Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ առաջին անգամ կարդում եմ սցենարը, այն ինձ խելքահան է անում. Քեւին Սփեյսի

Հուլիս 09,2024 19:22

Հոլիվուդյան ժպիտով, տիտղոսավոր դերասանին վայել մոտեցմամբ կրկնակի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր եւ սցենարիստ Քեւին Սփեյսին ողջունեց Կինոյի տան մեծ դահլիճում իրեն սպասողներին, որոնց թիվը 2 անգամ ավելի շատ էր, քան դահլիճի աթոռներն էին:

«Ինձ համար ամեն ինչ սկսում է գիտե՞ք որտեղից… դերասանի աշխատանքը գրված սցենարին ծառայելն է…Ես պետք է շղարշը բացեմ, մաքրեմ, հետազոտեմ զարկը, մարտահրավերը, գաղափարները…Ես իմանամ, թե որոնք են այդ գաղափարները, ինչ է ցանկացել գրողը, որ զգա լսարանը…Եթե ես ուզենամ գնամ մեկին կպչեմ, ինձ իհարկե կասեն՝ չէ, դա չենք ուզել տեսնել…Նաեւ որակն է կարեւոր, գրվածի որակը…որ գրողը կարողանա լավ դերասան կերտել….Դա անընդհատ գործընթաց է, որովհետեւ երբ ես կարդում եմ սցենարը առաջին անգամ, այն ինձ իսկապես խելքահան է անում…Ասում եմ՝ Աստված իմ, այս ինչ հրաշալի պատմություն է…Սա հենց այն փորձառությունն է, որ պետք է տեսնես հենց առաջին անգամ ֆիլմը նայելիս: Ես ուզում եմ անընդհատ հետ գնալ հենց այդ առաջին թարմությանը, հենց այդ վայրկյանին, ուզում եմ դու էլ դա զգաս»,-դերասանի առաքելության մասին խոսելիս նշեց Քեւին Սփեյսին:

Ի թիվս այլնի, նա անդրադարձավ Ալան Պարկերի «Դեյվիդ Գեյլի կյանքը» ֆիլմին, որ ցուցադրվում է «Ոսկե ծիրանի շրջանակում, եւ որի գլխավոր դերերում նկարահանվել են ինքն ու Քեյթ Ուինսլեթը։ Խոսեց այն ռեժիսորներից, որոնց հետ երբեւէ համագործակցել է եւ իրեն բախտավոր համարեց:

Մեծանուն դերասանը նշեց, որ թատրոնում եւ կինոյում խաղալու մեթոդաբանությունը տարբեր է, բայց լավ դերասանն ամեն տեղ էլ լավ է խաղում, ուղղակի ֆիլմի դեպքում շատ փող են աշխատում: Նա Ջեք Լեմոնին էլ անդրադարձավ ու մի զվարճալի դրվագ հիշեց. «Ջեք Լեմոնի հետ մի պատմություն կա, դա իր առաջին ֆիլմն էր որպես դերասան: Նա հեռուստատեսությունում էր աշխատել, Ջուդի Հոլիդեյի հետ էր աշխատելու՝ Քենոնի կողմից գրված սցենարով: Առաջին տեսարանն էր նկարվում, Ջոնը մոտեցավ ու ասաց՝ Ջեք, արի մի անգամ էլ փորձենք ուղղակի մի քիչ պակաս, հետո մի քանի անգամ նորից էին փորձում, ասում էր լավ է, բայց մի քիչ էլ պակասեցրու, էլի պակաս, էլի պակաս… Ի վերջո Ջեքն ասում էր՝ եթե մի քիչ էլ պակասեցնեմ, կստացվի, որ դեր չեմ խաղում: Ջոն ասաց՝ հենց էդ է, որ կա, այն է, ինչ ուզում եմ»:

Խոսք գնաց արվեստագետի տաղանդի եւ հմտությունների համատեղման մասին: «Իհարկե կան կտորներ, որ դերասանն ուղղակի պետք է աշխատի ֆիլմում…Դու պետք է ունենաս ձայն, որպեսզի լսարանը շրջվի ու ասի՝ ով էր հենց նոր խոսում, դու պետք է հնարավորություն ունենաս, որ քեզ լսեն…Մարզական կարգավիճակ պետք է ունենաս թատրոնում, իսկ կինոյում պետք է նայես պատմությանը ու նախ եւ առաջ սերտես այս կանոնները՝ մինչ կկանգնես տեսախցիկի առաջ»,-ասաց Սփեյսին:

Նա հիշեց իր մայրիկին, որ իրեն մշտապես տանում էր ներկայացումների ու ֆիլմերի դիտման, հիշեց, թե ինչպես էր մայրը ծիծաղում դերասանների գեղեցիկ խաղը վայելելիս, հետո ինքն էր կրկնօրինակում դերասաններին ու ստիպում էր, որ մայրը ծիծաղի իր խաղի վրա: Սփեյսին հիշեց Ալ Պաչինոյին, որը երաշխավորել էր իրեն ֆիլմերից մեկում նկարահանվելու համար:

Օսկարակիր ռեժիսոր Սեմ Մենդեսի մասին էլ խոսեց, ասաց, որ Մենդեսով միշտ հիացել է որպես թատրոնի ռեժիսոր. «Նա ուրույն ոճ ուներ թատրոնում, դիզայնը, լուսավորությունը, ինչպես էր աշխատում դերասանների հետ…Տարիներ առաջ իմացա, որ ֆիլմ է անելու եւ ցանկություն ունի, որ ես խաղամ…Սեմը իր գործը շատ լավ էր անում»:

Քեւին Սփեյսիին բացի բազմաթիվ հարցեր ուղղելուց՝ երկրպագուները հայկական արծաթե մատանի նվիրեցին՝ գալիք ծննդյան օրվա առիթով, ասացին, որ այն խորհրդանշում է Կիլիկիայի թագավորությունը: Իսկ ԱՄՆ-ում համալսարան ընդունված մի երիտասարդ փող խնդրեց իր ուսման վարձի համար:

Սփեյսին անընդհատ անդրադառնում էր թատրոնին. «Թատրոնում դու կարող ես ավելի լավը լինել, աճել-զարգանալ, շատ հրաշալի պահեր են եղել ինձ համար, որոնք կախարդանք են հիշեցնում: Սա մի պահ է, որ դերասանի հետ տեղի է ունենում հենց բեմի վրա, կապ չունի Ռիչարդ 3-րդ ես խաղում, թե մի ուրիշ բան…Թատրոնն ինձ համար մի քիչ այլ է»:

Նրան անգամ ԱՄՆ-ի ընտրություններից՝ Բայդենից ու Թրամփից հարց ուղղեցին: Սփեյսին ասաց, որ չի ցանկանում քաղաքականությանը խառնվել: Ինչ վերաբերվում է ապագային, ասաց, որ վաղն արդեն իսկ ապագան է, կուզենար որոշ դեպքերում անցյալ գնալ որոշ հարցեր ավելի լավ հասկանալու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Քևին Սփեյսի-ի մասին հայաստանեան այդ յիմար վլվլուկին վերաբերող իսկական տուեալները, հետեւեալներն են՝

    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid05vY4a6f6kXTkuwVJkYeuBR3X6MT1KwUfLQrb2JquSkY3GBHaQLoDjHZnxnFro4Xzl&id=100063953917374

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031