Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին վկայակոչեց «Պետական սահմանի» մասին օրենքը ու ասաց, որ այդ օրենքով կա սահմանային գոտի եւ սահմանային շերտ հասկացությունը, ըստ որի սահմանային գոտին մինչեւ 5 կմ լայնությամբ է, սահմանային շերտը՝ մինչեւ 1 կմ լայնությամբ: Սահմանային շերտի համար կան սահմանափակումներ, արգելում են ոգելից խմիչքի օգտագործումը, վերցնել զենք, ընտանի կենդանիների արածացնել եւ այլն: Իսկ Կիրանցում այն փշալարերը, որ անցկացրել են, մոտ 15 մետր այն կողմ տուն է, ինչը նշանակում է, որ Կիրանցի բնակչը իր տանը առիթ լինելու դեպքում չի կարող ալկոհոլ խմել:
Իր ելույթում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Նույն սահմանային գոտի եւ սահմանային շերտ հասկացությունները վերաբերում են նաեւ Մեղրիի, Ագարակի հատվածներին: Ագարակի մի մասը, Նռնաձորը, Մեղրիի մի մասը հենց գտնվում են սահմանային գոտու եւ սահմանային շերտի մեջ եւ լրիվ կարգավորումները կան, բայց այսքան ժամանակ ոչ մեկը հարց չի բարձրացրել՝ ինչո՞ւ է այդպես: Այս հարցը մենք մեկ տարի առաջ քննարկել ենք, կարծում եմ, անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կատարել «Պետական սահմանի» մասին օրենքում, որովհետեւ սա խորհրդային կարգավորումներն են՝ 5 կմ, 1 կմ, մենք էդքան տարածք չունենք՝ 5 կմ, որ մի հատ էլ ՌԴ սահմանապահ զորքերը դա համարեն սահմանային գոտի ու ինչ-որ սահմանափակումներ մտցնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ