Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը 2016 թվականին ֆեյսբուքյան իր էջում մի ուշագրավ գրառում էր արել, որը երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հիշել էր ու տարածել. «Եկեք մի պահ պատկերացնենք, որ Հայաստանն ազգային ավիափոխադրող ունի, որը մատչելի գներով ավիաչվերթներ է իրականացնում տարբեր եվրոպական քաղաքներ, ու մենք ստիպված չենք ամեն անգամ անտերների պես Թիֆլիսից թռնել, իսկ եվրոպացի տուրիստները, ողջամիտ գները տեսնելով, սկսել են գալ Հայաստան։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ այդ տուրիստներին օդանավակայանում տաքսիստներն աստղաբաշխական գներ չեն առաջարկում, ու, ընդհանրապես, օդանավակայանը Երեւանին կապվել է մետրոյով։
Եկեք մի պահ պատկերացնենք, որ տուրիստները, «Զվարթնոցից» նստելով մետրո, ուղեւորվում են հանրահայտ «Գործարանային» կայարան, որի մերձակայքում գտնվող երբեմնի հզոր արդյունաբերության մասին հիշեցնող գործարանների դեպրեսիվ կմախքները վերածվել են նորաձեւ անդերգրաունդ փաբերի, սրճարանների եւ գիշերային ակումբների, որտեղ հավաքվում է Եվրոպայի ամենաառաջադեմ երիտասարդությունը, իսկ գործարանները վերաբացվել են քաղաքի արվարձաններում՝ չաղտոտելու համար քաղաքի օդը։ Պատկերացրեցի՞ք։ Դե հիմա խորը շունչ քաշեք, որովհետեւ էսպիսի բան երբեք չի լինելու, քանի դեռ, ըստ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ղեկավարի, Հայաստանը քոսոտ երկիր ա, ըստ ոստիկանապետի՝ փոքր երկիր, ըստ սպորտի նախարարի խորհրդականի՝ ընդհանրապես ապրելու երկիր չի։ Ու, ընդհանրապես, ամեն ինչ անիմաստ ա, որովհետեւ մեր հարեւան Գեղամն ասում ա, որ, մեկ ա, ՀՀԿ-ն ա կրելու բոլոր ընտրությունները։ Թե՞ չէ…»։
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է կարծում ինքն այս գրառման մասին: Անանյանը չէր տեսել գրառումը, ծանոթանալուց հետո ասաց. «Ամեն ինչ տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ: 2018 թվականը շատ կարեւոր շրջադարձային տարի էր Հայաստանի համար, տեղի ունեցած խորքային իրադարձություններ` քառօրյա պատերազմ եւ այլն: Նրանք այդ ժամանակ քաղաքական ուժ էին ձեւավորել: Ցանկացած քաղաքական ուժ, ինչպես ասել է Չերչիլը, տալիս է խոստումներ, որ իշխանության գալուց հետո ասի, թե ինչու դրանք չեն կարող իրականություն դառնալ: 2016-ին կարմրաթուշ ուժ էին, երազանքներ ունեին եւ կատարել են այդպիսի գրառումներ: Չեմ կարծում, որ Ռուբեն Ռուբինյանի 2016 թվականի գրառումն ունի այնքան խորքային իմաստ, որ այսօր մանրամասն այն վերլուծենք: 2018 թվականից մինչ օրս այդ ուժն ունեցել է մեծ դերակատարում այս անբարենպաստ վիճակի համար, այնպես որ, թե ինչ էին ասում ութ տարի առաջ, դա այսօր էական չէ»:
Իսկ ինչո՞ւ քայլելով իշխանության եկածներն իրենց խոստումների գոնե 0,1 տոկոսը չկարողացան իրականություն դարձնել։ «Դուք խոսում եք մի մարդու հետ, ով այս իշխանության որոշակի շրջանում ունեցել է դերակատարում: 2 տարի շարունակ ես ծավալել եմ գործունեություն նրանց հետ եւ իմ գործունեությունից, գործողություններից, պաշտոնավարումից գոհ եմ, անկախ բոլոր բացթողումներից եւ թերացումներից»,- եզրափակեց նա:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: