Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտասովոր աշխուժություն Արթիկում․ բացվեց երիտասարդների տունը՝ Շիրակի գրեթե բոլոր պաշտոնյաների մասնակցությամբ

Հուլիս 09,2024 23:54

Արթիկում  այսօր արտասովոր աշխուժություն էր․  մարզխորհրդի արտագնա նիստից բացի, որը  տեղի էր ունենալու այս քաղաքում, «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացումն էր։

Շիրակի մարզի գրեթե բոլոր պաշտոնյաները՝ մարզպետը, մարզպետարանի ողջ անձնակազմը, համայնքապետերը, վարչական ղեկավարները  նախևառաջ մասնակցեցին  Արթիկ խոշորացված համայնքի համար կարևոր այս իրադարձությանը, որը ուղեկցվում էր երգ-երաժշտությամբ,  պատանի դհոլչիների կատարմամբ, ազգային  պարերով։

Նշենք նաև, որ մասնակցում էին այն մարզերի համայնքապետերն ու համայնքապետարանների ներկայացուցիչները, որտեղ արդեն գործում են նման կենտրոններ, օրինակ՝  ներկա էին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։

Արթիկի երիտասարդների տունը Հայաստանում թվով 6-րդն է։ Առաջինը բացվել է Գյումրիում՝ 2018 թվականին, այնուհետ՝ Սպիտակում, Գավառում, Արմավիրում, Էջմիածնում։

Երիտասարդների տներում ոչ ֆորմալ կրթություն ապահովող բացառիկ մոդել է կիրառվում, դրանք մեծ դերակատարություն ունեն 13-18 տարեկան պատանիների ու երիտասարդների ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, զբաղվածության, բարեկեցության ապահովման, առողջ ապրելակերպի ու մասնագիտական կողմնորոշման հարցերում։

Երիտասարդների տները համարվում են ապահով տարածք նրանց համար։ Բացի այդ, նման կենտրոնների հիմնադրմամբ զգալի աշխատատեղեր են ստեղծվում տվյալ համայնքներում։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս մեկ տարի առաջ եռակողմ հուշագիր է կնքվել «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Արթիկի համայնքապետարան միջև՝ Արթիկում երիտասարդների տուն հիմնելու համար։

Արթիկի համայնքապետարանը տրամադրել է իր ենթակայության ներքո գտնվող տարածք, որը վերանորոգվել, կառուցապատվել,  գույքով ու տեխնիկայով ապահովվել է ԵՆԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։

 

«Երկար քննարկումներ էին ընթանում, թե Շիրակի մարզի որ համայնքում բացել երիտասարդների տուն և երկու համայնքների միջև էինք տատանվում։ Արթիկի համայնքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո համոզվեցինք, որ այստեղ կան մեծ թվով պատանիներ, 13-18 տարեկան դեռահասներ և երիտասարդներ ու չկան համապատասխան հնարավորություններ ու հարթակներ։

Այս կենտրոնը բացառիկ է նրանով, որ նախատեսված է օրական առնվազն 25, առավելագույնը մինչև 35 պատանիների ծառայություններ մատուցելու համար, բայց մինչ այս պահը նրանց թիվը եղել է 55։ Ունեցել ենք օրեր, որ մինչև 126 շահառու են այցելել։ Իհարկե, սա խնդրահարույց է, քանի որ տարածքը բավականին փոքր է ու այդքան մեծ թվով պատանիների ու երիտասարդների համար նախատեսված չէ։

Եթե մյուս տեղերում հատուկ միջոցառումներ էինք կազմակերպում, որպեսզի կարողանայինք երիտասարդներին հավաքագրել, այստեղ ոչինչ չենք արել, պաշտոնական բացումը չեղած՝ արդեն մեկ ամսվա ընթացքում շուրջ 150 երիտասարդ այցելել են։

Այս կենտրոնը, ըստ հուշագրի, տարեկան ծառայություն պիտի տրամադրի 350 պատանու համար, բայց մենք  ընդամենը մի ամսվա ընթացքում արդեն 150 պատանու ենք ծառայություն մատուցել։

Երիտասարդների տան ստեղծմամբ համայնքապետարանը մեր միջոցով՝ որպես մասնագիտական կառույցի, երիտասարդական համայնքային ծառայություն է մատուցում համայնքի երիտասարդների համար։

Սա ներդրում է Արթիկ համայնքում երիտասարդների զարգացման համար, իսկ երիտասարդների զարգացմանն ուղղված ցանկացած ներդրում ներդրում է համայնքի ապագայի մեջ», -ասաց Արթուր Նաջարյանը։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ մոտ օրերս Գյումրիում ու Արթիկում հյուրընկալելու են 20 երիտասարդների՝ 4 եվրոպական երկրներից, որոնք  մեկ ու կես ամսով գալու են՝ երիտասարդների միջազգային օրը կազմակերպելու համար։

Իրադարձությանը մասնակցող ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ իր ելույթում վստահություն հայտնեց, որ կառույցը էական նշանակություն կունենա Արթիկի երիտասարդների կյանքում՝ կփոխի նրանց ներկան։

«Խորհրդանշական է, որ կենտրոնը բացվում է «Երիտասարդության մասին» օրենքի ընդունման շրջանակներում։ Ուրախությամբ տեղեկացնեմ, որ վերջնական փուլում են գտնվում օրենքի մշակման աշխատանքները, առաջիկայում մենք դա ամփոփելու ենք և ներկայացնենք կառավարություն»,-ասաց փոխնախարարը։

Նա նաև նշեց, որ պետական միջոցներով մինչև 2026 թվականը Հայաստանը կունենա 25 կենտրոններ, սակայն այդ թիվն ավելանում է՝ ի շնորհիվ նման նախաձեռնությունների։

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ  Սիլվիա Մեստրոնիի էլ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձով կարող է ասել, որ ոչ միայն Հայաստանում,  այլ ողջ աշխարհում անչափ կարևոր է երիտասարդներին տրամադրել  ապահով տարածքներ, որտեղ նրանք կաշխատեն միասին, իրենց ստեղծագործական ներուժը կիրացնեն։ Եվ ոչ ֆորմալ կրթությունը շատ լավ կարող են համադրել դպրոցներում ստացող ֆորմալ կրթության  հետ։

Ելույթ ունեցավ նաև ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության փոխդեսպան Նիկոլաս Պասամանը, որը նշեց՝ կենտրոնը հարյուրավոր երիտասարդների կյանքեր է փոխելու։

Ի դեպ, այս նախաձեռնությունն իրականություն էր դարձել Արգենտինայում հայ համայնքի և «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցով։

Ընթերցվեց  «Հայաստան համահայկական հիմնադրամի» Արգենտինայի տեղական մարմնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեքս Կալպակյանի նամակը՝ ուղղված հայ երիտասարդներին։ Նամակն անչափ հուզիչ էր։

«Սիրելիներ, հեռու է Արգենտինան, բայց մոտիկ են մեր սրտերը, ահա գալիս ենք մեր ներդրումը դնելու մեր հայրենակիցների բարեկեցության համար։ Հեռավորությունը թույլ չի տալիս մեզ հողը պահել, թույլ չի տալիս հողը մշակել, մենք չեն կարող ամեն օր պայքարել հայրենիքի բարգավաճման համար, բայց  կարող ենք գոնե  ինչ-որ մի փոքր չափով նպաստել այս պարագայում փոքրիկների և երիտասարդների զարգացմանը», մասնավորապես գրված է նամակում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031