Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հանդիպել եմ Արցախի ԱԱԾ-ի նախկին տնօրենի հետ, ճի՞շտ եմ հասկացել, որ ամեն ինչ գտնվում է ձեր տնօրինության շրջանակում». Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ ԱԱԾ փոխտնօրենին

Հուլիս 10,2024 13:58

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը: Առաջարկվում է սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք, որոնք 2023-ի սեպտեմբերի 19-ի դրությամբ ունեցել են պաշտոն, Հայաստանում թափուր պաշտոն առաջանալու դեպքում անցնեն ծառայության:

Վիլեն Գաբրիելյան

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ նախ պետք է աշխատանքային կարգով քննարկեին նախագիծը, նոր բերեին հանձնաժողով. «Իմ մոտ հարցեր են առաջացել: Հիմնավորումը կարդացի, իմաստը, եթե ճիշտ եմ հասկանում, ստեղծում ենք իրավական հիմքեր, որ ԼՂ ԱԱԾ նախկին աշխատակիցները կարողանան աշխատանքի անցնել ՀՀ-ում: Ի՞նչ իրավական հիմքով է ապացուցվելու, որ տվյալ անձը եղել է Ղարաբաղի ԱԱԾ ծառայող ու արդյոք դա ՀՀ-ում իրավաբանական ուժ ունի՞: Ու եթե իրավական հիմքը նոր է ստեղծվում, ո՞նց են ԼՂ-ի ծառայողները ՀՀ ՊՆ-ում ծառայության անցել»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ եթե պնդում է հարցը, այն կքննարկեն փակ ռեժիմով:

Անդրանիկ Սիմոնյան

Անդրանիկ Սիմոնյանն էլ ասաց, որ բոլոր իրավական հիմքերը կստուգվեն, նաեւ այն, թե արդյոք տվյալ անձը իր տվյալներով բավարարո՞ւմ է պահանջներին:

Վիլեն Գաբրիելյանը պնդեց՝ Արցախի իրավաբանական լուծարումից հետո ո՞րն է իրավական հիմքը լինելու:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տվյալների բազան այսօր տնօրինում է ՀՀ ԱԱԾ-ն. «Ես հանդիպել եմ Արցախի Հանրապետության ԱԱԾ-ի նախկին տնօրենի հետ, ճի՞շտ եմ հասկացել, որ ամեն ինչ գտնվում է ձեր տնօրինության շրջանակում»:

ԱԱԾ փոխտնօրենը հաստատեց. «Մենք այս հարցը կարգավորելու համար բավարար տեղեկատվության տիրապետում ենք»:

Վիլեն Գաբրիելյանն իր ելույթում եւս մի քանի հարց հնչեցրեց, մասնավորապես, հորդորեց ասել, թե Արցախի ԱԱԾ անձնակազմը ե՞րբ է լքել Ղարաբաղի տարածքը: Նրա հարցերին կպատասխանեն ոչ հրապարակային:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031