Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրենքով, եթե Կիրանցի բնակչի տանը առիթ լինի, արգելվելու է ոգելից խմիչքի գործածումը, կամ եթե խանութ բացի այստեղ, արգելվելու է». Գեղամ Մանուկյան

Հուլիս 10,2024 13:16

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը: Առաջարկվում է սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք, որոնք 2023-ի սեպտեմբերի 19-ի դրությամբ ունեցել են պաշտոն, Հայաստանում թափուր պաշտոն առաջանալու դեպքում անցնեն ծառայության եւ ժամկետ է սահմանվում մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը:

Անդրանիկ Սիմոնյան

Ինչպես նշեց Անդրանիկ Սիմոնյանը, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ Արցախի ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել շարունակելու ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ում, իսկ օրենքը թույլ չէր տալիս: Բացի այդ, կա նաեւ ամրագրում, որ այլ երկրի քաղաքացիները չեն կարող ծառայել ՀՀ ԱԱԾ-ում: Հիմա հաշվի է առնվելու նաեւ Արցախի ԱԱԾ-ականի կոչումը, ստաժը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց. ««Պետական սահմանի» մասին օրենքում կա սահմանային գոտի եւ սահմանային շերտ հասկացությունը, ըստ որի՝ սահմանային գոտին մինչեւ 5 կմ լայնությամբ է, սահմանային շերտը՝ մինչեւ 1 կմ լայնությամբ: Սահմանային շերտի համար կան սահմանափակումներ, օրինակ, արգելում են ոգելից խմիչքի օգտագործումը, վերցնել զենք, ընտանի կենդանիների արածեցման սահմանափակումներ կան, առեւտրային գործունեության սահմանափակումներ կան: Իսկ Կիրանցում այն փշալարերը, որ անցկացրել եք, մոտ 15 մետր այն կողմ տուն է»:

Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը նկարի վրա ցույց տվեց փշալարի ու տների հեռավորությունը ու հարցրեց. «Համաձայն օրենքի, դա դիտվում է որպես սահմանային շերտ: Այն բոլոր սահմանային ռեժիմները, որ կան Հայաստան-Թուրքիա սահմանին, ո՞նց եք պատրաստվում կանոնակարգել, որպեսզի Կիրանցի բնակիչների կենսագործունեությունը չխաթարվի, որովհետեւ այս օրենքով, եթե Կիրանցի բնակչի տանը առիթ լինի, արգելվելու է ոգելից խմիչքի գործածումը, կամ եթե խանութ բացի այստեղ, արգելվելու է»:

Անդրանիկ Սիմոնյանն ասաց, որ իրավաբան է ու իր խոսքին մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում, ուստի հորդորեց հարցը գրավոր ուղարկել, որպեսզի սպառիչ ու խորքային պատասխան տան:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031