Լրահոս
Օրվա լրահոսը

Այսքան մոտ ու այդքան հեռու

Հուլիս 10,2024 12:00

Ըստ Փաշինյանի` Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը բավարար հիմք չէր հասկանալու, թե ԵՄ-ն որքանով է պատրաստ մոտ լինել Հայաստանին

«Հայերն ունեն եվրոպական ձգտումներ», «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում», այս եւ այլ հայտարարություններն էին լսում մեր հասարակությունն ու Հայաստանի գործընկեր պետությունները ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից: Իսկ եվրոպական տարբեր երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ էլ ոգեւորված հայտարարում էին, թե «աջակցում են Հայաստանի եվրոպական ուղուն», «Հայաստանը Եվրամիության արժեքները կիսող պետություն է», «Հայաստանը հիրավի եվրոպական է՝ իր արժեքներով, մշակույթով, նաեւ ապագայով»:

Այս տարվա մարտին Եվրախորհրդարանն ընդունել էր Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կապերի մասին հատուկ բանաձեւը, որով կոչ էր արել եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երեւանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։

Սակայն, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահից վճռեց, որ Եվրախորհրդարանի վերոնշյալ բանաձեւն այնքան էլ բավարար հիմք չէ, որպեսզի հասկանալ, թե ԵՄ-ն որքանով է պատրաստ մոտ լինել Հայաստանին:

«Հանրաքվե անցկացնելու հիմնական խնդիրն այն է, որ չունեմ հարցի պատասխանը՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին», վերջերս «Ժողովրդավարության հայկական ֆորումում» նշեց Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու չորս քաղաքական ուժերի պահանջին։ Հանրաքվե անելու համար նախ պետք է քարոզարշավ անել, ասաց Փաշինյանը, շարունակելով, քարոզարշավի ժամանակ էլ քաղաքացիներից հարցեր են հնչելու՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, Եվրամիությունն ուզում է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը պատրա՞ստ է։ «Ասելու են՝ Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունն է պատրաստ։ Հիմա հարց՝ Եվրամիությունն ինչքանո՞վ է պատրաստ, այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ո՛չ, չեմ կարող տալ», – ասաց Փաշինյանը, նաեւ նկատելով, թե այսօր Եվրամիությունում էլ են տեղի ունենում պրոցեսներ, եւ Հայաստանն այդ պրոցեսները պետք է գնահատի։ «Մենք հնարավոր բարձր ձեւով հայտարարել ենք ԵՄ-ի հետ մերձենալու մեր քաղաքական կամքը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այժմ ՀՀ-ԵՄ հարաբերություններում գործընկերության նոր օրակարգ կա, որն ակնհայտորեն շատ ճիշտ ուղերձ է։

Իսկ Հայաստանի քաղաքացիների կարծիքը Հայաստանի ԵՄ անդամակցության շուրջ, Փաշինյանն ասաց՝ գիտի, եւ եթե մտածեր, որ Հայաստանի ժողովուրդն այդ գաղափարին չի աջակցում, ապա Եվրոպական խորհրդարանի ամբիոնից նման հայտարարություն չէր անի։ «Եթե ես էդպիսի հայտարարություն անեի այն պայմաններում, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի աջակցում այս գաղափարին, ես Հայաստանի վարչապետ չէի լինի առնվազն այդ հայտարարությունից հետո», հավելեց նա։

Ինչ է ստացվում… ԵՄ-ի կողմից աննախադեպ քայլը` Հայաստանի վերաբերյալ նշան չէ՞ր Փաշինյանի իշխանության համար, թե` որքանով է ԵՄ-ն պատրաստ մոտ լինել Հայաստանին: ԵՄ-ի կողմից արվեց քայլ նույնիսկ այն պայմաններում, երբ Հայաստանը շարունակում է անդամակցել ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին, ավելին, այս կառույցներից դուրս գալու, կտրուկ շարժումներ անելու հարցերին ի պատասխան իշխող քաղաքական ուժը բավական զգուշավոր է, մշտապես հայտարարում են, որ այս կառույցներից դուրս գալու հարց Երեւանի օրակարգում չկա:

Մինչդեռ Հայաստանի եվրոպացի գործընկերներն այդ ամենը տեսնելով էլ հստակ ուղերձ էին հղում պաշտոնական Երեւանին: Այս տարվա փետրվարին Եվրախորհրդարանում պատգամավորների եւ Եվրամիության պաշտոնյաների մասնակցությամբ քննարկում էր ծավալվել։ Եվրամիության միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Յուտա Ուրպիլայնեն արձանագրել էր՝ Երեւանի եւ Բրյուսելի հարաբերությունները երբեք այդքան ամուր չեն եղել. «Նախկինում Հայաստանի ընդունած որոշումները հանգեցրել են քաղաքական եւ տնտեսական դժվարությունների եւ կախվածության անվտանգային բնագավառում, դրանք չեն կարող մեկ գիշերում հաղթահարվել: Սակայն երկու կողմերի հստակ քաղաքական կամքը կընձեռի առաջ շարժվելու եւ մեր գործընկերությունը խորացնելու եւ ընդլայնելու հնարավորություն»: Իսկ էստոնացի պատգամավոր Մարինա Կալյուրանդը շեշտել էր՝ ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել, շտապելով պնդել՝ Հայաստանն էլ իր տնային աշխատանքը պետք է անի. «Խոսքս ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանից մեծ կախվածության մասին է՝ ներառյալ առեւտուրը, եւ Հայաստանում ռուսական ռազմակայանը»։

Եվ ահա, այս տարվա մարտի 13-ին ձայների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կապերի մասին հատուկ բանաձեւը, որում դաշինքի օրենսդիր մարմինն անդրադառնում էր նաեւ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությանը: «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ եւ շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար», -նշվեց Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից համատեղ ներկայացված բանաձեւում։

Խորհրդատվական բնույթի, պարտադիր կատարման ուժ չունեցող փաստաթղթում Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին եւ Խորհրդին կոչ էր անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական հարցերում, այլեւ անվտանգության, քաղաքական երկխոսության, մարդկանց միջեւ շփումների ոլորտներում։

Ակնհայտ էր, որ սա ԵՄ-ի կողմից առաջին պաշտոնական արձագանքն էր եվրոպական ընտանիքին մերձենալու ցանկությունների մասին պաշտոնական Երեւանից հնչող հայտարարություններին։

ԵՄ-ի կողմից այս քայլն արվեց նույնիսկ այն պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները երբեք չէին հստակեցնում՝ արդյոք Եվրամիությանը հնարավոր անդամակցության ճանապարհին պատրաստվո՞ւմ են լքել Մոսկվայի մասնակցությամբ տնտեսական ու ռազմական դաշինքները:

Նկատենք, որ Եվրախորհրդարանի պատգամավորները, ինչպես ընդգծում էին բանաձեւում, հաշվի են առել եւ ողջունում են ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը եւ անվտանգության ոլորտում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելուն ուղղված ջանքերը, աջակցում են «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերմանն ուղղված Երեւանի քայլերին:

Բացի այդ, խիստ կարեւոր կետ էր, որով Եվրախորհրդարանը կոչ էր անում Եվրամիության ղեկավարությանը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցել Հայաստանին իր անվտանգային տարածքը ՀԱՊԿ-ից դուրս ընդարձակելու եւ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։ «Լիովին տեղյակ ենք սպառնալիքների մակարդակի եւ բազմազանության մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կարող է փորձել կիրառել Հայաստանի դեմ՝ պատժելու նրան իր անկախ քաղաքական եւ ռազմավարական ընտրությունների համար: Եվրամիությունը պետք է պատրաստ լինի արագ օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ մեղմելու ցանկացած նման ոչ բարեկամական քայլերի բացասական հետեւանքները», – նշում էին ԵՄ անդամ երկրների պատգամավորները:

Եվրախորհրդարանի կողմից բանաձեւի ընդունումից մեկ օր անց կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ բանաձեւով Եվրախորհրդարանն արձանագրել է Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում. «Բանաձեւը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կցանկանա Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, Եվրամիության ինստիտուտները պետք է աջակցեն»:

Ապա Փաշինյանը ողջունեց բանաձեւը՝ կարծիք հայտնելով, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ «Սա եւս մեկ առիթ է քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, եւ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրախորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետեւ նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը», նշեց նա։

Բանաձեւի ընդունումը նաեւ Հայաստանի խորհրդարանականներին էր ոգեւորել: Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ, Ֆեյսբուքում գրել էր խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Հնարավո՞ր է Երեւանն, օրինակ, ԵԱՏՄ-ն կամ ՀԱՊԿ-ը լքելու որոշում կայացնի, հատկապես որ Եվրախորհրդարանի պատգամավորներին հենց ՀԱՊԿ-ի, նաեւ ռուս սահմանապահների վերաբերյալ Հայաստանի պաշտոնյաների հայտարարություններն են ոգեւորել: Ի պատասխան խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասել էր՝ օրակարգը պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանի սահմանած ուղենիշներով: «Միանշանակ է, որ լայն հասարակական քննարկման պիտի արժանանա, եւ արդեն քայլերի մասին հետագայում կունենանք հնարավորություն խոսելու», – նշել էր նա։ Հարցին՝ քննարկվո՞ւմ է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, նա պատասխանել էր. «Նման հարց չի քննարկվել, նման հարցի քննարկման ես չեմ մասնակցել»։

Եվրոպական խորհրդարանի բանաձեւը կարեւոր է, բայց ԵՄ անդամության թեկնածու դառնալու ճանապարհն անցնում է ոչ թե օրենսդիր, այլ գործադիր մարմնի հետ, նկատել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Իսկ կա՞ն նման ազդակներ Եվրահանձնաժողովից եւ խորհրդից, որ Հայաստանը ԵՄ անդամության թեկնածու դառնալու հնարավորություն ունի: «Չեմ կարծում, որ նման խոսակցություն մանրամասնորեն տեղի է ունեցել, եւ շատ դժվար է ասել այդ ազդակի մասին, որովհետեւ պետք է հաշվի առնենք, որ նաեւ ԵՄ-ն մեկ կազմակերպություն չէ, 27 երկրների ներպետական մարմին է, եւ այնտեղ որոշումները կոնսենսուսով են ընդունվում, ուստի ես այս պահին կդժվարանամ պատասխանել, որ արդյոք այդպիսի միասնական ազդակ կա այդ հարցի վերաբերյալ, թե ոչ», -նշել էր նա։ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ֆոնին Ս. Խանդանյանն էլ իր հերթին նշել էր, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ եւ այդ կառույցներից դուրս գալու քննարկում չկա:

ԵՄ-ի կողմից ազդակը միանշանակ էր, հայտնի բանաձեւի ընդունմամբ` նրանք հասկացնել տվեցին, որ գնդակը Հայաստանի իշխանությունների դաշտում է: Սակայն ՀՀ իշխանությունների հայտարարությունների տողատակերում նկատվում էր զգուշավորությունը, ինչը, թերեւս, ապացուցում է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները էապես ու նշանակալի քայլերով խորացնելու իրական նպատակ այս իշխանությունը չի ունեցել ի սկզբանե եւ այսօր էլ չունի:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031