Քրեական արդարադատությունը բազմաբովանդակ ու դատավարական տարբեր սուբյեկտների կողմից իրականացվող տարբեր գործառույթների դատավարական բախում ենթադրող մրցակցային գործընթաց է, որի ընթացքում մրցակցող կողմերը ի թիվս այլնի, իրենց դիրքորոշումը կամ մոտեցումն առաջ մղելու համար փորձում են վիճարկել այս կամ այն դատավարական ակտը՝ դատավարության հանրային մասնակցի որոշումը, գործողությունը կամ անգործությունը:
Մինչդատական վարույթում հատկապես առավել սուր մրցակցություն է ձևավորվում դատական երաշխիքների վարույթում, երբ անձի սահմանադրական իրավունքների ու ազատությունների ագրեսիվ միջամտության որոշ դեպքեր դառնում են դատական քննության առարկա: Դրանց շարքին են դասվում մեղադրյալի նկատմամբ կալանքը կամ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները, որոնք քննարկվում և լուծում են ստանում դատարանի կողմից, որի կայացրած որոշումները կարող են բողոքարկել ինչպես պաշտպանության, այնպես էլ մեղադրանքի կողմը: Առաջին հայացքից կարծես սովորական դատավարական իրավունք է, որի գոյությունը պետք է պարտադիր պայման լինի հավասար ու մրցակցային դատավարության համար, բայց դատական պրակտիկան ցույց է տալիս, որ այդ իրավունքը հաճախակի է չարաշահվում: Գուցե այն չարաշահում է նաև պաշտպանության կողմը, բայց դրանց առավել ակնհայտ դեպքերը տեղի են ունենում դատախազության հեղինակությամբ:
Պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ դատախազությունը ակնհայտ անհիմն ու ձևական բողոք է ներկայացնում դատական երաշխիքների վարույթում դատարանի կայացրած որոշումների դեմ: Դրանք անհիմն ու ձևական են լինում հաճախ այն աստիճան, որ բովանդակային առումով ոչինչ ավելի չեն պարունակում, քան քննիչի կողմից ներկայացված միջնորդության բովանդակությունն է: Վերաքննիչ դատարանի պրակտիկան բավարար է այդ բողոքների հիմնավորվածությունը գնահատելու համար, քանզի ընդհանուր իրավասության դատարանի ակտերի բեկանման վիճակագրությունը չի գերազանցում տասը տոկոսը: Սա վկայում է այն մասին, որ իրականում բավականին մեծ է անհիմն բողոքների թիվը, որոնց քանակն առաջին հերթին ապահովում է հենց դատախազությունը:
Գուցե ներկայացված հանգամանքին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը չլիներ, եթե չլինեին այս արատավոր պրակտիկայի անցանկալի ու ռեսուրսատար հետևանքները: Վերադաս դատական ատյաններ ներկայացված ցանկացած ձևական ու անհիմն բողոք իր ազդեցությունն է ունենում դատավարության գրեթե բոլոր մասնակիցների և քրեական արդարադատությունն ապահովող պետական մարմինների վրա: Այդպիսի յուրաքանչյուր դեպքում պաշտպանության կողմը ստիպված է լինում հակադարձել բողոքին, գրավոր պատասխան ներկայացնել, ակտը կայացրած դատարանը ժամանակ է ծախսում բողոքարկվող գործը վերադաս դատական ատյան ուղարկելու համար, վերադաս դատարանը բողոքը վարույթ է ընդունում ու քննում այն (պրակտիկ աշխատողները գիտեն, թե երբեմն այդ գործընթացը քանի անգամ է կրկնվում միևնույն քրեական վարույթի շրջանակում):
Կարդացեք նաև
Դրանք ռեսուրսներ են, որոնց խնայումը պետք է լինի դատավարության հանրային մասնակիցներից յուրաքանչյուրի գործունեության ընթացքում և որոշումներ կայացնելիս գնահատման ենթակա կարևորագույն չափանիշերից մեկը, իսկ համընդհանուր այդպիսի մտածողություն ձևավորելու համար պետք է լրջագույն ջանքեր գործադրել: Այս արատավոր պրակտիկայի վերանայումը պետք է դառնա գլխավոր դատախազության առաջիկա խնդիրներից մեկը: Հարկ է բացառել պետական մարմնի կողմից խիստ կանխատեսելի, անհիմն ու ձևական գործելու ցանկացած դրսևորում, այն ամոթալի է ոչ միայն տվյալ մարմնի, այլև ողջ պետության համար:
Երբ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք գործելիս փորձում են իրենց ապահովագրել դատախազությունից, դա հասկանալի է, բա քրեական հետապնդման գործառույթը տնօրինող դատախազությո՞ւնն ինչից է ապահովագրվում:
Փաստաբան Գուրգեն Ներսիսյան