«Այս ցուցահանդեսը պետք է լիներ Ռոժե Կասպարյանի առաջին ցուցահանդեսը Հայաստանում, բայց ցավոք սրտի, նա կյանքից հեռացավ այս տարի՝ փետրվարին: Նա հայտնի է իր լուսանկարներով և նրան անվանում էին «60-ականների աչք»,-բացման ելույթով հանդես եկավ Քրիստինա Ազնավուրը:
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում երեկ տեղի ունեցավ Ռոժե Կասպարյանի՝ Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը: Հանդիսատեսի շարքերում էր նաև Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը. Քրիստինա Ազնավուրը նրա կինն է:
Ռոժե Կասպարյանին անվանում էին «60-ականների աչք», քանի որ նա լուսանկարել է այդ ժամանակահատվածի ճանաչված բոլոր արտիստներին՝ «Ռոլինգ Սթոունզ» խմբի անդամներին և այլոց. «Բայց իմ հոր համար առանձնահատուկ կարևորություն ուներ Շառլ Ազնավուրին լուսանկարելը, քանի որ երկուսն էլ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների որդիներ էին»,-ընդգծեց Ռոժե Կասպարյանի դուստրը՝ Լիթիան:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Շառլ Ազնավուրի հրապարակը բազմամարդ էր: Բոլորը հետաքրքրությամբ էին նայում լուսանկարները, ընթերցում լուսանկարների վերնագրերը:
«Անցնում էի և նկատեցի Շառ Ազնավուրի նկարները, մոտեցա՝ տեսնեի, թե ի՞նչ է կատարվում: Ապշած եմ, քանի որ նման բացառիկ հնարավորություն կարող էի բաց թողնել»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Նշենք, որ Ռոժե Կասպարյանը ծնվել է Փարիզում 1938 թվականի փետրվարի 12-ին: Նրա տատը և պապը սպանվել են եղեռնի ժամանակ: Փարիզում սովորելով լուսանկարչություն՝ իր արհեստանոցն է բացել Փարիզի արևելյան արվարձաններից մեկում: 2023 թվականին Փարիզում բացվել է «Ազնավուրը Կասպարյանի աչքերով» անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են եղել Շառլ Ազնավուրի բազմաթիվ հայտնի և անհայտ լուսանկարներ:
Լիլիթ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ