Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա այն փուլում ենք, որ բոլոր տեղական ակտիվ խմբերը հասկանում են՝ միասնությունն ուժ է, որ գյուղը, եթե կանգնի, գերան կկոտրի»․ Հարություն Գևորգյան

Հուլիս 10,2024 11:30

«Հիմա մենք այն փուլում ենք, որ բոլոր տեղական ակտիվ խմբերը (ՏԱԽ) հասկանում են՝ միասնությունն ուժ է, որ գյուղը, եթե կանգնի, գերան կկոտրի, և նրանք այսօր ստորագրում են ազգային ցանցին անդամակցելու իրենց որոշման մասին ու ստեղծում են մի կոնսորցիում, որի շրջանակներում նրանք կարող են ոչ միայն ավելի հզորանալ, այլ ավելի ներկայանալի դառնալ ինչպես հայկական գերատեսչական միավորումների, այնպես էլ՝ միջազգային դոնոր հանրույթի համար։ Նրանք միասին ավելի հզոր, ուժեղ ու կայացած են»,- Aravot.am-ի հետ զրույցում Գյումրիում՝ «ԱՐՄԼԱԳ» ՏԱԽ-երի ազգային ցանցի ստեղծման վերաբերյալ գործընկերության պայմանագրի ստորագրման միջոցառումից  հետո ասաց ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի ղեկավար Հարություն Գևորգյանը։

Հարություն Գևորգյան

Տավուշում, Լոռիում և Շիրակում այժմ գործող ութ ՏԱԽ-երն այսուհետ հանդես կգան միասնական՝ «ԱՐՄԼԱԳ» ՏԱԽ-երի ազգային ցանցի ներքո։

Հայաստանում կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ու Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից: LEADER մեթոդաբանությունն իրականացվում է ՏԱԽ-երի միջոցով, որոնք, առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով, համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։

Հարություն Գևորգյանը, խոսելով ծրագրի ձեռքբերումների մասին, ասաց․ «Մենք ՀՀ-ում ունենք 8 տեղական ակտիվ խմբեր, որից 3-ը Շիրակի մարզում, 5-ը՝ Լոռու և Տավուշի մարզերում։ Եվ այդ տեղական ակտիվ խմբերը ստեղծվել և որպես ոչ ֆորմալ ցանց ձևավորվել էին երկու տարի առաջ ու գրանցել բավական մեծ հաջողություններ։ Կոնկրետ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից աջակցություն ստացող տեղական ակտիվ խմբերն իրականացրել են ավելի քան 110 դրամաշնորհային ծրագրեր՝ մեծ ու փոքր։ Եվ ներկայումս գնում ենք առաջ այն ուղղությամբ, որ իրականացվում են լայնամասշտաբ դրամաշնորհային ծրագրեր։ Փորձ է կատարվելու փակել արժեթղթային օղակները։ Բացի այդ, որպեսզի ՏԱԽ-երն ապագայում ունենան որոշակի կայունություն, մենք պետք է իրականացնենք կայունություն ապահովող դրամաշնորհային ծրագրեր, որպեսզի ՏԱԽ-ը կարողանա շարունակել իր կենսագործունեությունը»։

Հարություն Գևորգյանը փաստեց՝ եվրոպական շատ երկրներում իրավիճակն այն է, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ ՏԱԽ-երը ֆինանսավորում են ստանում ԵՄ-ից ու նշեց․ «ՀՀ-ում այդ իրավիճակը դեռ չէ, և ՏԱԽ-երը պետք է ունենան որոշակի կայուն աղբյուրներ, որ կարողանան շարունակել կենսագործել և գոյատևել։ Մենք ներկայումս փորձում ենք այդ խնդիրը լուծել»։

Արոն Իմպերիալե

Նորարարության և տեղական զարգացման եվրոպական ասոցիացիայի (AEIDL) զարգացման գծով տնօրեն Արոն Իմպերիալեն Aravot.am-ի հետ զրույցում, շնորհավորելով բոլոր հայկական տեղական ակտիվ խմբերին, նշեց՝ ՏԱԽ-երի՝ մեկ միասնական խմբում միավորվելը մեծ ձեռքբերում է․ «ՏԱԽ-երի հաջողությունը կախված է ցանցերից, դրանք չեն կարող գործել մեկուսացած։ Ծրագրի բաղադրիչը, որի վրա մեր կազմակերպությունը՝ Նորարարության և տեղական զարգացման եվրոպական ասոցիացան (AEIDL) աշխատում է, կենտրոնանում է այս ցանցերի զարգացման վրա»։

Հետաքրքրվեցինք՝ հայաստանյան ՏԱԽ-երի հետ աշխատանքի ո՞ր փուլում եք այժմ, ինչպե՞ս եք նրանց աջակցում, փորձագետը պատասխանեց․ «ԵՄ Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում մենք այստեղ ենք առաջին՝ իրազեկման-կրթական փուլն իրականացնելու համար։ Գաղափարը տեղեկատվություն տրամադրելն է։ Մենք չենք ակնկալում, որ նորաստեղծ ՏԱԽ-երը ՀՀ-ում պետք է իմանան այն ցանցերի առանձնահատկությունների մասին, որոնք գործում են Եվրոպայի տարածքում։ Ես այստեղ եմ ներկայացնելու որոշ ցանցեր և հայկական տեղական ակտիվ խմբերին քաջալերելու ներգրավվել ու սկսել գործընկերությունը տարբեր դերակատարների հետ։ Հաջորդ փուլում կաջակցենք նրանց, որպեսզի հաստատեն կապեր և արդեն երրորդ փուլում կաջակցեն նրանց կայունությանը»։

Արման Ղազարյան

«ԳանՁոր» ՏԱԽ-ի մենեջեր, փոխնախագահ Արման Ղազարյանը տեղեկացրեց՝ ունեն 24 ընթացիկ դրամաշնորհային ծրագիր, երկրորդ սաղմնային դրամաշնորհներով կունենան ևս 10 ծրագիր։ Որպես դրական միտում նա համարեց կանանց ներգրավվածությունը․ «Դրամաշնորհառուների մեջ կան բավական թվով կանայք, և նրանց թիվը գնալով ավելանում է։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում, որ իրենք իրենց հանրային ակտիվությունը մեծացնեն։ Մյուս կողմից` ունենք հետաքրքիր նորարարական ծրագրեր․ ավանդական բիզնես մոդելներին զուգահեռ մարդիկ փորձում են նորարարական բիզնես հիմնել, ինչը գովելի է»։

Աննա Զաքարյան

«Լոռվա ձոր ՏԱԽ»-ի տարածքային զարգացման ՀԿ-ի գործադիր տնօրեն Աննա Զաքարյանն էլ ասաց՝ ունեն փոքր ու մեծ 25 ծրագրեր․ «Պետք է նշեմ մի շատ կարևոր միտում՝ մեր սաղմնային, փոքր դրամաշնորհներով, կանայք ավելի շատ են դիմում, քանզի մենք այնտեղ ունենք բիզնեսների համար 40 տոկոս ներդրում ու ելնելով այն հանգամանքից, որ պետք է հասկանալ, թե մարզում հատկապես ինչ ռեսուրսների են տիրապետում տղամարդիկ ու կանայք, ավելի փոքր դրամաշնորհների դիմելու մեծ միտումներ կան կանանց շրջանում»։

Ծրագրերի հիմնական ուղղվածությունն է՝ առաջնային, երկրորդային գյուղատնտեսությունը, տուրիզմը, հյուրատնային և գաստրոտուրիզմը։

Գյումրիում «ԱՐՄԼԱԳ» ՏԱԽ-երի ազգային ցանցի ստեղծման վերաբերյալ գործընկերության պայմանագրի ստորագրման միջոցառումից հետո մասնակիցներն ուղևորվեցին Հացիկ գյուղ՝ «Բիիգիննինգ» մեղրի գինու արտադրամաս և համտեսի սրահ, որը վերանորոգվել և տեխնիկապես հագեցվել է LEAD4Shirak ծրագրի շրջանակներում ԵՄ-ի և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, Կենտրոնական Շիրակ ՏԱԽ-ի դրամաշնորհով։

Հովիկ Պապիկյան

Դրամաշնորհառու, Հացիկ գյուղի բնակիչ Հովիկ Պապիկյանն ասաց՝ առաջիկա մեղրաքամից հետո անպայման մեղր կունենան և մեղրից կսկսեն գինի պատրաստել։ Նաև հավելեց․ «Այս տարի պլանավորել ենք 1000-ական շիշ մեղրի, մոշի, նռան և մեղրի գինի ստանալ։ Հիմնականում զբոսաշրջիկների ենք ընդունելու, որոնց կցուցադրենք բիոդինամիկ մեղր և բիոդինամիկ գինի ստանալու գործընթացը։ Այդ ամենի ցուցադրությունից հետո կատարելու ենք համտես համտեսի սրահում և տեղում կատարելու ենք վաճառք»։

«ԱՐՄԼԱԳ» ՏԱԽ-երի ազգային ցանցի համակարգող Կարինե Սարիբեկյանից էլ հարցրինք՝ ինչպե՞ս եք համակարգելու աշխատանքները և որո՞նք են առաջնահերթությունները, նա պատասխանեց․ «ՀՀ-ում Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գործում են ութ տեղական ակտիվ խմբեր։ Այսօր ստորագրվեց համաձայնագիր՝ ըստ որի սպասվում է միջտախային շատ մեծ համագործակցություն։ Այսօր մենք բոլորս դարձանք ոչ ֆորմալ խումբ, իսկ հետագայում կարող ենք գրանցվել որպես ՀԿ՝ «ԱՐՄԼԱԳ» ցանցային կապ ստեղծելով, ինչը հնարավորություն կտա համագործակցել Եվրոպայի ՏԱԽ-երի հետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սույն հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության բացառիկ պատասխանատվությունը կրում է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը և այն ոչ մի կերպ չի կարող արտահայտել Եվրոպական միության տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031