Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալներ Կարապետ Արթենյանն ու Գոռ Սարիբեկյանն ազատվել են աշխատանքից։ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանի` համայնքապետ ընտրվելուց հետո ավագանին այլեւս նիստ չի կարողացել գումարել, համայնքապետի տեղակալների նոր նշանակում կամ վերանշանակում չի եղել, ուստի օրենքի ուժով Գյուլնազարյանի տեղակալներն ազատվել են աշխատանքից։ Նիստ չի գումարվել, քանի որ ավագանու անդամ, Փարաքարի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կալանավորվել է, եւ առանց «Ապրելու երկիր» խմբակցության մասնակցության քվորում ապահովել չի ստացվում։ Համայնքի ղեկավարի տեղակալի ազատման դիմումը ստորագրվել է հուլիսի 4-ին, սակայն Գյուլնազարյանի տեղակալ Արթենյանը, որն, ի դեպ, նրա մտերիմ ընկերն է, շարունակում է գնալ համայնքապետարան, ընդունում է քաղաքացիներին։ Փարաքարի համայնքապետարանից մեզ փոխանցեցին, որ Արթենյանը փաստացի շարունակում է պաշտոնավարել, ինչը հակաօրինական է։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Կարապետ Արթենյանը հաստատեց տեղեկությունը՝ գնում է համայնքապետարան, նոր պաշտոն է ստանալու։ Չի հերքում նաեւ, որ ընդունում է քաղաքացիներին, բայց փաստաթղթեր չի ստորագրում։
«Այո, գալիս ու գնում եմ, բայց ոչ մի գործառույթ չեմ անում, փաստաթուղթ չեմ ստորագրում, ի՞նչն է խանգարում, որ գնամ ու գամ։ Նշանակվելու եմ նոր պաշտոնի, բայց ոչ այնպիսի պաշտոն, որն ավագանին է հաստատելու։ Ես ազատվել եմ»,-ասաց Արթենյանը։ Ինչո՞ւ եք ընդունում քաղաքացիներին, ասես շարունակում եք աշխատել իբրեւ համայնքի ղեկավարի տեղակալ։ «Եթե քաղաքացին գալիս է ու ինձ ուզում է տեսնել, հանդիպում եմ»։ Արթենյանի կարծիքով՝ ինքը հակաօրինական որեւէ բան չի անում, երբ գնում է համայնքապետարան, ընդունում է քաղաքացիներին, մտնում իր նախկին աշխատասենյակ, նստում այնտեղ։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: