ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ Հարցը՝ վաղը մեկնարկող ԱԺ արտահերթ նստաշրջանում կքննարկվի արտակարգ ռեժիմով։
Նախագծով առաջարկվում է 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամության ունեցող անձանց հաշմանդամության կարգի փոփոխության պարագայում, փոփոխված գումարի փոխհատուցման սահմանում։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմից հետո ունեցել ենք շահառուներ, որոնց հաշմանդամության կարգն է փոխվել՝ պայմանավորված առողջական վիճակի փոփոխություններով, եւ, ըստ այդմ, նաեւ գումարի փոխհատուցման չափն է փոխվել։ 44-օրյայից հետո միջանկյալ լուծում էր գտնվել։ Հիմա առաջարկվում է «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց համար փոխհատուցման չափը պահպանել 20 տարի՝ այն հաշմանդամության կարգով, ինչ կարգով անձը դարձել է հիմնադրամի շահառու, անկախ այդ ընթացքում հաշմանդամության կարգի փոփոխությունից։
Օրենքն ընդունվելուց հետո, ամբողջ բաց թողնված ժամանակահատվածի համար, շահառուն կստանա գումարը՝ միանվագ՝ երեք ամսվա ընթացքում։
246 շահառու երկրորդ կարգից դարձել է երրորդ կարգի հաշմանդամ, 46 զինհաշմանդամ էլ առաջին կարգից երկրորդ կարգի փոփոխություն են ունեցել։
Կարդացեք նաև
Նաեւ մարտական գործողությունների ընթացքում ստացած վիրավորումներից, հետագայում մահվան դեպքում փոխհատուցման մասով է փոփոխություն առաջարկվում։ Գործով օրենքով ժամկետ էր սահմանված՝ մահից հետո 5 տարվա ընթացքում․ այժմ այդ ժամկետը հանվել է։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ