ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան հայտնվել են քաղաքական տարբեր ճոճանակների վրա: Երբ բրիտանացիները ճնշող մեծամասնությամբ ընտրեցին պրագմատիկ կենտրոնամետ կառավարություն, երեք օր անց՝ Ֆրանսիան գնաց հակառակ ծայրահեղության: Կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստեղծվեց կախյալ խորհրդարան, որտեղ ուժեղացան և՛ ծայրահեղ աջերը, և՛ ծայրահեղ ձախերը:
Լոնդոնում քաղաքական տուրբուլենտ ժամանակաշրջանը, որը սկսվել է դեռևս 2016 թվականին՝ «Brexit»-ի քվեարկությամբ, կարող է վերջապես ավարտվել: Փարիզում՝ ընդհակառակը, նոր է սկսվում։ Նույնիսկ այն հանգամանքը, որ ծայրահեղ աջակողմյան Ազգային միավորումը երկրորդ փուլում ավելի վատ հանդես եկավ, քան ընտրությունների առաջին փուլում էր, այնուամենայնիվ հնարավոր չէ թաքցնել փաստը, որ ցենտրիստների դիրքերը ֆրանսիական քաղաքականության մեջ նվազում են, և դրա հետ մեկտեղ թուլանում է նաև նախագահ Էմանուել Մակրոնի հեղինակությունը:
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքական ցիկլերն այս փուլում համաժամանակյա չեն։ Հակառակ վաղեմի մրցակցությանը, երկու երկրների համար այսօր, առավել քան երբևէ, իմաստ ունի լինել նույն հարթության վրա և համագործակցել: Նրանք հարևան և դաշնակից ժողովրդավարություններ են՝ համեմատելի բնակչությամբ: Երկուսն էլ պահպանում են գերտերության որոշ հայտանիշներ, ինչպիսիք են միջուկային զենքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամությունը, բայց չունեն տնտեսական այնպիսի հզորություն, որը լիարժեք կպաշտպանի բացարձակ ինքնուրույն քաղաքականություն վարելու նրանց շանսերը:
Կարդացեք նաև
Ե՛վ Ֆրանսիան, և՛ Մեծ Բրիտանիան, տարբեր ժամանակաշրջաններում փորձել են առաջատար դեր խաղալ կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային ջանքերում: Երկու երկրներն էլ լուրջ են վերաբերվում Ռուսաստանի «սպառնալիքին» և վճռականորեն աջակցում են Ուկրաինային։ Վերջին տասնամյակների ընթացքում Ֆրանսիան և Բրիտանիան նաև Եվրոպայի առաջատար ռազմական ուժերն են եղել, թեև դա կարող է փոխվել ժամանակակից Գերմանիայի վերազինման արդյունքում:
Սակայն Մեծ Բրիտանիայի իրական ազդեցությունը Եվրոպայի ապագայի վրա սահմանափակվեց Brexit-ով: Օգտվելով բրիտանացիների բացակայությունից՝ Մակրոնը որոշեց ինքնուրույն ձևակերպել իր ծրագրերը՝ ԵՄ ապագայի հարցում։ Սակայն Եվրոպայում առաջնորդության նկատմամբ Ֆրանսիայի առաջնորդի հավակնությունները առաջիկայում հավանաբար կթուլանան, ինչպես նաև հավանաբար կթուլանա նրա ներքին քաղաքական մանդատը:
Այնուամենայնիվ, միջազգային խնդիրները, որոնց արդեն բախվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Եվրոպան, չի բացառվում, որ սկսեն ավելի սրվել հաջորդ տարիներին: Ուկրաինայում հակամարտությունը կարծես թե մտել է փակուղի, և աճում է նաև ռուսական ճեղքման հեռանկարի շուրջ եվրոպական անհանգստությունները: Տարեվերջին Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահությունը կարող է նոր իրավիճակ ստեղծել նաև ՆԱՏՕ-ի և միջազգային առևտրային համակարգի համար: Դա, իր հերթին, նոր մարտահրավերներ կարող է առաջ բերել Եվրոպայի կայուն զարգացման ու անվտանգության համար։
Տեսականորեն, Ֆրանսիային և Բրիտանիային սպառնացող այս ընդհանուր մարտահրավերների պատասխանն ինքնին հուշում է ավելի սերտ համագործակցություն և լայն եվրոպական դաշինքի ձգտում՝ նվազեցնելու համար մայրցամաքի խոցելիությունը: Իրականում, ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Միացյալ Թագավորության քաղաքականության մեջ վերջին փոփոխությունները ավելի կբարդացնեն նման համագործակցությունը։ Եթե Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունն արտացոլի քաղաքական արմատականների առաջնահերթությունները, ապա դա հակասության կհանգեցնի Մեծ Բրիտանիայի նոր կառավարության տեսակետների հետ։ Ե՛վ ծայրահեղ ձախերը, և՛ ծայրահեղ աջերը Փարիզում շատ ավելի կողմնակից են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, քան Մակրոնի, կամ Սթարմերի կառավարությունները:
Սթարմերի լեյբորիստական կառավարության պատկերացումներն ավելի համահունչ են Գերմանիայի իշխող կոալիցիայի ներկայիս քաղաքականությանը՝ սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցի գլխավորությամբ: Եվ իսկապես, իր պաշտոնավարման երկրորդ օրը Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Դեյվիդ Լամմիին Բեռլինում ընդունեցին ակնհայտ ջերմությամբ։
ՄԹ նորընտիր վարչապետ Սթարմերը և Լամմին ընդգծված եվրոպամետ հակումներ ունեն, թեև նրանք պետք է հաշվի առնեն այն փաստը, որ Բրիտանիան ԵՄ անդամ չէ, ինչը լեյբորիստական կառավարությունը խոստացել է չփոխել: Փոխարենը, նրանց նպատակն է համաձայնության գալ ԵՄ-ի հետ անվտանգության նոր պայմանագրի շուրջ, սակայն «անվտանգությունը» սահմանել հնարավորինս լայն իմաստով՝ ներառելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են էներգետիկան, կլիման, օգտակար հանածոները և այլն: Սա, իր հերթին, կլինի այն լծակը, որը դուռ կբացի ԵՄ-ի հետ ընդհանուր առմամբ ավելի մեծ համագործակցության համար՝ առանց շոշափելու ԵՄ միասնական շուկայում Մեծ Բրիտանիայի անդամակցության կամ մաքսային միության զգայուն հարցերը:
Թեև ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ավելի սերտ համագործակցության վերաբերյալ լեյբորիստների գաղափարները ողջունվեցին Գերմանիայում, Լեհաստանում և Շվեդիայում, այնուամենայնիվ անվտանգության նոր պայմանագրի վերաբերյալ Ֆրանսիայի արձագանքը՝ մնում է վճռորոշ: Սակայն Ֆրանսիան կարծես պատրաստվում է ավելի շատ կենտրոնանալ իր ներքին խնդիրների շուրջ, և կարող են երկար ամիսներ անցնել, մինչև նրա կառավարությունը կարողանա համարժեք արձագանքել համաեվրոպական խնդիրներին»: