Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Հարավաֆրիկացին՝ մութ, սարսափելի, նույնիսկ բռնության տեսարաններով, բայց համարձակ մարդասիրություն է քարոզում

Հուլիս 10,2024 12:30

Հարցազրույց Մեթյու Մաքդեւեթի հետ

2024թ. ապրիլին «ԷՋ» հրատարակչությամբ լույս է տեսել Մեթյու Մաքդեւեթի «Թեքված պենտագրամ» ֆենթըզի վեպը հայերեն թարգմանությամբ։

Վեպի սեղմ շարադրանքը.

Դրեզդենի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Նել Բլայթն իր ողջ կյանքն անցկացրել է՝ թաքցնելով վտանգավոր ու անբացատրելի կարողությունները։ Կրակին դիպչելիս նրա ձեռքերը բռնկվում են, սակայն չեն վնասում իրեն։ Փոխարենը՝ Նելը կարող է վնասել մարդկանց՝ առանց դիպչելու նրանց: Հրապարակայնորեն նվաստացած լինելով մահապատժի ենթարկված իր մոր՝ կախարդ լինելու համար՝ նա պետք է զսպի իր ուժը եւ ազատություն չտա իր զգացմունքներին, քանի որ գերբնական ուժի բացահայտումը կկործանի իրեն, իսկ նա պետք է պարտաճանաչ աշակերտի դեր կատարի եւ փորձի բացահայտել իր մոր գաղտնիքը, մինչեւ որ կավարտի համալսարանը: Բայց երբ Սուրբ Գրասենյակի դաժան տեսուչը մեղադրում է նրան կախարդության մեջ, բոլոր նրա ջանքերն ապարդյուն են դառնում եւ նա ստիպված դիմում է փախուստի համալսարանից:

– Կխնդրենք ներկայանալ մեր ընթերցողին. ո՞վ է Մեթյու Մաքդեւեթը։

– Ես Հարավային Աֆրիկայից եմ, բայց վերջերս տեղափոխվել եմ Նիդեռլանդներ կնոջս, փոքրիկ երեխայիս եւ գեղարվեստական գրականության պատմության մեջ լավագույն կատուների հետ։ Ես հավատում եմ, որ աշխարհն արտասովոր հրաշքների վայր է, եւ որ մենք բոլորս պետք է հնարավորինս ուսումնասիրենք այն ու կիսվենք դրա պարգեւած հրաշքներով։

– Ի՞նչը ստիպեց ձեզ գրել այս պատմությունը։

–  Երկու միտք էր պտտվում գլխումս 2005 թվականից: Առաջինը՝ այլընտրանքային պատմության «ինչ կլիներ, եթե» գաղափարն էր: Այդ մասին սկսեցի մտածել համալսարանի առաջին կուրսում Ռեֆորմացիայի մասին առարկան ուսումնասիրելիս: Մյուսը Նելի պատմությունն էր, մեկի, ով կարող էր սարսափելի եւ միաժամանակ հրաշալի բաներ անել, որոնք կարող էին բացել դրախտի եւ դժոխքի ճշմարտությունները, եթե միայն նա կարողանար գոյատեւել այդ երկուսի միջեւ: Ի՞նչն է ոգեշնչել: Հստակ պատասխան չունեմ, երեւի տիեզերքը ճանաչելու հուսահատ մղումը եւ զգացումը, որ պատասխանները մեր մեջ են:

– Ինչո՞ւ ընտրեցիք այլընտրանքային պատմության ժանրը կամ գուցե անվանենք այն «դարք ֆենթըզի»։

– Գաղափարը, որ մեր կյանքը, պատմությունը, ամեն ինչ կարող էին շատ տարբեր լինել, ինձ գրավում է: Նրանք լի են անհամար արկածներով, որոնց շարունակողը մենք կարող ենք լինել: Ինչ վերաբերում է պատմվածքի ավելի մութ մասերին, ինձ միշտ էլ գրավել են նման բաները եւ հատկապես այն, թե որքան լավն ու հրաշալին մենք կարող ենք լինել: Իմ աշխարհայացքը իրականում պայծառ է:

– Թեեւ պատմությունը բավականին վախենալու է, նույնիսկ բռնության տեսարաններ կան, այնուամենայնիվ, շատ հումորային է։ Ի՞նչ դեր է խաղում հումորը ձեր գրվածքներում։ Ինչպե՞ս եք համատեղում անհամատեղելի թվացող այս երկու ժանրերը։

– Կարծում եմ՝ կյանքում ամենակարեւոր բաներից մեկը ծիծաղելու համար ժամանակ գտնելն է, հատկապես ավելի մութ ու հուսահատ պահերին: Ինձ համար սա միջոց է հիշելու, որ ուրախությունն ու թեթեւությունը դեռ կան մեր կյանքում, որքան էլ դրանք մեզ հեռու թվան: Հումորն այն եղանակներից մեկն է, որով ես փորձում եմ դա ցույց տալ իմ գրքերում. կյանքը կարող է մութ լինել, բայց միշտ լույսի տեղ կա: Այս գաղափարը հատկապես կարեւոր է «Թեքված պենտագրամ» վեպի հերոս Նելի համար, ով ե՛ւ մթության, ե՛ւ լույսի հետ անմիջական կապ ունի:

– Գուցե վեպի շարունակությունն եք գրում։ Եթե այդպես է, կարո՞ղ եք մանրամասներ պատմել։

– Գրում եմ եւ իհարկե՝ չեմ կարող… Բայց կարող եմ ասել, որ մենք հնարավորություն կունենանք ավելի շատ ուսումնասիրել Սրբազան Հռոմեական կայսրության դիվային քաղաքականությունը, այլ անկյուններից ուսումնասիրել աշխարհը եւ Նելի կարողությունները միանգամայն նոր մակարդակի վրա ուսումնասիրել:

– Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար վեպի հատկապես հայերեն թարգմանությունը:

– Անչափ հուզիչ է եւ շատ կարեւոր, ինչպես անձամբ ինձ, այնպես էլ գրքիս համար: Ես գրում եմ, որպեսզի կիսվեմ պատմություններով եւ անկախ մարդու գտնվելու վայրից, բոլոր ընթերցողներիս մարդասիրություն քարոզեմ։ Այն փաստը, որ վեպն այժմ թարգմանվել է եւ այն կարող է հասանելի լինել հեռավոր մի երկրում, ապշեցուցիչ է։

Զրույցը՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031