Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում նոր թունել կկառուցվի․ «Պարոն Խաչատրյան, ի՞նչ գումար է կորել, որ չեք գտնում». Ծովինար Վարդանյանը՝ Արթուր Խաչատրյանին

Հուլիս 10,2024 12:25

Այսօր հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ-ի միջեւ կնքված վարկային պայմանագրի ժամկետը երկարացնելու հարցին։ Ծրագրի կատարման ժամկետն ավարտվել է, բայց դեռ խնայված գումարներ եւ չկատարված պարտավորություններ կան՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Մ6՝ Վանաձոր-Բագրատաշեն, հատվածի վերակառուցման եւ բարելավման աշխատանքներում։ Այդ պայմանագրով «Պուշկին» թունելը կվերակառուցվի, նոր՝ «Դիլիջան» թունել կկառուցվի։ Դիլիջանի գործող թունելի վերականգնման աշխատանքները, ըստ փոխնախարարի, համահավասար են ստացվում նոր թունելի կառուցմանը, ուստի որոշվել է նորը կառուցել, իսկ հինը թողնել տարհանման, երթեւեկությունը վերականգնելու եւ համանման այլ անհրաժեշտությունների համար։

Նոր թունելի կառուցման նպատակահարմարությունը փոխնախարարը հիմնավորված է համարում, կան նաեւ բոլոր այլընտրանքները․ առաջիկայում այս թեմայով լայն քննարկում կիրականացվի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը համաձայն չէր ծրագրում նշված մոտ կես միլիոն եվրո վարչական կամ պահպանման ծախսերի կետի հետ, իր համար հասկանալի չէր, թե այդ ծախսերն ինչպես առաջացան։ Նաեւ ասաց, որ նախագիծը պատշաճ ներկայացված չէ․ հիմնավորումները չկան։ Ըստ նրա, պահպանման ծախսերն ամբողջ վարկում նկատի են առնվում ու իր համար անհասկանալի է մոտ չորս միլիոն խնայողության մաթեմատիկան եւ դրա հետագա օգտագործման նպատակը։

Փոխնախարարը պարզաբանեց՝ խնայողությունները առաջացել էին մրցութային փուլում՝ առավել ողջամիտ գնային առաջարկների հաշվին, ոչ թե շինարարության որակի հաշվին են դրանք։

Փոխնախարարի պատասխաններն էլ ավելի խճճեցին պատգամավորին, նոր հարցեր առաջացան։

Նիստը նախագահող Ծովինար Վարդանյանի նյարդերը տեղի տվեցին․ «Պարոն Խաչատրյան, ի՞նչ գումար է կորել, որ չեք գտնում»։ Արթուր Խաչատրյանն էլ սրտնեղեց՝ դրանով թող քննիչները զբաղվեն, ինքը ցանկանում է հասկանալ՝ ինչը ինչի՞ վրա է ծախսվել։

 

Հարց էր հնչել նաեւ թունելների լուսավորության մասին։ Փոխնախարարը պատասխանեց՝ պարտավորվել ենք, որ պետք է ներդնենք ԵՄ-ի՝ թունելների անվտանգության պահանջները, այդ թվում նաեւ լուսավորությանը վերաբերվող․ ուսումնասիրությունները իրականացված են՝ առաջարկները կան։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031