Լրահոս
Օրվա լրահոսը

Տարասով. Ղարաբաղը․․․ մենք թույլ տվեցինք, որ գործողություններն անցնեն ուժային տարբերակի, պատերազմի, չկանգնեցրինք պատերազմը. «Հրապարակ»

Հուլիս 10,2024 11:26

«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

– Գուցե Ձեր տեսանկյունից այդ սխալները մեծ չեն, բայց մեզ համար չափազանց ողբերգական ու ծանր գին են արժեցել, ու հենց դրանով է ամեն ինչ բացատրվում:

– Եթե Դուք նկատի ունեք Ղարաբաղի խնդիրը. ղարաբաղյան հարցը Փաշինյանը տապալեց, ես դա գիտեմ որպես մարդ, ով առաջին տարին չէ, որ այդ հարցով է զբաղվում, հասկանո՞ւմ եք: Ես չեմ ուզում գովազդել ռուսական կողմին, երբ խոսում եմ ռուսական կողմի սխալների մասին, չեմ ուզում դրանք մաքրագործել։ Փաշինյանի գալը մեր բացթողումն էր, մենք գիտեինք, որ Փաշինյանը գալու է իշխանության, Մոսկվան գիտեր, բայց ոչինչ չարեց այդ գործընթացը կանխելու համար: Մենք գիտեինք, թե ինչ է լինելու հետո… ողբերգություն, կարճ ասած:

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը հիմա ձեռնտու է ռուսական ղեկավարությանը՝ պայմանավորված կողմնակի այլ հանգամանքներով, օրինակ, Ուկրաինայում պատերազմով:

– Շատ եմ ուզում ասել, որ Հայաստանում շատ են չափազանցնում ուկրաինական ֆակտորի նշանակությունը: Այդ հարցը չի ազդում մեր քաղաքականության վրա՝ հետսովետական տարածքում՝ ներառյալ Անդրկովկասը: Ասում են՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, այո, զբաղված է, մենք պատերազմում ենք եւ լուրջ ենք պատերազմում, բայց, կներեք, իհարկե, երբ որ մենք հաղթենք, մենք տարբեր ենք լինելու, ահա թե ինչն է նրանց անհանգստացնում եւ կատաղեցնում: Մենք այլեւս չենք հանդուրժելու մեր հասցեին անպատասխանատու հայտարարություններ մի շարք հետխորհրդային պետությունների կողմից։ Այ, դա է բոլորին անհանգստացնում: Դա է խնդիրը՝ պետք է օբյեկտիվ գնահատական տալ, թե ինչու է այդ ամենը տեղի ունենում: Տեսեք` Եվրոպայում ինչ է կատարվում. Մակրոնը պարտվեց, Շոլցը պարտվեց, Բայդենը պարտվում է, Անգլիան է ճգնաժամի շեմին կանգնած․ ընդամենը կես տարի առաջ կարո՞ղ էիք դա պատկերացնել: Մի կողմ դրեք Ուկրաինան ու տեսեք, թե ինչ զարգացումներ են գնում, ի՜նչ Հայաստան, ի՜նչ Ադրբեջան, ի՜նչ Վրաստան, դրանք երկրորդական ֆակտորներ են, որ շատ կարեւոր են Ռուսաստանի համար: Սխալներ ասելով՝ ես այլ բան նկատի ունեմ:

– Իսկ ի՞նչ նկատի ունեք:

– Ղարաբաղը․․․ մենք թույլ տվեցինք, որ գործողություններն անցնեն ուժային տարբերակի, պատերազմի, չկանգնեցրինք պատերազմը: Մենք՝ որպես Մինսկի խմբի անդամներ, պիտի մոբիլիզացնեինք բոլոր անդամներին ու կանգնեցնեինք պատերազմը, զգուշացնեինք Ադրբեջանին: Մինսկի խմբի բոլոր անդամները փորձեցին քայլեր անել շատ ուշ, երբ արդեն պատերազմը սկսվել էր: Այ, դա սխալ էր: Ոչ թե որ Ղարաբաղը հանձնվել էր` Ղարաբաղը հանձնեցին գիտակցաբար․ դա կարող եմ հարյուր տոկոսով պնդել, ուղղակի չեմ ուզում դետալային անդրադառնալ դրան, բայց հայկական ղեկավարությունը հանձնեց Ղարաբաղը գիտակցաբար:

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031