«Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով օրերս ՔՊ-ական մի խումբ պատգամավորների Կիրանց կատարած այցին եւ նրանց արած հայտարարություններին՝ ասաց. «Համոզված եմ, որ այս այցի նպատակը քարոզչական-տեղեկատվական է, իսկ թիրախը եւ հասցեատերը Ադրբեջանն է, ավելի որոշակի՝ միջազգային հանցագործ, ցեղասպան Ալիեւը, որի կամքը ՔՊ վարչախումբը կատարում է: Բոլորովին պատահական չէ, որ ՔՊ-ն իր պատգամավորական համախմբով դարձյալ հայտնվեց Կիրանցում: Դա իմ մատնանշած տեղեկատվական-քարոզչական ծրագրի մի կարեւորագույն բաղկացուցիչ մասն էր՝ տարածելու համար կեղծ տեղեկատվություն: Այն խոսքը, թե այնտեղ հանդարտություն է տիրում եւ երկրի հանձնումը թող այդպես լինի, ըստ էության միակ ճշմարիտ խոսքն է, որովհետեւ «թող այդպես լինի»-ն նշանակում է, որ իրենց ծրագիրն ընթանա այդպես հարթ, անխոչընդոտ եւ հանդարտ:
Իրենց ցնծությունը ուղղակի հարված, հեգնանք է ընդդիմադիր եւ ընդհանրապես ամբողջ հայ հասարակությանը, որը լռելյայն կամ արդյունավետ գործողություններով չի հակադրվում իր իսկ ստեղծած ինքնիշխան եւ անկախ պետության հանձնմանը: Իսկ Նիկոլ Փաշինյանն այնտեղ գնացել էր՝ ստուգելու այդ ընդունում-հանձնման գործընթացը: Այսինքն, եւս մեկ անգամ հավաստիանալու, որովհետեւ որքան էլ իրենք ձեւացնեն, որ հանդարտ են եւ չեն անհանգստանում Հայաստանի հանձնման ընթացքի կատարման գործընթացի վերջնարդյունքով, իրողությունը ցույց է տալիս, որ նրանք ունեն ներքին վախեր եւ անընդհատ գնում են ստուգելու, որպեսզի պարզեն, թե իրականում արդյոք արդյունավետ դիմադրության քայլեր կատարվում են, թե ոչ:
Հեյդար Ալիեւը երեւի չէր էլ սպասում, որ իր որդուն կհաջողվի հայաթափել ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը, որի այսպես կոչված պատգամավորները՝ Կիրանց մեկնածները, պատգամավոր չեն, նրանք երեսփոխաններ են: Արեւմտահայերենից արեւելահայերեն անցած այդ բառը ցույց է տալիս, որ այդ մարդիկ ամեն անգամ ամեն պատվերին զուգընթաց փոխում են իրենց դեմքը»,-ասաց տիկին Դիլբարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ