ խզում է առաջացել իմ իմացածի, պատկերացրածի ու իրականության միջեւ»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը նաեւ մի դրվագ հիշեց, որն իր կարծիքով նույնպես շատ կարեւոր է: Խոսքը իր եւ այն ժամանակվա արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի միջեւ զրույցի մասին է այն հարցի շուրջ, որ նախկիններն ասում են՝ հողերը տալիս է: «Հարցնում եմ, թե ինչ փաստաթուղթ կա դրված սեղանին, նա ասում է, որ փորձում են փոխել բանակցությունների կոնցեպտը, որ տարածքներ չենք քննարկում, այս բանակցություններում քննարկում ենք անվտանգություն, կարգավիճակ: Նա հողեր հանձնելու մասին ասաց, որ դա բացառված է:
Նախկինները գիտեին, որ կա Լավրովի պլան, որն իրենք երկար տարիներ մերժել են: Հետո եղել է հեղափոխություն եւ եկել է Փաշինյանը: Իրենք գիտեին, որ նույն պլանն առաջարկվելու է Փաշինյանին: Հետեւաբար, պետք էր ասել՝ նա եկել է, որ հողերը տա: Փոխանակ ասեին, որ աջակցում են իրեն, որ գնա, բանակցելու միջոցով այդ պլանն իրականացնի, որպեսզի պատերազմ չլինի եւ խաղաղ կարգավորման լուծում գտնվի:
Հիմա Փաշինյանն ասում է, որ միեւնույն է, դա չէր լինելու, մարդկանց չենք կարող համոզել եւ այլն: Բայց դա հիմա էական չէ, որովհետեւ դուք չեք փորձել դա անել: Եվ Ալիեւը ավելի ռազմատենչ է դարձել, քան եղել է երբեւէ»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու պատգամավոր Տարոն Սիմոնյանն 2021 թ հունվարին Արցախում հանդիպել էին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին. «Հանդիպմանը քննարկել են հետպատերազմյան շրջանում արցախահայության առջև ծառացած հումանիտար և անհապաղ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև խորհրդարանական համագործակցության հարցեր»: