Ասում է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը
Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի դիմումներից մեկին անդրադարձել էինք այս տարվա հունվարին (2024թ. հունվարի 17, «Առավոտ», «Արմեն Տեր-Սահակյանը նիստի օրը ատամների իմպլանտացիայի վիրահատության էր»): Մենք տեղեկացրել էինք, որ Արմեն Տեր-Սահակյանը պայմանական վաղաժամկետ ազատման դիմումից հրաժարվել էր՝ խնդրելով այն թողնել առանց քննության: Դատապարտյալի եղբայրը՝ Սահակ Տեր-Սահակյանն էլ «Առավոտին» հայտնել էր, որ եղբայրը չի հրաժարվել իր պայքարից, բողոքներից, նա 25 եւ ավելի տարիներ գտնվում է անազատության մեջ (եթե ԱԱԾ-ի մեկուսարանում գտնվելն էլ հաշվենք՝ մոտ 29 տարի): Տեր-Սահակյանը դիմել էր «Առավոտին», խնդրելով կրկին իր գործի հետ կապված տեսակցենք իրեն: Ստանալով ՔԿ ծառայությունից թույլտվություն՝ մենք հանդիպեցինք, զրուցեցինք Արմեն Տեր-Սահակյանի հետ:
Նախ, իմ հիշեցմանը, թե նա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան չի գնացել՝ վաղաժամկետ ազատման դիմումի հետ կապված, Արմեն Տեր-Սահակյանն ասաց. «Ես եկել էի դատարան: Չհասցրեցի մոտենալ Աջափնյակի դատարանի դռանը: Չէի իմանում, որ մարդիկ կան հավաքված: Ես այդ մարդկանցից ոչ վախենում էի, ոչ քաշվում, ոչ ամաչում: Ուզում էի հասկանայի, ինչու են հավաքվել, ինչ է եղել…
Կարդացեք նաև
Եկել էի հայցս հետ վերցնեմ: Փաստաբաններիս հետ որոշել էինք, որ բաց ռեժիմի համար կդիմենք, ապա նոր՝ վաղաժամկետ ազատման հետ կապված:
Տուժողներն իմ համար չէին եկել:
Ես տուժող չունեմ, ոչ մեկին ոչ սպանել եմ, ոչ սպանության մասնակից դառել, ոչ զակազչիկն եմ: Ես եղել եմ այդ գործերի մեջ՝ որպես օժանդակող…Դա Քոչարյանի եւ Աղվանի (ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հովսեփյան-Ռ.Մ.) սարքած միֆն էր…»:
Հարցին, ինչպես է պատկերացնում իր գործի հետագա ընթացքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զուգահեռ՝ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի որդին դիմել է դատարան, հորն արդարացնելու համար, եւ քննությունը շարունակվելու է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 20-ին, ինչ կտա նաեւ այն Ա. Տեր-Սահակյանին, վերջինս պատասխանեց. «Ես այսքան ժամանակ այս բառերը չեմ ասել, խղճալով տուժողի որդուն (նկատի ուներ տուժող, Արտաշատի շրջխորհրդգործկոմի սպանված նախագահ Հովհաննես Սուքիասյանին-Ռ.Մ.), մյուսին, մյուսին… Մինչեւ 92-ը մենք պատերազմում կրվում էինք, այդ լիկվիդացումից հետո, սպանություն չեմ համարում, 92-ին սաղ փոխվեց, մենք գնացինք, հաղթեցինք պատերազմում: Ինձ համարել եմ Եռաբլուրում մահացած տղաներից մեկը: Դա պետկան գործ է եղել: Որեւէ մեկը իր շահի համար չի գնացել, պետությանը նվիրված տղաներ են…
Ձեր հարցին, երկրորդ տուժողի՝ Ղանդիլյանի (Հայաստանի երկաթգծի վարչության պետ-Ռ.Մ.) տղան լուրջ տղա է, լավ է պահում, ավելորդ բաներ չի խոսում, երբ ազատվեմ, անպայման նրան կհանդիպեմ… 26 տարի որեւէ տուժող չի եկել դատարան: Ամեն ինչ սկսվեց, երբ Սիրադեղյանի որդին դիմեց դատարան… 26 տարի ոչ տուժող եմ տեսել, ոչ իրավահաջորդ: Այդքան մարդիկ հետը որ եկել են, ստիպված բերվում են, որ շոու սարքեն…Ես գերի եմ, մինչեւ հիմա գերության մեջ պահվում եմ, ես Քոչարյանի ու Աղվանի գերին եմ»:
Դիտարկմանս, թե նրանք հիմա չկան, շարունակեց. «Իրենք չեն, իրենց երեխաներն են…, իրենց ձեռքերը ամեն տեղ կան, ինչ կապ ունի: Եթե այդպես չլիներ, ես արդեն ազատված էի…»:
Ապա նկատեց, որ իրեն՝ օժանդակողին տասը տարուց ավելի չէր հասնում, դրանք բոլորը «Աղվանի հորինածներն են: Ինձ դատել են առանց օրենսգրքի»:
Հիշեցրեցի, որ բացի Սուքիասյանի որդուց՝ Թադեւոս Սուքիասյանից, տուժողի իրավահաջորդ է նաեւ նրա վարորդի՝ Վարուժան Աբրահամյանի որդին:
Արմեն Տեր-Սահակյանը շարունակեց Սուքիասյանի որդու ասածներին պատասխանել. «Տուժողների հարցն էր, որ այսքան ժամանակ լռել եմ, նաեւ առիթ դարձավ ձեզ հետ հանդիպելու: Սուքիասյանի տղան շատ լկտի է պահում, ինձ ուզում է համեմատի Նաիրի Հունանյանի հետ: Իր հերը եղել է դաշնակ: Ասում է հայրս 30 հազար փախստական է պահել, …հա սփյուռքի փողերով «պահում» էր, որ Տեր-Պետրոսյանը պատերազմը կրվեր, հրաժարական տար, գային իշխանության: Ինքը փոքր է եղել, չի իմացել ինչը ոնց է եղել… Մենք լիկվիդացրել ենք նրանց… վարորդի որդին պիտի իմանա, որ իր հորը քեռին է սպանել…»:
Տեր-Սահակյանն ասում է՝ Սուքիասյանների հետ դատարան եկող տղաները թող իմանան, դավաճանի համար են եկել դատարան. «Նաիրի Հունանյանը սպանել է ազգային հերոսների, մենք լիկվիդացրել ենք ազգի թշնամուն, հեչ համեմատելու բան չի»:
Հարցիս, «լիկվիդացնելը» հրամանո՞վ էր, ինչպես նախկինում ասվում էր, պատասխանեց. «Մենք եթե ոչ մի տեղ չենք աշխատել, ինչ հրաման: Մենք կռվող տղաներ էինք, եղել ենք սահմանում»:
Նշեմ, Արմեն Տեր-Սահակյանի հետ պատիժն է շարունակում կրել նրա քեռորդին՝ Ալիկ Գրիգորյանը, որը վերջերս յոթ օրով առաջին ատյանի դատարանի որոշմամբ բաց ռեժիմի դատապարտվեց, ապա նորից բերվեց քրեակատարողական հիմնարկ, քանի որ վերաքննիչ դատարանում բերվեց բողոք:
Ըստ Տեր-Սահակյանի՝ այս կարգի գործերը երբեք չեն բացվում, բացում է միայն թշնամին: Նա առաջին անգամ ասաց, որ գործ ենք ունեցել դավաճանության հետ, իսկ երբ այն հայտնի է դարձել, «պետությունը» լիկվիդացրել է դավաճաններին:
Տեր-Սահակյանն ասում է՝ մինչ օրս չի քննվել շարժառիթի հարցը:
Ապա դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Ես ձեռնոց եմ նետում, ուղարկեք մարդիկ, իմ գործը վերցնեն հսկողության տակ: Ինձ ճի՞շտ են դատել, կարայի՞ն տային մահապատիժ, այսօր որ մերժում են, կարայի՞ն մերժեին: Մենք խնդիր չենք ունեցել իշխանությունների հետ, Սերժի իշխանության հետ, ձեր հետ…
Շնորհակալ եմ մի բանի համար, որ պայքարեցիք, որ Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության: Նա իրավունք չունի գա իշխանության: Շնորհակալ ենք, որ կարողանում եք այդպես ուժեղ պայքարել»:
Հիշեցնեմ, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ ՆԳ նախկին նախարարը 1992թ. ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ, որոնց միջոցով 1990-ականներին կատարվել են մի շարք քաղաքական սպանություններ ու սպանության փորձեր:
Ափսոսո՞ւմ ես, զղջո՞ւմ ես, արդյոք չկա՞ մի զգացում, որ ձեր խմբից երկուսդ մնացիք, դու ու Ալիկ Գրիգորյանը, ազատ են մյուսները, «Առավոտի» հարցին պատասխանեց. «Զղջում եմ, որ պետությունը պետություն չի, դրանք պետական գործեր են, դրանք չեն բացահայտվում, գիտեին ինչի համար է եղել, պետությունը գիտեր: Քոչարյանը ուզում էր Վանո բռնելով ռեյտինգը բարձրացներ, նախագահ դառնալ … ես ամեն ինչ արել եմ այս պետության համար»:
Հարցին, թե իր փաստաբանները հանդիպե՞լ են Սիրադեղյանի փաստաբանների հետ, ասաց՝ հանդիպումներ չեն եղել, իսկ ներկայացուցիչները դեռ որեւէ հայտարարություն չեն արել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.07.2024